ԿարևորՀասարակություն

Նոր բանաձեւ՝ հին կոնֆլիկտում․ միջազգայնագետն առաջարկում է Արցախում նոր մանդատով առաքելություն

Ի՞նչ պատկեր ունենք ու ինչպիսի՞ եզրահանգումների եկանք պատերազմից հետո։  «Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտն» իր նոր զեկույցում հանգամանորեն անդրադարձել է այս հարցերին, ներկայացրել թշնամի երկրի պահվածքը։ Թշնամի երկրի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց էլ Ադրբեջանը դեռ սադրանքների է դիմում։ Նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները չեն իրագործվում։

Զեկույցում արձանագրվում է՝ Հայաստանի պետական սահմանին եւ Արցախի հետ շփման նոր գծում տարբեր տեսակի զինատեսակներ են գործի դրվում, թշնամին ներթափանցում է Հայաստանի ինքնիշխան տարածք, սպառնում խաղաղ բնակչությանը, վիրավորում ու գերեվարում է հայ զինծառայողներին։ Շահարկում է հայ ռազմագերիների հարցը, շինծու մեղադրանքներով նրանց բանտարկում։  Այս ամբողջն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից է՝ Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի հասցեին սպառնալիքներով ու ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ  հավակնություններով»,- նշվում է զեկույցում։ Այն ներկայացվել է Հայաստանում տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին։

Պատերազմը փոխեց իրավիճակը, բայց  չփոխեց Ադրբեջանի կողմից սադրանքները, տարածքային նկրտումների պատկերը։ Դա արտացոլված է «Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի» վերջին զեկույցում՝ հանգամանորեն ու փաստերով։ Նախորդ տարվա նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Ալիեւն Էրդողանի հովանու ներքո ակնհայտ հավակնություններ է ներկայացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ չխորշելով անգամ խոսել Սյունիքի մարզի, Սեւանա լճի եւ Երեւանի մասին։ «Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի» հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը թվարկում է․ «Խեղաթյուրելով նոյեմբերի 9–ի հայտարարության էությունը՝ Ադրբեջանը խախտում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Մայիսի 12–ին, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը,  մի քանի խմբերով  ներթափանցեցին ՀՀ Սյունիքի մարզի  սահմանամերձ տարածք՝ Սեւ լճի, Մեծ Իշխանասարի եւ Ծղուկ լեռների հատվածում։ Կրակոցներ եղան Գեղարքունիքի մարզի  Սոթք, Կուտ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։ 

Թիրախավորվում է սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունը։ Հրադադարի խախտման դեպքերն Արցախում շատ են։ Ադրբեջանի զորավարժությունները հարձակողական բնույթի են՝  մեծածավալ զինվորականների ներգրավմամբ, ընդ որում Թուրքիայի հետ  համատեղ։ Բաքուն միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ է թույլ տալիս՝ չվերադարձնելով հայ գերիներին։ Թշնամին խեղաթյուրում  ու ոչնչացնում է հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգությունը»,- ասվում է զեկույցում։

«Նոյեմբերի 9–ի հայտարարությունը եղել է ընդամենը հրադադարի հայտարարություն։ Բայց Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարությունները վկայում են, որ ինքնայլ լուծում (փոխզիջումային)  չի պատկերացնում, քան ուժով հարցերի լուծումն է»։

Եռակողմ փաստաթուղթը չի լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ ու քանի դեռ Ալիեւը նաեւ միջանցքի թեզ է  առաջ քաշում, ինչը չկա հայտարարությունում՝ ասաց  Ստյոպա Սաֆարյանը։

Ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը․ որո՞նք են այժմ ստեղծված իրավիճակի լուծումները․ Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության, հանրային կառավարման եւ քաղաքականության մասնագետ Սոսի Թաթիկյանին մտահոգում է՝ հայկական կողմն անգամ չի կարողանում ներկայացնել, որ Ադրբեջանն է ագրեսիա սկսել, մինչդեռ Ադրբեջանը հակառակն է ներկայացնում միջազգային հայտարարությանը ու պնդում այդ խեղաթյուրված ձեւակերպման իրական լինելը։ Իսկ բանակցային գործընթացում տարածքային ամբողջականության ու ինքորոշման իրավունքի մեկտեղումն, ըստ նրա, հանգեցրեց փակուղու։

