ԿարևորՀասարակություն

Լաբորատոր նոր հզորություններ ՃՇ համալսարանում՝ փորձարկելու ջրամբարների եւ ճանապարհների ամրությունը

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործարկվել է նոր՝ ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա։ Դրա հիմնադրմամբ խոստանում են ճանապարհաշինությանը վերաբերող կարեւոր ուսումնասիրություններ անել՝ ուսումնասիրել ասֆալտ–բետոնի ամրությունը, խճի   որակը, մաշելիության աստիճանը։ Մասնագետները լաբորատորիայի բացումը կարեւորում են երկու առումով՝ նախ՝ ճանապարհաշինությունն առավել արդյունավետ եւ գիտական նոր մոտեցումների հիմքով կազմակերպելու, մյուս կողմից՝ բուհի ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու առումով։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ճանապարհաշինական ծրագրերի մասով հետայսու կկարողանա փորձագիտական իր եզրակացությունը տալ։ Նորաբաց ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայում կան նման հզորություններ։

Լաբորատորիան ստեղծվել է ՀԲ ֆինանսավորմամբ, ընդհանուր արժեքը շուրջ 165 մլն դրամ է, համակարգողը ԿԳՄՍ է։ Լաբորատորիան բացվել է ՀԲ-ի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Համալսարանի «Ճանապարհներ ու  կամուրջներ» ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանն ասում է՝ նախ կարող են փորձարկել ճանապարհաշինության ժամանակ օգտագործվող նյութերը։

«Կարող ենք ուսումնասիրել ասֆալտ–բետոնի ամրությունը, խճի   որակը, մաշելիության աստիճանը, բիտումի հիմնական ստանդարտ բնութագրերը։  Հեշտ չէ այդ շուկա մտնել, քանի որ գները բավականին բարձր են։ Պետք է փորձենք մտնել այդ շուկա»։

Բուհը նաեւ սկսել է գնահատել երկրի ջրամբարների պատվարների ամրությունը։ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել է, թե գրունտային շերտի միջով անցնող ջրերի հետ որքան ավազահատիկ է դուրս գալիս։ Սա ցուցանիշ է, թե որքանով է ամուր ջրային ավազանը պահող պատը։ Գիտական այս հետազոտությունը մասնագետները կարևորում են՝ պարզելու՝ որքանով են պատվարներն ամուր ու հուսալի, ու լրացուցիչ ի՞նչ աշխատանքի կարիք կա։ Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի աշխատակից Տիգրան Պետրոսյանը պատմում է՝ արդեն ուսումնասիրվել է Վեդիի ջրամբարի պատվարը․  

«Վեդիի ջրամբարն ունի այդպիսի հողաքարային պատվար, երկու կողմում ավազային ֆիլտեր են։ Անհրաժեշտություն էր  առաջացել այն ուսումնասիրելու։ Մենք առաջին անգամ նման հետազոտություն կատարեցինք, քանի որ մինչ այժմ նման հետազոտություն չէր կատարվել։ Պարզեցինք, որ ամեն ինչ կարգին է, արդեն կիրառված նյութերով կառուցվելու դեպքում խնդիր չենք ունենա»։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շինարարության ոլորտի համար եզակի այլ հետազոտություններ եւս արվում են։ Օրինակ՝ տուֆի թափոնի հիմքով փորձում են արհեստական անցեմենտ արտադրանք ստանալ։ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի շինարարարական նյութերին կից լաբորատորիայում ստեղծվում ու փորձարկվում են ժամանակակից տեխնոլոգիաներ։ 2017-ից գործող լաբորատորիայում  գիտեն՝ բնական պաշարներն անսպառ չեն, ուստի փորձում են վերամշակումների միջոցով լուծել հումքի հնարավոր խնդիրները։ Սա նաև Նելլիի գիտական  թեզի թեման է․

«Քարաթափոններն ահռելի ծավալների են հասել։ Մի փոքր քամու դեպքում օդ է բարձրանում, հետո նստում մարդու թոքերի վրա՝ առաջացնելով առողջական խնդիրներ։ Այժմ մենք հետազոտություններ ենք կատարում, մեր տուֆերը բազմազան են, ավելի բարձր ֆիզիկամեխանիկական հատկությունններով, նույն գուներանգով անցեմենտ քարեր ենք ուզում ստանալ։ Ունենք նաև նմուշները»։

Համալսարանի լաբորատորիաների նորարարական առաջարկներն ու  հետազոտական նյութերը գիտական ոլորտից տնտեսություն տեղափոխելու հարցերը քննարկվում են կրթական գերատեսչության հետ։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չի մոռանում առաջարկները տնտեսության մեջ կիրառելու կարևորությունը, նաեւ շեշտում է՝ այս լաբորատորիաներում ուսանողները գիտականից տեսական հմտությունների կանցնեն։

«Սա լավագույն օրինակներից է, որ բուհերում ստեղծվում են գործնական աշխատող լիարժեք աշխատող լաբորատորիաներ»։

Համալսարանում լաբորատորիաների հետ նոր հույսեր են կապում, սակայն նաեւ բարձրացնում մշտապես բարձրաձայնվող խնդիրը՝ գումարները բավարար չեն։ Ոլորտի պատասխանատուն խոստանում է՝  հաջորդ տարի կրթության ոլորտի ֆինանսավորումը կավելանա, թե որքա՞ն՝ փակագծեր չի բացում։ Ասում է ՝ 2022–ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվում է։

Back to top button