ԿարևորՄշակույթ

«Երևանյան հեռանկարներ»․ Եվգենի Կիսինի մենահամերգը՝ սեպտեմբերի 28-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը:

Եվգենի Կիսինն ամեն անգամ հանդես է գալիս նոր ծրագրով։

Ծրագրում՝

Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Ադաջիո սի մինոր, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 31, Ֆրեդերիկ Շոպեն՝ 7 մազուրկա և Անդանտե սպիանատո և մեծ փայլուն պոլոնեզ, մի բեմոլ մաժոր։

Այս ծրագրով դաշնակահարը ելույթ է ունենալու իր 2021-2022 թթ․ մենահամերգներին։

Եվգենի Կիսինը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել նույն փառատոնի շրջանակում՝ 2017 թվականին:

Այս տարի փառատոնի շրջանակներում սպասվում է գերմանացի աշխարհահռչակ ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերի այցը Հայաստան, իսկ արդեն 2022 թ. մայիսին Հայաստանը կհյուընկալի Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի հոբելյանական՝ 70 գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստան կժամանեն բազմաթիվ հյուրեր, ելույթ կունենան մեծանուն երաժիշտներ։

Back to top button