ԿարևորՀասարակություն

Դատական նիստ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների գործով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 28-ին երկու նիստ է անցկացվել։ Ամբաստնյալները Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են։ Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ շարունակվել է Սիսիանի նախկին համայնքապետ, պատգամավոր Արթուր Սարգսյանի, իսկ Կապանի նստավայրում՝ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, Մեղրիի նախկին համայնքապետ, պատգամավոր Մխիթար Զաքարյանի դատավարությունը։

«-Ձեր աշխատանքի վայրը։

-Ազգային ժողովի պատգամավոր։

-Նախկինում որտե՞ղ եք աշխատել։

-Մեղրի համայնքի նախկին ղեկավար»։

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը պատասխանում է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Նապոլեոն Օհանյանի հարցերին։ Օհանյանի վարույթում է Մխիթար Զաքարյանի, նրա  նախկին տեղակալ Արմեն Սամվելյանի և Մեղրու համայնքապետարանի աշխատակից Արտավազդ Արզումանյանի քրեական գործը։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով՝պաշտոնեական լիազորությունների չարաշահում, և 314 հոդվածով, այն  է՝ պաշտոնական կեղծիք կատարելը։ Կոնկրետ այս դեպքում խոսքը արգելոց հանդիսացող տարածքը համայնքի գլխավոր հատակագծի մեջ չընդգրկելու և մի քաղաքացու անվամբ սեփականաշնորհելու մասին է։ Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը 40 րոպե լսելուց հետո, Մխիթար Զաքարյանը ասաց՝ անհասկանալի տերմիներ կան, և ինքը չի ընդունում իր մեղքը․

«Անկեղծ ասած, ես երբևիցե անօրինական հրաման չեմ տվել և ի վնաս համայնքի երբեք չեք շարժվել։ Եվ այս որակումները՝ շահադիտական նպատակ, դիտավորություն, հանցավոր համաձայնություն, ինձ համար ոչ միայն անհասկանալի են, ոչ միայն չեմ ընդունում, այլ վիրավորական է։ Մնացածը մեր ընթացիկ  աշխատանքն է, բազմաթիվ նման գործարքներ ենք արել։ Այդ քաղաքացու տարածքն է եղել, դիմել է՝ սեփականաշնորհել ենք»։

Մյուս երկու ամբաստանյալները ևս՝ Արմեն Սամվելյանն ու Արտավազդ Արզումանյանը, իրենց մեղավոր չճանաչեցին։ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ մեղադրանքի որոշ կետեր անհասկանալի էին․

«Օրինակ՝ ջրայի օբյեկտների և ավազանների առափնյա շերտեր, մենք յուրանքաչյուրս կարող ենք պատկերացնել, վերլուծություն անել՝ հասկանալու, թե դա ինչ է։  Եթե այս տերմինները առանցքային նշանակություն ունեն, կարծում եմ՝ մեղադրող կողմը պիտի պարզաբանի, որպեսզի դատարանն ու պաշտպանական կողմը հասկանան»։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը մեղադրող կողմին պարզաբանման հնարավորություն տվեց։

Դատախազ Արմեն Օսեյան․ «Ջրային օբյեկտը հենց Շամբ կոչվող լիճն է, իսկ առափնյա հատվածն անմիջապես դրա հարակից հատվածն է, մասնավորապես, 0,480 չափով, որը օտարվել է»։

Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ ասվածը չի կարող համարվել պարզաբանում, քանի որ այդպես էլ չհասկացվեց, թե ինչ նկատի ունեն՝ առափնյա հատված ասելով։  Դատարանն ուսումնասիրեց քրեական գործում առկա ապացույցները և մինչև աշխատանքային օրվա ավարտը լսեց վկաներին։

Ցուցադրել ավելի
Back to top button