Մտքի ուժը

Էկոկոլոգիապես անվնաս կենսաբանական պատվաստուկն «ընդդեմ» խաղողի ողկուզակերի․ ինչպե՞ս փրկել խաղողը վնասատու միջատներից․ «Մտքի ուժը»

Ցածր գին ու արդյունավետ միջոց․ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները միջատասպան պատրաստուկ են ստեղծել։ Այն ունի բարձր էֆեկտիվություն և տարբեր վնասատու միջատների վրա է ազդում, այդ թվում այսօրվա խաղողագործության համար մեկ «թշնամու»՝ խաղողի ողկուզակերի։ Վնասատուին սպանում են բակտերիայի սպորների մեջ գտնվող սպիատակուցային բյուրեղները։ Հենց վերջիններն են կաթվածահարում միջատի աղեստամոքսային համակարգը, ինչի հետևանքով միջատը սպանվում է։

Այս պատրաստուկը Հայաստանում առաջինն է, գիտնականները վստահեցնում են, որ մեծածավալ արտադրության դեպքում, այն մի քանի անգամ ավելի ցածր գին կունենա, քան արտերկրներից Հայաստան ներկրվող միջատասպան պատրաստուկները։

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Սոնա Ավետիսյանը, նա համբերատար, մատչելի փորձում է բացատրել՝ ինպես են աշխատում, իսկ սա իմանալը կարևոր է հատկապես Հայաստանի խաղողագործների համար՝ բերքը ողկույզակեր միջատին այսպես ասենք, չնվիրելու համար։

Ի սկզբանե այս շտամերը մեկուսացնում են հողից, սակայն, հետագայում հազարավորներից քիչ մասն է, որ միջատասպան բարձր ազդեցություն ունեն։ Երբ գտնում ենք ակտիվ շտամ, գենետիկորեն ստուգվում են ու պահվում ավանդադրման կենտրոնում, որտեղ 12 հազարից ավելի շտամ կա, հետո աշխատում ենք դրանց հետ»։

Եվ ահա, նույն այս գիտական գործընթացը տարիներ շարունակ իրականացնելով՝ գիտական կենտրոնում միջատասպան պատրաստուկ են արտադրում։ Պարզվում է՝ այն կարող է սպանել միջատներին, բայց չվնասել շրջակա միջավայրը։ Այնտեղ, որտեղ գիտությունն է «խոսում», անհնարին թվացող ոչինչ չկա։

Հենց այդ տրամաբանությամբ էլ գիտական կենտրոնում փորձարկումներ են արել։ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Սոնա Ավետիսյանը պատմում է, որ միջատասպան պատրաստուկների ազդեցության տարբեր ձևեր կան։ «Մեր պատրաստուկը ազդում է տերևակեր միջատների վրա։ Պատրաստուկը ցողում են, միջատը ուտում է այն ու մահանում։ Երբ որ բակտերիան ընկնում է հողի վրա, ջրի մեջ, որևէ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա չի ունենում»։

Միջատասպան պատրաստումը ստացել են գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում, այստեղ ամեն ինչ կարգ ու կանոնով է ՝ կոլբաներ, սառնարան, սարք–սարքավորումներ, որոնց անունները գուցե անծանոթ են մեզ, բայց ծանոթ ու կիրառելի գիտնականների համար։

Վեց հոգուց կազմված գիտական խումբը ուսումնասիրություններ է կատարում մի քանի ուղղությամբ։ Խմբի ղեկավարը Սոնա Ավետիսյանն է, պատմում է, որ շտամարտադրիչներից ստանում են ֆերմենտներ, կենսաբանական ակտիվ միացություններ- մաքրում և իզոլացնում դրանք։ «Հայաստանում չի արտադրվում նման պատրաստուկ։ Ներկրվածը թանկ է, իսկ ավելի մատչելիները՝ քիմիական»։

Գարնանն արդեն սկսել են պրեպարատի փորձարկումները, ինչպես հաճախ լինում է՝ երբ տարիներ առաջ նոր էին սկսում պրեպարատների փորձարկումները առաջին փորձողները ծանոթներն ու բարեկամներն են, անծանոթները դժվար համաձայնվեին իրենց խաղողի այգիները աշխարհին անհայտ նյութերով ցողել։ Գիտական այս խմբի դեպքում վստահեցին ու զրուցակցիս խոսքով արդյունքն ակնհայտ է։

Գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում ոչ միայն խաղողն են ցանկանում փրկել, այլ նաև բույսերի աճի խթանմամբ են զբացվում։ Այն արդեն մոտ վեց տարի է շարունակական ուսումնասիրվում և փորձարկվում է Բելառուսում՝ Մինսկի Բուսաբանական այգում։ Հայ ֆերմերների մի մասը նույնպես այն փորձարկել է ու, ինչպես գիտնականներն են ասում, գոհ են։

Գիտական որևէ հետազոտության, այն էլ՝ կիրառական նշանակությամբ, ֆինանսներ են պետք ու բավականին մեծ չափի։ Այստեղ է, որ այս խմբին աջակցության է եկել գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային մրցույթը։ Գումարը 24 մլն է, երկու տարով, կարևոր նախապայմաններն են, որ պետք է ծրագիրն ունենա համաֆինանսավորող ու առաջարկը հնարավոր լինի ներդնել արտադրության մեջ։ Կոնկրետ այս նախագծի դեպքում երկուսն էլ կան։ Սակայն, ծրագրի ավարտից հետո միայն պարզ կլինի, թե առաջարկները ինչպես կիրականացվեն լայնածավալ արտադրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button