Ժամանակի վկան

Անձնական օրինակը` ազգային դաստիարակության լավագույն հնար․ Անդրանիկ Պօղոսեան․ «Ժամանակի վկան»

Այսօր իմ հյուրն է  Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չէմպէրճեան (Ս. Ջեմբերջյան)  երկրորդական վարժարանի տնօրեն, սիրիահայ ազգային հասարակական գործիչ, Անդրանիկ Պօղոսեանը (Անդրանիկ Սերոբի Պողոս)։

Սիրիահայ համայնքում հայտնի անուն, երկար տարիներ ազգային, պետական, հասարակական գործունեությամբ աչքի ընկած գործչի կենսագրությունը ներկայացնելուն զուգահեռ ունկնդրի առջև կբացենք Սիրիայում ոչ վաղ անցյալում կատարված և ժամանակակից հասարակական-քաղաքական գործընթացները, հայկական մտածելակերպի առանձնահատկությունները, հայ ժողովրդի հանդեպ հարգալից վերաբերմունքի ակունքները և այլ նրբություններ։  

Անդրանիկ Պօղոսեանը ծնվել է 1949 թ․ ապրիլի 21-ին Սիրիայի  Գամիշլի քաղաքում։  Նախնական կրթությունն ստացել է Գամիշլիի Ազգային վարժարանում։ 1967 թ․ ավարտելով պետական երկրորդական վարժարանը՝ ընդունվել է Հալեպի պետական համալսարան, որն ավարտել է 1972-ին՝ ստանալով գյուղատնտեսական երկրաչափության վկայական: 1972-ից  սկսած պաշտոնավարել է G.O.A.M. պետական հաստատությունում` որպես փոխտնօրեն, ապա 19861993 թվականներին եղել է նույն հաստատության ընդհանուր տնօրենը:

Անդրանիկ Պօղոսեանը քանիցս պետական գործուղումներով այցելել է Արևելյան և Արևմտյան ԳերմանիաՀորդանան,  համագործակցել է  Չորային շրջաններում գյուղատնտեսության զարգացման համաշխարհային կենտրոնի հետ (Icarda): 19821986 թթ․ ընտրվել է Սիրիայի գյուղատնտեսական երկրաչափերի սենտիքայի համագումարի անդամ։ 19831987 թվականներին Անդրանիկ Պօղոսեանն ընտրվել է Գամիշլիի քաղաքապետարանի խորհրդի անդամ:

Պաշտոնավարել է որպես Գամիշլիի Ազգային վարժարանի հոգաբարձության խորհրդի անդամ, ապա՝ ատենապետ, 1990-93 թվականներին եղել է Գամիշլի քաղաքի և հարակից շրջանների Թաղական խորհրդի ատենապետը։ 1991 թ․ ընտրվել է Բերիո Հայոց թեմի Երեսփոխանական գավառական ժողովի անդամ՝ ներկայացնելով Ջեզիրեի շրջանը։ Նշենք, որ հետագայում ևս երկու անգամ վերընտրվել է որպես Բերիո Հայոց թեմի Երեսփոխանական ժողովի անդամ՝ ներկայացնելով Հալեպի մայր գաղութը։

1993 թ․ իր զավակների ազգային կրթությունը Հալեպում շարունակելու վերաբերյալ տված խոստումը չդրժելու, խոսքի տերը լինելու հաստատակամությամբ, Անդրանիկ Պօղոսեանը հրաժարվելով պետական պաշտոնից, կտրուկ որոշում ընդունեց ընտանյոք հանդերձ Հալեպ տեղափոխվելու։ Հալեպում շարունակելով բեղուն ազգային-հասարակական գործունեությունը, Անդրանիկ Պօղոսեանը պաշտոնավարել է որպես Բերիոյ Հայոց Թեմի Հայկական կալվածքների հոգաբարձուների խորհրդի անդամ, ապա նույն խորհրդի ատենապետ, Բերիոյ Հայոց Թեմի Դատաստանական խորհրդի Նախադատ Ատյանի դատախազ, ղեկավարել է տարբեր պետական ու ազգային հաստատություններ։

Սիրիայում իր երեսնամյա ազգային գործունեության հիմքում եղել է հայրենակիցների բարեկեցության մասին մտահոգվելու, տարբեր խնդիրների լուծմանը աջակից լինելու սկզբունքայնությունը։ Ցավոք, Հայաստանում հակառակ իրականությանն է բախվել։ 1999 թվականից մինչև օրս Անդրանիկ Պօղոսեանը Հալեպի Կրթասիրաց վարժարանի տնօրենն է: Մշտական համագործակցության մեջ է եղել ՀՀ կրթական կառույցների հետ։ 2014 թ մասնակցել է  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Աղվերանում կազմակերպված Կրթական վեցերորդ համաժողովին:

Որպես սիրիական պաշտոնական շրջանակներում հարգված հայ գործիչ` մնայուն դիրք ունի և շարունակում է խորհրդատվական գործուն մասնակցություն ունենալ սիրիական պետական քաղաքականության մեջ։  Անդրանիկ Պօղոսեանը պետական, ազգային, հասարակական բեղուն գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների՝ մեդալների, շնորհակալագրերի, պատվոգրերի ու գովասանագրերի՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Սիրիայի կառավարության կողմից։ Նշենք դրանցից մի քանիսը․

Սիրիայի փոխվարչապետի և Հալեպի Բանվորներու Միության պատվոգրեր:

2014 թ․ — «Սայաթ-Նովա» մշակութային միության պատվոգիր՝       ազգանվեր ծառայության համար և Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշան:

2016 թ․ — Հալեպի Կրթական Տնօրինության պատվոգիր՝ երկար տարիների կրթական գործունեության և վաստակի համար:

2016 թ․- Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության հուշամեդալ՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար։

2017 թ․- Սիրիայի ուսուցչական սենտիքայի հատուկ գովասանգիր։

2017 թ․- Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի «Երախտագիտության մեդալ» և  գովասանագիր՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։

2021 թ․ հուլիսի 4-ին կրթական գործունեության 22-ամյակի առթիվ Անդրանիկ Պօղոսեանը պարգևատրվել է Կրթասիրաց մշակութային միության Խնամակալության ոսկե մեդալով։ Սիրիական պետությանը հավատարիմ հայ գործիչն իր անկեղծ ու անվերապահ հավատարմությունն արտահայտեց նաև իր հետ կատարված պատահարի առնչությամբ, երբ Քաթար հասած ինքնաթիռից իջնելիս՝ սպասարկող անձնակազմի անփութության պատճառով աստիճանասանդուխքից վայր ընկավ և վնասեց ոտքը։

Բազմամյա վաստակն ազգային-հասարակական ու կրթական ոլորտներում, կյանքի մեծ փորձառությունը տարբեր ազգերի հետ շփումներում մեծ իմաստնություն են հաղորդում ազգային գործչի կերպարին։ Հետաքրքրվեցի, թե ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում օտար միջավայրում հայկական ազգային դաստիարակություն  ու կրթություն ապահովելու խրթին գործում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button