ԿարևորՄշակույթ

Խախտելով լռությունը․ մեկ տարի անց ՌԴ-ն արձագանքում է Արցախում հայկական հուշարձանների պահպանման խնդրին

Մոսկվան խախտում է լռությունը․ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Արմենակ Խամփերյանցի հուշարձանի ոչնչացման վերաբերյալ հարցմանը, որն ուղղել են Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդը և «Ինֆոտեկա 24»-ը։ ԽՍՀՄ ավիացիայի մարշալի հուշարձանը գտնվում է  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Մեծ Թաղեր գյուղում։

Պատասխանում,  մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը՝ ԼՂՀ տարածքում պատմամշակությաին հուշարձանների պահպանման վերաբերյալ․

«Այս հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է։ ՌԴ-ն հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և Մարդասիրական արձագանքման կենտրոնն անմիջականորեն ներգրավված են խնդրի լուծման մեջ եւ գործում են Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինների և միջազգային լիազոր կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ»։

Նույն թեմայով Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը պատասխանել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում պատմամշակութային, ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանմանը։

Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ այժմ Ադրբեջանը ամենից շատ թիրախավորել է հայկական գերեզմանոցները։ Դրանց քանդման մասին լուրերը ստանում են գրեթե ամեն օր։ Վնասում են նաև խորհրդային բանակի հայ զորավարների արձաններն ու նկարները․

«Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձաններ թիրախում են։ Մենք այս մասին ահազանգել ենք ռուս խաղաղապահներին, մի քանի դեպք հնարավոր է եղել պահպանել, մի քանի գյուղում դրանք նշանառության տակ են։ Քանդում են գերեզմանատները, վերջինը քանդել են Սղնախի գերեզմանոցը, որ ճանապարհ բացեն դեպի Շուշի»,-ասում է Լուսինե Ղարախանյանը։

Լուսինե Ղարախանյանը դատապարտում է Բաքվի այս քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը երկու ուղղությամբ է աշխատում՝ ոչնչացնում է մշակութային արժեքներն ու հայկականը ներկայացնում է որպես ալբանական, ուդիական և աղվանական։ Արցախի գրավյալ տարածքներում 2 հազարից ավելի մշակութային հուշարձան կա, մեծ մասը՝ ավերված։ Արցախի մշակույթի նախարարությունը հավաքագրել է Ադրբեջանի վանդալիզմի դրսևորումները մեկ զեկույցում․

«Նոր զեկույց ունենք։ Այն մի քանի օր առաջ ներկայացրել եմ Էջմիածնի Մայր աթոռի կազմակերպած ժողովի ընթացքում։ Այդ զեկույցը պատրաստվում ենք համալրել, և ես դա ներկայացնելու եմ մի քանի այլ միջազգային կառույցների։ Շատ բան ասել չեմ ուզում դեռ, բայց ուզում եմ հայտարարել, որ մենք նոր պայքար ենք սկսում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,-նշում է ԱՀ Մշակույթի նախարարը։

Ռուսաստանն արձագանքել է նաև Արցախի մշակույթի նախարարությանը։ Ռուսաստաի ԻԿՕՄՈՍ-ը նամակով հայտնել է, որ պատրաստ է աջակցել մշակութային ժառանգության պահպանության հարցում։ «Չնայած այս արձագանքին, որևէ առարկայական քայլ չի արվել, առհասարակ միջազգային կառույցները կոշտ և արդյունավետ քայլերի դեռ չեն գնում», — ասում է նախարարը։

Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ արձանագրում է խորհրդային պետական գործիչների հուշարձանների ավերման դեպքերը, այդ թվում՝ Խուդյակովի հուշարձանինը, և հույս է հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը առաջիկայում կայցելի տարածաշրջան: Նախարար Ղարախանյանը մեծ սպասելիքներ չունի։ Ասում է՝ Մեհրիբան Ալիևայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան լինելը կասկածի տակ է դնում  կառույցի աշխատանքն ու անաչառությունը։

Այնուամենայնիվ, նախարարը համոզված է, որ վանդալիզմը՝ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ, անպատիժ չեն մնա։ «Անհնար է աշխարհին ապացուցել, որ այս մշակույթը հայկական չէ»,-ասում է Լուսինե Ղարախանյանը․

«Կարող եմ միայն մի բան ասել․մենք հիմա ունենք ընդհանուր նպատակ և տեսլական։ Չենք պատրաստվում լքել մեր երկիրը, Արցախը պահելու ենք «հայերեն», Արցախը միշտ լինելու է Հայաստան, սա անքննարկելի է»,-ասում է Լուսինե Ղարախանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button