Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ կամավորների նախագծերը հայաստանյան կազմակերպությունների օրակարգում են․ «Սփյուռքի ձայնը»

«Դեպի Հայք» կազմակերպությունը Հայաստան է բերում սփյուռքահայ երիտասարդների, որոնց ստացած կրթությունն ու գիտելիքները հաճախ մեծ օգուտ են բերում տարբեր կազմակերպությունների աշխատանքներին։

ՌԴ-ից Արամ Կոսյանը և Անգլիայից Սևանա Բաբայանը ի՞նչ նախագծերով և աշխատանքային ծրագրերով են եկել Հայաստան, ի՞նչ կարող են անել և ի՞նչ են ուզում ստանալ հայաստանցի գործընկերներից։ Արամը նշում է, որ ծրագրավորող է։ «Հինգ ամիս է Հայաստանում եմ այս ծրագրով, արդեն հասկացել եմ, որ ՏՏ ոլորտը Հայաստանում շատ զարգացած է, թեև ինֆորմացիոն դաշտում մենք միշտ պարտվում ենք։ Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, գուցե՝ ֆինանսների բացակայությունից և այլն»։

Արամը Հայաստան է եկել ծրագրով։ «Ծրագիրս հեռախոսներում հատուկ միջոց ստեղծելու մասին է, որի շնորհիվ կիմանանք, թե քաղաքի որ հատվածն է շատ աղտոտված։ Օգտագործելով այդ հավելվածը` մենք կտեղադրենք աղբամաններ, ինչու ՝ոչ կպատժենք շրջակա միջավայրն աղտոտողներին»։ Արամ Կոսյանի ծրագիրը արդեն ընդունվել է այն կազմակերպության կողմից, որտեղ նա աշխատում է, և այն քննարկման փուլում է։ «Նման ծրագրերն արվում են պետության մասնակցությամբ, հակառակ դեպքում՝ արդյունքը ուշանում է»,- ասում է նա։

Սևանա Բաբայանը Մեծ Բրիտանիայից է։ Նա ֆիզիոթերապևտ է։ Սովորել է Անգլիայում, սակայն աշխատանքային պրակտիկան անցկացնում է Հայաստանում։ «Հայ մասնագետները շատ հմուտ և բանիմաց են, ունեն նույն առավելությունները, ինչ` Անգլիայի ֆիզիոթերապևտները։ Ես շատ բան եմ նրանցից սովորել։ Դեռ ժամանակ ունեմ ավելին իմանալու։ Վստահ եմ, որ այս ծրագրից հետո, որի շնորհիվ երկու կազմակերպությունում եմ աշխատում, կվերադառնամ Անգլիա, իսկ որոշ ժամանակ անց՝ կգամ Հայաստան»,- ասում է Սևանան։

Երիտասարդները, որոնք Հայաստան են եկել, իրենց խոսքով, հատկապես պատերազմից հետո օգտակար լինելու համար, նշում են, որ հայրենիքին հեռվից հետևելը դժվար և անօգուտ էր։ «Որոշեցինք և եկանք»,- ասում են 22-ամյա Սևանան և 23-ամյա Արամը։

Ցուցադրել ավելի
Back to top button