ԿարևորՀասարակություն

Առնվազն 10 հազար վտանգավոր վարորդ՝ ամեն օր ղեկին․ կարգը խախտում են նաև պարեկները

Չնայած բալային համակարգի և պարեկային նոր ծառայության ներդրմանը՝ այսօր 10 հազարից ավելի վարորդ երթևեկում էառանց վարորդական իրավունքի։ Մտահոգիչ այս դիտարկումը «Ռադիոլուրին» փոխանցել է Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

Կառավարության որոշմամբ՝ երթևեկության կազմակերպումը  ոստիկանության պատասխանատվությանն է, մինչդեռ ոստիկանությունը միայն մայրաքաղաքում է կարգավորում երթևեկությունը, իսկ մարզերում դրանով ՏԻՄ-երն են զբաղվում։ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը երկրում շարունակում է խիստ մտահոգիչ մնալ, ու մասնագետները դրա հիմական պխատճառներն են մատնանշում։

Երթևեկության բալային համակարգի և պարեկային նոր ծառայության ներդրումը թվում էր՝ պետք է նվազեցնի խախտումների, վթարների և զոհերի թիվը։ Իրականությունը, սակայն, հակառակն է փաստում։ Պատահարները ոչ միայն չեն նվազել, այլև շատացել են։ Այս տարվա  8 ամիսներին ունեցել ենք շուրջ 270 զոհ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝  արդեն իսկ 60-ով ավելին է։ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ զոհերի մեծ մասը մարզերում տեղի ունեցող վթարների ժամանակ ենք ունենում։ Պատճառները շատ տարբեր են, իսկ ճանապարհային կահավորանքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է համարում, քանի որ դրանք պարզապես բացակայում են։

Սերգեյ Ղահրամանյան. «Պատճառները տարբեր են՝ լուսավորություն, ճանապարհների սխալ կահավորանք, պատասխանատուների ոչ կոմպետենտ պահվածք։ Այդ ամենի մեղավորները ՏԻՄ-երն են։ Դրա հետ մեկտեղ նաև հանրության  մի մասը «ջանասիրաբար» է այդ խախտումներն իրականացնում, ինչը բերում է նման ծանր  հետևանքների»։

Ղահրամանյանը նկատում է՝ վերջին տարիներին ավտովթարներից մահերի ամենափոքր թիվը 2016 թվականին էր, երբ շատ խիստ էր ամրագոտու նկատմամբ վերահսկողությունը։ Այդ տարի եղել է 267 մահվան ելքով վթար:Հաջորդ տարիներին այդ թիվը սկսել է աստիճանաբար աճել։ Համակարգում մեծ հույս ունեին, որ բալային համակարգը պետք է բեկում մտցներ խիստ մտահոգիչ վիճակագրության մեջ։  Բայց «բայցերը» շատ են՝ ասում է զրուցակիցս։

«Վարորդական վկայականից զրկելու կամ վարորդականի կասեցման 10 հազարից ավելի դեպք ունենք, բայց ոստիկանությունն այս պահին չունի այն տեխնիկական սարքավորումները, որոնցով ավտոմատ կբացահայտի հետախուզումը։ Ուստի նման վարորդներին հայտնաբերելը պատահականության արդյունքում է լինում»։

Որ բալային համակարգն իրեն չի արդարացնի՝  ամիսներ շարունակ պնդում էր նաև երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Լավ գաղափար է՝ իրացման սխալ մեխանիզմով՝ ասում է։ Իրավախախտ վարորդն անգամ կասեցված իրավունքով ու առանց վարորդական վկայականի կվարի և, մեծ հավանականությամբ, աննկատ կմնա։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյան․«Հայաստանում ներդրվել է, Հայաստանում չի աշխատում։ Ենթադրենք՝ 3300 վարորդի վկայական կասեցվել է, 3300-ով պետք է պակասեր երթևեկողների թիվը, բայց չի պակասում, նույնիսկ սոցհարցում ենք արել, մարդիկ ցանկություն էլ չունեն զիջումների գնալ կամ օրենքին ենթարկվել։ Օրենքին ենթարկվելը պետք է միշտ «գլխավերևում կախված փայտով լինի»:

