ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ն կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները

Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կանցկացվի Ստրասբուրգում սեպտեմբերի 27-ից 30-ը՝ հիբրիդային եղանակով։ ԵԽԽՎ-ն նստաշրջանի առաջին օրը կքննարկի Պոլ Գավանի պատրաստած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը։

Զեկույցի նախագծում Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ–ադրբեջանական հակամարտության մարդասիրական ողբերգական հետևանքների համար: Նշվում է, որ այս հակամարտությունն ունեցել է երկու խոշոր բռնկում՝ առաջինը 1991 թվականի վերջից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը՝ 6-շաբաթյա պատերազմը՝ 2020 թվականին:

Պոլ Գավանը զեկույցում ներկայացրել է Հայաստան ու Ադրբեջան կատարած իր այցերի արդյունքում ձեռք բերած տեղեկատվությունը։

Նշվում է, որ վերջին վեցշաբաթյա պատերազմի ընթացքում ավելի քան 3 900 հայ և 2 900 ադրբեջանցի զինծառայող է զոհվել կամ անհետ կորել, զոհվել են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ:

Զեկուցողը նեկայացրել է նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված առաջարկություններ՝ այն քայլերի վերաբերյալ, որոնք, ըստ նրա, «կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն հումանիտար հետևանքների հաղթահարմանը,  հնարավորություն կտան շարժվել դեպի խաղաղության և հաշտության գործընթաց»։

Բանաձևի նախագծում Վեհաժողովը հիշեցնում է, որ 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին միանալով՝ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներ կիրառել հակամարտության կարգավորման համար: Հետևաբար, 2020 թ․-ի 6-շաբաթյա պատերազմն այդ պարտավորությունների խախտում է, և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Վեհաժողովը նշում է, որ եռակողմ հայտարարության 8 -րդ հոդվածի համաձայն «Պետք է իրականացվի ռազմագերիների փոխանակում …» , և որ երկու երկրներն էլ պնդում են, որ կատարել են պահանջը: Վեհաժողովը, սակայն, նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մտահոգությունները, որոնք փոխանցվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին ՝ կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան)։

Այս կապակցությամբ Վեհաժողովը․

  • նշում է, որ համաձայն Ժնևյան երրորդ և չորրորդ կոնվենցիաների, Ադրբեջանը և Հայաստանը պարտավորություններ ունեն ռազմական գործողությունների ավարտից հետո անհապահ վերադարզնել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց,
  • գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8 -րդ հոդվածի հստակ մտադրությունը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն էր ՝ առանց կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրված կարգավիճակի հիման վրա տարբերակման,
  • խորը մտահոգություն է հայտնում 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել են, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ ՝ առանց նշելու, թե որտեղ են նրանք այժմ գտնվում: Վեհաժողովին անհանգստացնում են պնդումները, որ այդ անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են,
  • կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հարցի հետաքննությունը և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին.
  • ողջունում է 2021 թվականի հունիսի 12-ին 15 հայերի ազատ արձակումը և 2021 թվականի հուլիսի 3-ին 15 անձանց ազատ արձակելը՝ ընդհանուր թիվը հասցնելով 100-ի,
  • շարունակում է մտահոգված մնալ Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և դեռ գերության մեջ գտնվող շուրջ 48 հայերի ճակատագրով, որոնցից շատեն անցել կամ անցնում են արագ քրեական դատավարությունների միջով, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն արդար դատավարության կապակցությամբ մտահոգություններ է առաջացնում,
  • կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան։
Back to top button