ԿարևորՀասարակություն

Չպատվաստվելը կամ ՊՇՌ–ի բացակայությունն աշխատանքից ազատման հիմք չէ․ ԱԱՏՄ

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը։  Կառույցի նախագահող երկիրն այս տարի Հայաստանն է։ Հայկական կողմի առաջարկով համաժողովի ավարտին ստորագրվել է Արձանագրություն՝ Դաշինքի անդամ աշխատանքի տեսչությունների միջև աշխատանքային միգրանտների նկատմամբ փոխգործակցության միասնական կարգ սահմանող փաստաթուղթ մշակելու մասին։ Նախատեսվում է ներդնել միգրանտների աշխատանքային իրավունքի խախտումների դիմում-բողոքներին արձագանքելու նոր՝ միասնական մեխանիզմ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտագնա աշխատանքի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն են մեկնում։ Այդ պատճառով միգրանտների աշխատանքային իրավունքներն առավելապես Ռուսաստանում են խախտվում։ Հուշագիրը, որն առաջիկայում կստորագրվի ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև, ընդհանուր կանոններ և որոշակի կարգավորումներ կսահմանի այն դեպքերի համար, երբ խախտվել են աշխատանքային իրավունքները՝ «Ռադիոլուրի»-ին ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

«Այն պետությունում, որտեղ աշխատում է միգրանտը,  իր իրավունքների խախտման դեպքում կարող է դիմել տվյալ պետության տեսչական մարմին, որն էլ իր գործող օրենսդրության սահմաններում կուսումնասիրի գործը և մեկամսյա ժամկետում ամբողջ տեղեկատվությունը կփոխանցի միգրանտի պետության համանուն կառույցին»։

Խախտումները սովորաբար վերաբերում են աշխատավարձերին, դրանց ՝ ժամանակին չվճարմանը կամ վերջնահաշվարկին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կարծում է, որ հուշագիրը կարևոր է միգրանտների հենց այդ իրավունքները պաշտպանելու տեսանկյունից։

«Համավարակով պայմանավորված՝ մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Մենք ստիպված ենք լինում արագ արձագանքել համավարակով պայմանավորված նոր կանոններին, խնդիրներին, պաշտպանելու աշխատողների իրավունքներն ու շահերը: Ինքներս էլ ենք փոփոխություններ իրականացրել և դեռ իրականացնում օպերատիվ և պատշաճ ներկայանալի լինելու, մեր երկրներում արարող վարձու աշխատողների կողքին լինելու համար»։

Աշխատավարձերի՝ ժամանակին չվճարման և վերջնահաշվարկի հետ կապված խնդիրները տարածված են նաև հայաստանյան աշխատաշուկայում՝ նկատում է տեսչական մարմնի  օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

«Դիմում–բողոքների ավելի քիչ տոկոսը վերաբերում է առանց օրինական հիմքերի աշխատանքից ազատելուն, մեծ մասն աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներ են։ Շատ  եմ կարևորում տեսչական մարմնի ֆունկցիան այս իրավահարաբերությունների հարցում, քանի որ, ըստ էության, միակ պետական մարմինն է, որը փորձում, է լուծումներ տալ արտադատական ճանապարհով և իր միջամտությամբ բարձրացնել աշխատողների   իրավունքների պաշտպանվածության աստիճանը»։

Արդյո՞ք ահազանգերը չեն ավելացել՝ պայմանավորված  հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող նոր որոշման պահանջներով։  Ըստ դրա՝ աշխատող քաղաքացիները գործատուներին 15 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման վկայական պիտի ներկայացնեն։ Չպատվաստված կամ քովիդ թեստ չհանձնած ու այդ պատճառով աշխատանքի չներկայացած անձինք կարող են ազատվել աշխատանքից։ Բողոքների ավելացման մասին «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը դրական արձագանքեց։

«Տեսչական մարմնի թեժ գծին տարբեր զանգեր են լինում, տարբեր պարզաբանումներ են փորձում ստանալ թե քաղաքացիները, թե գործատուները։ Բայց, առհասարակ, աշխատանքային հարաբերությունների ոլորտի քաղաքականությունը վարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս պահին հստակ կարգավորումներ դեռ  նախատեսված չեն, սակայն առողջապահության նախարարի 65N հրաման ունենք, որի համաձայն՝ սահմանված հակահամաճարակային նորմերը պետք է պահպանվեն»։

Զրուցակիցս հորդորում է պահպանել հակահամաճարակային նորմերը, բայց նաև տեղեկացնում է՝ ՊՇՌ հետազոտության թեստ չներկայացնելու կամ չպատվաստվելու դեպքում գործատուն որևէ իրավասություն չունի աշխատանքից ազատելու աշխատակցին կամ թույլ չտալու նրան ներկայանալ աշխատավայր։

Back to top button