«Հայկական կողմը ստատուս-քվոն է փորձել պահպանել՝ փոխանակ կրեատիվ լուծումներ առաջարկելու։ Սակայն մյուս կողմից հարց է՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը պրոակտիվ լիներ, քանի որ տեսնում էինք, որ հակառակորդը մշտապես ուժի սպառնալիքներ էր հնչեցնում, բացի դա՝ կային նաեւ աշխարհաքաղաքական շահեր։Կենսապահպան անջատում էր պետք Արցախին, այդ իրավունքից  կարողացան օգտվել Կոսովոն՝ մասամբ, Արեւելյան Թիմորն ու Հարավային Սուդանը՝  հիմքում դնելով էթնիկական բնաջնջման վտանգի սպառնալիքը։ Սակայն Արցախի դեպքում այդ նախադեպերը չեն օգտագործվել։ Անգամ պատերազմն էր մեզ համար անակնկալ»,– ասաց Սոսի Թաթիկյանը։

«Երբ գործարկվեց Բաքու–Ջեյհան նավթամուղը, Բաքուն շահույթը ներդրեց ռազմական արդյունաբերության մեջ ու  ռազմական գերակշռության հասավ , մինչդեռ Հայաստանը հաղթողի ինքնավստահությամբ բավարար միջոցառումներ չձեռնարկեց, որպեսզի թույլ չտար պատերազմ։ Անգամ պատերազմն անակնկալ էր»,– նշեց նա։

Հայաստանը բավարար աջակցության չարժանացավ միջազգային հանրության կողմից։ Եւ այսօր բացի Ադրբեջանից որեւէ երկիր չի համարում, թե պատերազմը լուծված է։ Այդ հակամարտությունը պետք է վերադարձնել միջազգային իրավունքի տիրույթ, կարծում է Սոսի Թաթիկյանը։  

«Միջազգային հանրության կարիքն ունենք։ ԵԱՀԿ–ի, ՄԱԿ–ի եւ ինչու չէ նաեւ ՆԱՏՕ–ի։ Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ստեղծարար լուծումներ գտնեն»։

Բաքուն անգամ սադրիչ գործողությունների է դիմում ռուս խաղաղապահների հանդեպ։ Հետեւաբար, ըստ միջազգային հարաբերությունների եւ անվտանգության մասնագետի, անհրաժեշտ է քննարկել նոր տարբերակ՝ միջազգային մանդատի ներքո առաքելության հիմնադրում Արցախում՝ կրկին ռուս խաղաղապահների հետ, բայց նրանց կողքին դիտարկելով նաեւ ԵԱՀԿ մյուս անդամների ներկայությունը Արցախում։ Իսկ սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն միջազգային իրավունքի եւ չափանիշերի հիման վրա՝ ասաց Սոսի Թաթիկյանը՝ մատնացույց անելով ԵԱՀԿ  158 էջանոց ձեռնարկը։ Եթե այդ գործընթացն իրականացվի ԵԱՀԿ ներքո, կապահովվեն սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքները։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այս համատեքստում իրար կողքի դիտարկում է Երեւանի եւ Բաքվի հակադիր դիրքորոշումների մասին։ Մինչ Ադրբեջանի ղեկավարը խոսում է հողերի մասին, Հայաստանը խոսում է մարդու իրավունքների մասին․

«Ադրբեջանի ղեկավարը խոսում է հողերի մասին, Հայաստանը խոսում է մարդու իրավունքների մասին։ Մենք պետք է անընդհատ շեշտենք, որ մեզ հետաքրքրում է մեր քույրերի ու  եղբայրների իրավունքների ապահովումն իրենց պատմական հողում, որտեղ նրանք ապրում են հազարամյակներով, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, եւ որեւէ տարածքային պահանջներ մենք չենք ներկայացնել  եւ չենք էլ ներկայացում»։

Երբ Ադրբեջանը ներկայանում է լկտի պահվածքով, մենք պետք է խոսենք իրավունքի լեզվով՝ ընդգծեց Խաչատրյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button