ԿարևորՀասարակություն

Հյուսիս-հարավ ծրագրով Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման մեկնարկը տրված է

Հյուսիս-հարավ մայրուղու  Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկը տրված է։  Կառավարության հաստատած նախագծով  կնախապատրաստվեն  մրցութային փաթեթներ, կհայտարարվի  միջազգային մրցույթ։ Հայաստանի վարչապետը կարծում է՝ ծրագրի իրականացումը լուրջ  մարտահրավեր է, պետք է պատվով կատարել։ Փաշինյանը խոսել է նաև նաև Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի մասին։

«Իրանի հետ մեր տնտեսական կապերի ամրապնդումը նաև որոշակի հետաքրքություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակում, եթե հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային բոլոր տնտեսական կոմունիկացիաների բացման համար սա բոլորվին ուրիշ նշանակություն է ստանում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Փորձագետները, սակայն, մտավախություն ունեն՝ ծրագրի դանդաղելու դեպքում գուցե Հայաստանը որպես քաղաքական ու տնտեսական սուբյեկտ կարող է  կորցնել իր նշանակությունը։

Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության մեկնարկը տրված է։ Կառավարությունում խոստանում են՝ երկրի համար կարևորագույն այս ծրագրի իրագործման ուղղությամբ ինտենսիվ կաշխատեն։ Հայաստանի համար հատկապես այս փուլում կենսական նշանակության նախագծի այս տրանշի գնման մրցույթների ավարտը նախանշվումէ 2022 -ին։

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասում է՝ աշխատանքների ակտիվացումն առաջնահերթություն է, բացատրում է․ «Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, որը կապելու է Իրանի հետ։ Կապահովի հարավային շրջանների կապը մեր երկրի կենտրոնական շրջանների հետ, այդ կապը կլինի արագընթաց, անվտանգ ու հուսալի»։

Ծրագիրը որքան կարեւոր, նույնքան էլ պատասխանատու է․ մարտահավեր՝ բնորոշում է վարչապետը, որը պետք է պատվով կատարել։ Փաշինյանը ճանապարհի այս հատվածի կառուցումը դիտարկում է նաեւ տարածաշրջանում ճանապարհային այլ նախագծերի համատեքստում՝ խոսելով Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի մասին․

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, Իրանի հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը, նաև որոշակի հետաքրքություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակում, եթե հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային բոլոր տնտեսական կոմունիկացիաների բացման համար սա բոլորվին ուրիշ նշանակություն է ստանում»։

«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային  միջանցքն, ըստ որոշ նախագծերի, Իրանում երկու ճյուղի էր բաժանվելու։ Մեկը Աֆղանստանով դեպի Կենտրոնական Ասիա էր հասնելու՝ այսպիսով Հնդկաստանին հնարավորություն տալով  հասանելի դարձնել Կենտրոնական Ասիայի շուկաները։ Մյուս ճանապարհն Իրանով դեպի ՌԴ էր անցնելու՝ պարզաբանում է իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հարութ-Արթին Առաքելյանը։ Այս պարագայում 2 տարբերակ կար, որով պետք է անցներ խոշոր այս նախագիծը՝ կամ Հայաստան, կամ Ադրբեջան։ Փորձագետը, վերլուծելով զարգացումները, եզրակացնում է՝ նախապատվությունը կարծես Ադրբեջանին է տրվում։

Բացատրություն կա․ «Այնտեղ կան ենթակառուցվածքներ, որոնք մենք չունենք։ Անցյալ ամիս Ֆինլանդիայից Հնդկաստան առաջին գնացքի բեռնափոխադրումը մեկնարկեց։ Գնացքն անցավ Ադրբեջանի տարածքով, Իրանով  ու գնաց  Հնդկաստան։ Հայաստանի մասով դրական որևէ տեղաշարժ չկա»։   

Եթե Ադրբեջանի նպատակները կյանքի կոչվեն՝ «Պարսից Ծոցից Սև ծով» միջանցքն անցնի Իրանի տարածքով ու Ադրբեջանով, այս դեպքում արդեն Հայաստանը որպես քաղաքական ու տնտեսական սուբյեկտ շատ ավելի փոքր նշանակություն կունենա՝ ահազանգում են փորձագետները։ Ուստի հապաղելու ժամանակ չկա։ Ու թերևս այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելով՝ փորձագետների մի մասը կարծում է, որ Հյուսիս-Հարավ ծրագիրը պետք էր հարավից սկսել։

«Ինձ համար միշտ  անհասկանալի է եղել, թե ինչու է դանդաղում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը։ Սյունիքում ունենք բարդ ռելիեֆ, այդ հատվածը տարիներ շարունակ անտեսվել էր։ Ի սկզբանե պետք էր  «Հյուսիս-հարավ»-ը սկսվեր հարավից»։ 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի 4-րդ տրանշի շինարարական արժեքը 473․4 մլրդ դրամ է։  Ծրագրի ավարտին նախատեսվում է  ունենալ շուրջ 60 կմ երկարությամբ ճանապարհ, 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ, 12․5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ։ Այստեղով է անցնելու կառուցվելիք Բարգուշատի թունելը, որպես այդպիսին դա լինելու է երկրում ամենարկարը՝ 8․5 կմ։ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան

«Առավել բարդը Քաջարանի թունելի հատվածն  է, որին առանձին կանդրադառնանք։ Երկու հատվածները՝ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ, կտանք մրցույթի մեկնարկը։ Զուգահեռ կսկսենք նաև Քաջարանի թունելի նախագծի հստակեցման աշխատանքները»։

Փորձագետները կարծում են, որ ծրագրի իրականացումը պետք է հնարավորինս արագացնել․աշխարահաքաղաքական զարգացումները դանդաղելու ժամանակ չեն թողնում։

Ցուցադրել ավելի
Back to top button