ԿարևորՀասարակություն

Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը․ 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգու մոտ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու կասկածանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, հրազենային մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button