Սփյուռքի ձայնը

Արտաքին ուժերը Լիբանանը համայնքայինից ցանկանում են վերածել քաղաքացիական պետության․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանանի կառավարությունում պաշտոններ ստացած հայերը չեն հեռանում համայնքային խնդիրներից, վստահեցնում է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Կանդահարյանը` խոսելով բոլոր ժամանակներում Լիբանանի կառավարություններում հայ համայնքի ներկայացուցիչներ ներգրավելու մասին։ 13 ամիս կառավարություն չունենալուց հետո Լիբանանում կազմվել է նոր կառավարություն։

Կաբինետը 24 անդամ ունի, վարչապետն է միլիարդատեր Նաժիբ Միքաթին, որը նախկինում արդեն երկու անգամ ղեկավարել է կառավարություն: Նոր կառավարությունում, ըստ երկրի փոքրամասնությունների համար սահմանված օրենքների, մեկ աթոռ տրվել է հայ համայնքին:

ՀՅԴ անդամ Ջորջ Փուչիքեանին վստահվել է Լիբանանի արդյունաբերության նախարարի պաշտոնը: Փուչիքեանը ծնվել է 1965 թ. մայիսի 10-ին։ Տիրապետում է հինգ լեզուների՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ղեկավարել է տարբեր հաստատություններ։ Նրա հիմնած ընկերությունները մեծ հաջողություններ են գրանցել։ Ջորջ Փուչիքեանը Այնճարի բարեկարգման խորհուրդի նախագահն է։

«Հայ համայնքի կողմից գործադիր մարմնում առաջադրվել է նրա թեկնածությունը, այն ՀՅԴ ներկայացրած թեկնածուն է: Սակայն օրենսդիր մարմնում կարող են թեկնածություններ ներկայացնել թե այլ կուսակցությունները, թե անհատ ներկայացուցիչները»,- ասում է Շահան Կանդահարյանը և ավելացնում, որ կուսակցական տարաձայնությունները վերջին տարիներին անհանգստացնող չեն, քանի որ կառուցողական և համայնքային հարցերում նրանք միասնական են:

Նորանշանակ կառավարության համար հիմնական հանգրվան է լինելու առաջիկա մայիսը։ Մայիսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Դասական համայնքային համակարգից քաղաքացիական պետության անցման օրակարգ են ձևավորել Լիբանանում ազդեցություն ունեցող պետությունները և լիբանանյան քաղաքացիական շարժումները` ասում է Շահան Կանդահարյանը:

«Արտաքին ուժերը երկար ժամանակ խանգարում էին Լիբանանի կառավարության ձևավորմանը: Հենց այդ նույն արտաքին ուժերի շնորհիվ էլ Լիբանանում շատ հարցեր լուծումներ կստանան՝ դրական առումով»,- ավելացնում է։

Ցուցադրել ավելի
Back to top button