ԿարևորՀասարակություն

Չլռող Եռաբլուրը․ սեպտեմբերի 27-ը պանթեոնում

Այսօր, 2020-ի սեպտեմբերի 27-ից մեկ տարի անց, առաջին անգամ պաշտոնապես հրապարակվեց, թե քանի մարդ է զոհվել, և քանիսն են անհետ կորել պատերազմի ընթացքում։ Զոհերի թիվը 3781 է, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Գերությունից վերադարձել են 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

11․00-ին հայտարարված լռության րոպեին Եռաբլուրում այդպես էլ լռություն չեղավ։ Չընդհատվող լացի ձայն կար՝ խառնված աշխատող տեխնիկայի ձային։ Ծանոթ ու անծանոթ՝ այցի են եկել տղաներին։ 18-ամյա Էդգար Զաքարյանի քույրը չորացած ծաղիկները  փոխարինում է  թարմով։ Արդեն մեկ տարի՝ Եռաբլուրը նրա համար հատուկ վայր է  դարձել։  Գալիս է ամեն երեկո ու գնում գիշերով։ Եղբայրը երկու համալսարան էր ընդունվել՝ ԵՊՀ և Մանկավարժական։  Նպատակներ շատ ուներ։ 12 օրվա ժամկետային զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Հենց առաջին օրը տեղափոխել են առաջնագիծ՝ Ֆիզուլի։ 

Անցած մեկ տարին Էդգարի քույրը մեկ բառով է ամփոփում՝ դժոխային․

«Սրանից վատ էլ լինել չի կարող, ամեն օր գալիս եմ։ Եթե ծնունդներ ենք ունենում, մինչև մեկ–երկուսը մնում եմ։  Մենք այստեղ արդեն դարձել ենք հարազատներ, բախտակիցներ։ Սկզբում անընդհատ երազիս տեսնում  էի Էդգարին, բայց հիմա՝ ուշ-ուշ»։

Մոտենում եմ ուրիշ շիրմաքարի, միայն կանայք  են հավաքված։ Բախշիյանների ընտանիքից երեք տղամարդ է զոհվել։ Զրուցում եմ տիկին Սիրվարդի հետ․

«Մի ամբողջ ընտանիք ծնկել է։ Այլևս արական սեռ չունենք, մեր գերդաստանը շարունակող չունենք։ Գոնե հաղթեինք։ Արամս 5-րդ պաշտպանականում էր  ծառայում, ընկել է հենց առաջին օրը՝ 715, բայրաքթարի հարվածից,Կամո Բախշիյանը հաջորդ օրն է  զոհվել, Մատաղիսում։ 2 դիրք  էին գրավել, երրորդ դիրքի գրավման ժամանակ։ Վիրավոր թուրքը տանկի միջից դուրս ա  եկել  ու 14 տարի հերոսական, մարտական ուղի անցած  տղային սպանել։  Հատուկ ջոկատային Մուրադ Բախշիյանս անընդհատ զենք –զինամթերք էր հասցնում Ջաբրայիլի ուղղությամբ՝ երեք անգամ մահից ա փրկվել, ավտոն են պայթեցրել, բայց ճարպկությամբ կարողացել է մազապուրծ ազատվել։ Զոհվեց պատերազմից հետո,ականի պայթունից»։

Եռաբլուրում 4-5 տարեկան մի աղջնակ բացում է թուղթն ու կոնֆետը դնում հոր շիրմին։ Մեկ այլ շիրմաքարի մոտ տատիկն է․

«Ո՞վ է տեսել, որ տատը խունկ ծխի թոռան վրա»։

«Վերջացավ, ժողովո՛ւրդ, պատերազմը վերջացավ»։

«Հին օրերի երգը» ֆիլմից հայտնի այս նախադասությունը 23-ամյա Էլվիսն է ասում։ Պատերազմի օրերին նա բեմադրել էր ֆիլմի այդ հատվածն ու հրապարակել տեսանյութը։  Պատերազմը վերջացավ, բայց Էլվիսը տուն չեկավ։ Նա ընկավ հրադադարից հետո։

Հիշում եմ Սիրվարդ Բախշիյանի  խոսքերը․   

«Չեմ ուզում Աստծուն քարով տամ։ Մտածում եմ, որ Աստված ամեն ինչում ճշմարիտ է, մեղքը մեր մեջ է, որ այսքան ծնկում ենք։ Պիտի շտկվենք ու առաջ գնանք, հետ շատ ենք նայում»։

Հեռանում եմ պանթեոնից, տեխնիկայի ձայնն ականջ ու սիրտ է սղոցում։ Մեկ տարի անց էլ Եռաբլուրում դեռ փոս են փորում։

Back to top button