ԿարևորՄշակույթ

Թեհլիրյանն ու Կոմիտասը՝ նույն բեմում․ հիշեցման ու արթնացումի երեկո՝ կամերային երաժշտության տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել  է  երեկո՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին:  «Սողոմոն և Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացրել է  Կոմիտասի  երաժշտությունը, իսկ Հայաստանի վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանն ընթերցել  Բեռլինի նահանգային դատարանի  Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումներից հատվածներ։

«Ես մարդ  եմ սպանել, բայց մարդասպան չեմ»․1921 թվականին ուղիղ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանում այս խոսքերը հնչեցրեց Սողոմոն Թեհլիրյանը: Նրան դատարանը անմեղ ճանաչեց ու չդատապարտեց հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության համար։

Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին  Կամերային երաժշտության տանը գոհաբանության երեկո   էր։ Նախագծի հեղինակ՝  Էռնա Ռևազովա։

«Երկու ճակատագիր աղճատված եղեռնով։ Վարդապետի լռությունը և հայորդու վրեժը։ Մենք որոշեցինք համեմատել այդ երկու երևույթը, այդ երկու ճակատագիրը»։

Բեմում ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանն է, իսկ դաշնամուրի մոտ՝ դաշնակահար Հայկ Մելքիյանը։ Երկու արտիստներին  միավորել են երկու Սողոմոնները։  Բաբկեն  Չոբանյանն ընթերցում է   Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվության ամենավառ  հատվածները։  Հայկ Մելիքյան  այդ ամենը միաձուլում էր Կոմիտասի  հանճարեղ երաժշտությամբ։

Ձայն «Հայրենիքն է, որ միավորել  է երկուսին, նրանք երկուս էլ առանձին անհատներ  են ու պիեսներն են ընտրվել են հայրենիք հայ հող համատեքստի մեջ»,– ասում է Մելիքյանը։

Դաշնակահարն  ասում է, որ փորձերի ժամանակ հաճախ է  հուզվել, բայց հենց դրանց ժամանակ էլ գտել է Բեռլինի նահանգային  դատարանի դահլիճում նկարագրվող ահասարսուռ տեսարանների ներկայացման ճիշտ ձևը ։

«Ինձ օգնության եկան իմպրովիզները, անգամ փորձերին էր դժվար ․․․․»

Բաբկեն Չոբանյանը խոստովանում է՝ երեկոյի նման ձևաչափն  իր համար նորություն էր, բայց գաղափարը հետաքրքիր էր։

«Երկու Սողոմոններին պետք է անդրադառնալ, ու այդ երկու անձանց մասին հենց այսօր պետք է  խոսել։ Սա ինձ համար հիշեցման, արթնացումի կոչ է։ Մեկ  անգամ ևս պետք է հիշենք,  ով ենք մենք՝ հանձինս Կոմիտասի, և ով ենք մենք՝ հանձինս Թեհլիրյանի։ Ի՞նչ էր ստեղծել Կոմիտասը աշխարհի ու մարդկության համար, ի՞նչ  արեց   Թեհլիրյանը հայերիս  ու մարդկության համար», –ասում է Չոբանյանը։

Back to top button