ԿարևորՀասարակություն

Հանրային դժգոհություններ՝ հանրային լսումների փոխարեն. Ուռուտում դեմ են հանք շահագործելուն

Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ գյուղում սեպտեմբերի 24-ի հանրային լսումներն այդպես էլ չեն կայացել: Բնակիչները 3-րդ անգամ թույլ չեն տվել «Ջին հոլդինգ լիմիթեդ» ընկերությանը հանրային լսումներ անցկացնել առաջիկա 3 տարիներին գյուղում բազմամետաղական հանքավայրի երկրաբանահետախուզական ուսումնասիրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ, ինչն արձանագրվել է նաև փաստաթղթով: Ուռուտցիներն ասում են՝ մերժում են շրջակա վտանգավոր միջավայր ու անառողջ սերունդ ունենալու հեռանկարը:

Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրը 3-րդ անգամ «ոչ» ասեց հանքարդյունաբերությանն ու թույլ չտվեց հանրային լսումներ անցկացնել: Սեպտեմբերի 24-ին «Ջին Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչ Անուշավան Ուլիխանյանին այդպես էլ չհաջողվեց ուռուտցիներին ներկայացնել իրենց ծրագրերը՝ գյուղում բազմամետաղական հանքավայրի 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

Մարդիկ կտրականապես դեմ են գյուղում հանքի բացմանը: Արմանիսի ոսկու տխրահռչակ հանքն են օրինակ բերում: Նույնը չեն ուզում տեսնել իրենց գյուղում: Աննա Անդրեասյանն անչափահաս երեխաներ ունի, մտահոգ է  թե՛ իր, թե՛ երեխաների, թե՛ գյուղի առողջության համար: Նրա կարծիքը կիսում են բազմաթիվ համագյուղացիներ:

Աննա Անդրեասյան

«Ինչի՞ս ա պետք, ես երեխա եմ բերել, որ ապրի, նենց էլ չենք ապրում, ի՞նչ  եք ուզում ժողովրդից որ իրենք հարստանան, ժողովուրդն էլ օրական դեղ խմի՞: Արմանիսի հանքը ո՞ւր ա, ընդեղի ժողովուրդը սաղ հիվանդ են, կերել են սաղ, հմի էլ հասել են Ուռուտի՞ն, չենք թողալու»

«Դեմ ենք, դա մեզ օգուտ չի, բացի վնասից: 10 հոգի ապրելու են, 1000 հոգի դժվար են ապրելու, դեմ ենք բոլորս»։

«3-րդ անգամն ենք ասում, որ էլ դեսը չգան: Ես գիտեմ էդ հանքում ինչ կա, դրա համար չենք ուզում բացեն: Բացին թե չէ, մի ամսից էս ժողովուրդը կկոտորվի, որովհետև ուրանը միջին ա, դա թույն ա»։

Սուսաննա Այվազյան

«Իմ ամուսինն 8 տարի աշխատել ա Արմանիսի հանքում, արդեն գույնը էն չի»։

«Լսենք էդ մարդուն, տեսնենք կարող ա լավ բան ա ասում, պետք չի լսել, լավ բան մեզ համար էսքան վախտ ոչ մեկը չի ասել»։

Ուռուտցիներին էին միացել բնապահպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ:  Տեղում էին նաև ոստիկանները: Բարձր աշխատավարձի ու մեծաթիվ աշխատատեղերի խոստումները գյուղի բնակիչներին 2  մասի են բաժանել: Նորայր Նավասարդյանը կողմ է հանքի բացմանը։ Տղաս ՌԴ-ում է աշխատում, ասում է, կգա այստեղ կաշխատի:

«Իմ տղեն էսօր Իրկուտսկ քաղաքում է աշխատում, ստեղ կաշխատի, շոֆերություն կանի, իմ հարևանն էլ կաշխատի, ստեղ աշխատող չունենք, բոլորս պարապ ենք: Էս գյուղը կտրված գյուղ ա, թողեք էս գյուղը հարստանա»։

