Խճանկար

800 տարեկան ասեղնագործ, որը վերականգնվեց կես տարում․ «Խճանկար»

13-րդ դարի ընդամենը 10 սանտիմետր տրամագծով, բուսական պատկերներով ասեղնագործի մի կտորի վերականգնումը տևել է 6 ամիս։

Այդ վերականգնման աշխատանքները կատարել են ասեղնագործի վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանները։

Ասում են՝ հիմա աշխատում են ոսկեթելով ասեղնագործած մանկական հագուստի թևքերի վերականգման վրա. «Հայաստանի պատմության թանգարանում և Մատենադարանում պահպանվել են 12-13-րդ դարերի ասեղնագործ աշխատանքների պատառիկներ։ Հենց դրանց վերականգնմամբ էլ զբաղվում ենք»։

Աբգարյան քույրերը զբաղվում են ոչ միայն այդ պատառիկների վերականգման աշխատանքներով, այլ նաև իրենց փորձով են կիսվում, իրենց իմացածը փոխանցում երիտասարդներին։

«Ուրախ ենք, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև դասավանդելու։ Համոզված ենք, որ կկարողանանք բացել ասեղնագործական արվեստի պատառիկները փրկելու մի նոր ճանապարհ»,- պատմում են քույրերը։

Հոկտեմբերի 1-ին «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ Մատենդարանի 4-րդ հարկում մանրանկարչական արհեստի և ասեղնագործության դպրոց է բացվելու։ Այստեղ սովորելու են 7 տարեկանից մեծ երեխաները։ Իսկ Աբգարյան քույրերը դասավանդելու են հենց այս դպրոցում։

Ցուցադրել ավելի
Back to top button