ԿարևորՎերլուծական

Արտաքուստ՝ հանգիստ, իրականում՝ ստորջրյա խութերով․ փորձագետը իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին

Իրանը ռազմական ուժեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։ Զորավարժություններ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային գոտում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:

Հաղորդվում է, որ ռազմական տեխնիկայի երկար շարասյուն է նկատվել այն ճանապարհին, որը տանում է դեպի Ասլան Դուզ բնակավայր, որը գտնվում է հենց Ադրբեջանի հետ սահմանին: Դիտորդները նույնը ֆիքսել են Արաքս գետի երկայնքով՝ մայրուղու վրա: Թեհրանը տեղակայում է ինչպես հրետանային, այնպես էլ հրթիռային կայաններ:

Իրանագետ Արմեն Վարդանյան

Անօդաչու թռչող սարքերից բացի՝ Իրանը զորավարժությունների ժամանակ օգտագործում է մարտական ուղղաթիռներ: Փորձագետները մտավախություն ունեն, որ նույնիսկ ամենափոքր սադրանքը կարող է հրահրել զինված հակամարտություն` նույնիսկ սովորական վարժանքների դեպքում։

Ադրբեջանը դարձել է իսրայելական հետախուզության կարևորագույն լոգիստիկ կենտրոն  Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար՝ ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և հավելել․ «Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը դեռ երկար է տևելու ու պարզ չէ, թե դա ինչով կվերջանա:  Արցախյան երկրորդ պատերազմի հաղթանակի համար Ադրբեջանը պետք է դեռ երկար ժամանակ ծառայություններ մատուցի»։

Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ գրել է․ «Իրանական ԶԼՄ-ների փոխանցում են, որ  ԻՀՊԿ-ն Ադրբեջանի հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ Իրանի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բրիգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ»։

Ադրբեջանի ու Իրանի միջև լարվածություն ակնհայտ է կա, և այն ոչ թե ծագել է վերջին օրերին չի ծագել, այլ պարզապես սրվել է՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է իրանագետ Արմեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում անում է քայլեր, որոնք Իրանի սրտով չեն։  

«Իրականում ադրբեջանա-իրանական հարաբերությունները արտաքուստ  հանգիստ են , բայց ստորջրյա խութեր ունեն, և վերջին իրադարձությունները՝ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի բեռնատարներին կանգնեցնելը, գումար գանձելը, ավելի լարեցին իրավիճակը։ Չեմ կարծում թե բախումներ կլինեն։ Իրանի համար Ադրբեջանը կարևոր գործընկեր է։ Ադրբեջանին էլ ձեռնտու չէ իրենից ավելի հզոր Իրանի դեմ պատերազմել»,-նշել է իրանագետը։

Back to top button