Արտակ Խաչատրյանն ընդունում է՝ որոշակի խստացում, այնուամենայնիվ, նկատելի է, բայց բալայինի հետ դա որևէ կապ չունի. քանի դեռ ամբողջական վերահսկողություն չկա, առանձին այդ համակարգը չի գործելու։ Վերահսկողությունը վերապահված է վերջերս ներդրված պարեկային ծառայությանը, բայց դա էլ կարծես չի արդարացնում։ Ավելին՝ 2 ամսվա գործունեության ընթացքում կարծես ավելի շատ դժգոհություն կա ծառայությունից, քան գոհունակություն։ Երբեմն համացանցում դժգոհություններ են հնչում, թե հենց կարգ հաստատող պարեկներին է պետք կարգի հրավիրել։  «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որքան էլ տարօրինակ հնչի, սա բնական է համարում, նկատում է՝  Երևանում ծառայող ավելի քան 750 պարեկները մեր հասարակության ներկայացուցիչն են, և իրենք էլ չեն կարող մեկ մարդու նման իդեալական պարտաճանաչ և կարգապահ լինել։

Նույնիսկ մեկ դասարանում 20-25 երեխաների մեջ բոլորը կարգապահ չեն, այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք։ Պարեկները դարձել են պարեկ հանրության ներկայացուցիչների կողմից։ Նրանց շուրջ 80 տոկոսը մեր քաղաքացիների շարքերից են, և եթե իրենք կարգապահ չեն, միգուցե քննություներն անցել են, բայց հինգ ամսում դժվար թե դառնային կարգապահ, որովհետև մեր հանրությունը դեռևս հեռու է կարգապահ լինելուց։

Ոստիկանության պարեկային ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնենք Երևանի փողոցներում՝  Նիկոլ Փաշինյանի վստահեցումն էր, երբ համակարգի աշխատանքը նոր էր մեկնարկում։ Մինչդեռ Ղահրամանյանը նկատում է՝ պարեկային ծառայության պարեկներին էլ ժամանակ է պետք։ Իրենք էլ նոր են և սխալների իրավունք ունեն, ոստիկանությունում նրանց սխալները քննող ստորաբաժանում կա, ու այն նաև դրանք շտկելու ժամանակ է տալիս։

Ես տեսել եմ նաև ծխախոտով պարեկների, տեսել եմ նաև, որ փորձում է աննկատ ծխել, ապա շարունակել ծառայությունը։ Այո, անգամ վթարներ են եղել նրանց մասնակցությամբ։ Հիմնականում ծառայողական դեպքեր են եղել։ Չնայած քանի որ համայնքային ոստիկաններ են, իրենք էլ պետք է ուշադիր լինեն և շատ հստակ արձագանքեն ճանապարհային անբարենպաստ պայմաններին։ Իսկ Սևանում  պարեկի մասնակցությամբ այն դժբախտ պատահարը, ըստ լուրերի, հոգնածության հետևանք է եղել։

Պարեկներն աշխատում են 12 ժամ, և գերհոգնածությունն էլ կարող է խնդիրներ առաջացնել՝ նկատում  է Ղահրամանյանը և առաջարկում կրճատել նրանց ժամերն ու ծանրաբեռնվածությունը։ Ինչ վերաբերում է երթևեկության վերահսկողությանը, այստեղ խնդիրն ավելի է բարդանում։ Քանի դեռ առանց վարորդական վկայականի մեքենայի ղեկին նստողներ կան, ու իրավիճակը վերահսկելու մեխանիզմներ չկան, Ղահրամանյանը հորդորում է՝ զգուշացեք, ձեր կողքին համ հանդիպակաց գոտում առնվազն 10 հազար վտանգավոր վարորդ կա՝ զրկված վարորդական իրավունքից։

Ցուցադրել ավելի
Back to top button