ՀՀ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Ջին Հոլդինգ Լիմիթեդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ. փետրվարի 8-ին: Նորաստեղծ հանքարդյունաբերական ընկերությունը դեռևս ոչ մի տեղ շահագործվող հանք չունի: «Ուզում ենք հետազոտել և պարզել Ուռուտի հանքային պաշարները, բայց մեզ լսելու հնարավորություն չի տրվում»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Անուշավան Ուլիխանյանը. «Եթե 10 հոգի չի ուզում, մի հոգի ուզում է, ես ուզում եմ էդ մի հոգին ինձ լսի, էդ հնարավորությունը չի տրվում: Չմտածեք, թե ստեղ կիտած ոսկի կա, եկել եմ տանեմ ոսկին: Թղթերը ճղելով՝ ինձ արգելում են արտահայտվել, ես պատրաստ եմ բողոքարկման»:

Բնապահպան  Օլեգ Դուլգարյանն ասում է, որ Արմանիսի ոսկու հանքի վերաբերյալ 2021-ին հետազոտություններ են արել: Ծանր մետաղների առկայությունը հողում գերազանցում է նորման՝ մի քանի անգամ: Նույնը Ուռուտին է սպասվում. «Քրոմը տնամերձերում, արոտավայրերում, վարելահողերում գերազանցում է նորման 10 անգամից ավելի, նույնը սպասվում է Ուռուտին: Նաև գյուղացիները նշում են, որ ուրանի պաշարներ կան, ռադիացիայի վտանգ կա: Նման զրույցներ կան գյուղում»:

Անահիտ Մանուկյանն Էջմիածնում է ապրում: Արմատներով Ուռուտից է: Այստեղ պանրի արտադրություն  ունի: «Եթե հանքը բացվի, բիզնեսս կտուժի»,- ասում է.«Ես պանիր եմ արտադրում, տանում Երևան։ Որ իմանում են էստեղից ա, խլելով առնում են, իսկ իրենք ուզում են էս բնական ռեսուրսը փչացնել»

2021 -ի մայիսին և օգոստոսին համապատասխան արձանագրություններով ուռուտեցիներն արդեն 2 անգամ մերժել են  լսումները: Գյուղի տարեցներից  Զավեն Կիրակոսյանը հիշում է, որ դեռ խորհրդային տարիներին են փորձել գյուղում երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնել, հողի շերտը բացել ու փակել են:

«Բացեցին, ստուգեցին ու փակեցին: Ասել են, որ ուրան շատ կա ինչ-որ,  պարունակությունը շատ ա, դրա համար չբացեցին»։

1000-ից ավելի բնակիչ ունի Ուռուտը: Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը ժողովրդի հետ է: Կընդունի ժողովրդի ցանկացած որոշում: Ժամեր տևած հանրային դժգոհությունը եզրափակվեց արձանագրությամբ՝ հանրային լսումների չկայանալու վերաբերյալ: Բնապահպաններն ու քաղհասարակության անդամները արձանագրության մանրամասները քննարկեցին նաև Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ: Ներսիսյանը վստահեցրեց՝ որևէ ուղղորդում և ճնշում իր նկատմամբ չկա, սատարում է համայնքին: Պահանջեց դեմ արտահայտվողների ցուցակ: Ըստ բնապահպանների՝ օրենսդրորեն նման պահանջ չկա, Ներսիսյանը, սակայն, մտադիր է այն կցել մերժման փաթեթին և ուղարկել նախարարություն: Պնդում է՝ ցուցակը պետք է: Քաղակտիվիստ Գևորգ Քոթանջյանի կարծիքով՝ Ներսիսյանի պահանջն իրավաչափ չէ։

 «Ողջ պրոցեսը  ֆիքսված է: Հետագայում ստորագրություններով ցանկացած փաստաթուղթ, եթե ուղարկվի նախարարություն, մեր կողմից կգնահատվի որպես ոչ իրավաչափ գործողություն»,-ասում է Քոթանջյանը։

Բնապահպանների  դիտարկմամբ՝ մեր օրենքները հանքարդյունաբերողների շահերն են սպասարկում: Միակ տարբերակը հանքի բացումը թույլ չտալու հանրային լսումները մերժելն է: Նույն օրենսդրական բացերի պատճառով չկա նաև մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հանքարդյունաբերության հասցրած վնասները վերականգնելու որևէ մեխանիզմ:

Back to top button