ԿարևորՀասարակություն

Որ Եռագույնը ծածանվի հայրենիքի բարձունքներում․․․

Անկախության 30-րդ տարեդարձը այսօր նշել են նաև Սյունիքում։ Կապանի զորամասում անցկացվել է հանդիսավոր միտինգ, ծաղիկներ են խոնարհվել հայրենիքի համար նահատակվածների հիշատակին, կազմակերպվել են ցուցադրություններ, զինվորական խոհանոց՝ բոլորի համար։ Արմեն Դավթյանի ռեպորտաժը Կապանից։

«Գո՛ւնդ, հավսար, զգաստ, լսի՛ր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի հրամանը՝ ի նշանավորումն ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի զորամասի անձնակազմին խրախուսելու, հրամայում եմ՝․․․»

Սյունիքի մարզկենտրոնում Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Կապանի զորամասից։  Հանդիսավոր միտինգ և խրախուսանք զինծառայողներին՝ շնորհակալագրեր, մեդալներ, կարճատև արձակուրդ։

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը համոզված է՝ Հայաստանի անկախության միակ երաշխավորը մեր բանակն է: «Հայկական բանակը անցավ դժվարին փորձություն, բայց մնաց ամուր, աննահանջ ու անկոտրում: Այսօր մենք ավելի մեծ նվիրվածությամբ պետք է ծառայենք մեր բանակին: Ամուր պահենք բանակի թիկունքը՝ համերաշխությամբ, միասնությամբ և աշխատանքով»,–ասում է Դանիելյանը:

Կապանի գնդի ծառայող Վահիկ էլյազյանը զինակիցներին հիշեցնում է՝ հայոց աշխարհի լինելիության հարցը իրենց ձեռքերում է։ Վահիկ Էլյազյան․

«Հայոց եռագույնը ոչ թե պիտի գլխիկոր ծածանվի Եռաբլուրում, այլ մեր կողմից ազատագրված հայրենիքի բարձունքներում»։

Զորամասից կապանցիները շարժվում են դեպի Բաղաբուրջի պանթեոն, որտեղ ամփոփված են արցախյան պատերազմների հերոսները։ Ծաղկեդրում և պսակադրում։

Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում զինվորական խոհանոց է տեղակայվել, բայց  տարբեր՝ տոնական ճաշացանկով։  Բոլորին հրավիրում են համտեսելու։ Բարձրացված  առաջին բաժակը ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների է, հետո հնչում են շնորհավորանքները։ Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյան․

«Այստեղ համախմբված ենք՝ նշելու հայրենիքի անկախության տոնը։ Եվ բաժակ ենք բարձրացնում միմյանց շնորհավորելու»։

Կապանցի Լիանա Մարգարյանի և նրա ընկերուհիների համար Անկախության օրը տարիներ շարունակ հպարտանալու առիթ է եղել։ 2021թ-ի սեպտեմբերի 21-ն ուրիշ է․

«Տարիներ առաջ անկախությունը իմ համար անկախություն էր և ազատություն։ Իսկ հիմա միայն անունով անկախություն է։

-Ի՞նչ փոխվեց։

-Պատերազմը։ 20 թվականի սեպտեմբերյան պատերազմը»։

Լիանան վստահ է, որ իրավիճակը փոխվելու է, և համախմբվածություն է  մաղթում․

«Սեր՝ մեկը մեկի հանդեպ, համախմբվածություն և հարգանք։ Եթե այս երեքը ունենանք, ամեն ինչ կարող ենք ունենալ»։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասում է՝ տարեթվեր կան, որոնք ստեղծվում են ժամանակի պահանջով, և հավերժանում են դարերի ու սերունդների համար։ Այդպիսի մի օր էլ 1991թվականի սեպտեմբերի 21-ն է․

«Մարտահրավերներով ու խնդիրներով լի այս ժամանակներում  շատ է կարևորվում պետականության, մեր ինքնության ու արժեհամակարգի պահպանումը։ Մեր ջանքերը պիտի ուղղված լինեն մեկ նպատակի՝ լինել միասնական ու համախմբված»։

Կապանի համայնքապետը Անկախության 30-ամյակի առթիվ շնորհակալագրեր հանձնեց Կապանի պաշտպանության ընթացքում աչքի ընկած մարտական ջոկատներին։ Անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ էին կազմակերպվել Սյունիքի այլ համայնքներում ևս։

Back to top button