Էվոլյուցիա

Եվրոպայի համար սիմվոլիկ, Հայաստանի համար` կենսական. պե՞տք են բաց սահմաններ. «Էվոլյուցիա»

Եվրոպան հաջող իրացրեց բաց սահմանների քաղաքականության մոդելը։ Եվրոպային հաջողվեց վայր դնել զենքերը, հրաժարվել պատերազմներից ու ամրագրել՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, իրավունքները՝ կարևորագույն պայման։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Մովսես Դեմիրճյանի խոսքով՝ Եվրոպային դա հաջողվեց, որովհետև այդ տարածաշրջանի երկրները կրում են միևնույն քաղաքակրթական արժեքները, գտնվում են միևնույն քաղաքակրթական տարածքում և անցել են հավասարաչափ նույն քաղաքակրթական ճանապարհը՝ ժառանգել են հին հունական գիտությունը, վերցրել հին հռոմեական իրավունքի կարգը, ընդունել քրիտոնեություն և գիտական յուրաքանչյուր նվաճում արագորեն տարածել կողքի պետության մեջ:

Նիդերլանդների և Բելգիայի միջպետական սահմանը՝ սրճարանի միջով անցնող

«Բաց սահմանները հնարավոր են այն դեպքում, երբ պետության տարածքից այն կողմ գտնվում է այնպիսի մի պետություն, որը կիսում է քեզ հետ քաղաքակրթական նույն արժեքները։ Տեսեք օրինակ Ֆրանսիայից այն կողմ ոչ թե գտնվում է մի պետություն, որը ուզում է նվաճել կամ ոչնչացնել Ֆրանսիան, այլ մի պետություն, որը զարգացել է նույն արժեհամակարգով՝ դարեր շարունակ, ինչպես Ֆրանսիան»,-ասում է Փ․Գ․Թ․ Մովսես Դեմիրճյանը։

Թեպետ Եվրոպայում սահմանները բաց են, սակայն յուրաքանչյուր պետություն ունի ազգային մշակույթ, ազգային ընկալումներ։ Քաղաքագետ Վահե Պողոսյանի խոսքով՝ գլոբալացման և բաց սահմանների արդյունքում պետությունների միջև միջմշակութային շփումներն ավելանում են։ Սակայն միայն մշակութային կոմպոնենտը բավարար չէ․ Վահե Պողոսյան․

«Կա մշակութային կոմպոնենտ և կան անվտանգային ու քաղաքական կոմպոնենտներ։ Այս տեսանկյունից գլոբալացումն ու բաց սահմանները տանում են համամարդկային արժենքերի առաջ մղմանը և այստեղ հետընթաց է ապրում ազգային պետության, ազգայնականության դերը և առաջ է մղվում աշխարհիկ պետությունների ստեղծման գաղափարը»,-ասում է քաղաքագետ Վահե Պողոսյանը։

Մի շարք մասնագետներ և ինչու ոչ՝ նաև հակաուտոպիստ գրողներ կանխատեսում են, որ աշխարհը ամբողջովին կգլոբալանա և սահմաններ չեն լինի առհասարակ։ Այդպիսի մի իրականություն էլ ներկայացնում է Հաքսլին՝ իր «Օ Չքնաղ աշխարհ» վեպում։ Սակայն գործնականում դա հնարավոր չէ՝ պնդում է փիլիսոփա Մովսես Դեմիրճյանը․

«Մեր տարածաշրջանում՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա, բոլորը տարբեր պետություններ են քաղաքակրթական առումով և ազգային մշակույթների առումով։ Այս բոլոր պետությունների մոտեցումները տարբերվում են՝ մարդու կյանքի նկատմամբ։ Այս երկրներից ոմանք տարածքային նկրտումներ ունեն կողքի պետությունների հանդեպ, որոշ պետությունների քաղաքականությունն էլ թելադրվում է դրսից։ Մեր տարածաշրջանը հարթ չէ քաղաքակրթական առումով, ծայրահեղ տարբեր են, հիմք չկա և բաց սահմանների քաղաքականություն վարելու հնարավորություն և ոչ էլ նպատակ կա»։

Գլոբալիզացիան՝ բաց սահմանների մոդելի տեսքով երբեք չի կարող հայտնվել մեր տարածաշրջանում, կարծում է փիլիսոփա զրուցակիցս։ Ըստ նրա՝ դրա ցանկությունն անգամ տարածաշրջանի բոլոր պետությունների մոտ միաժամանակ չի էլ կարող առաջանալ՝ «այդքան տարբեր են մեր զարգացման քաղաքակրթական հիմքերը», ասում է Մովսես Դեմիրճյանը։

Քաղաքագետ Վահե Պողոսյանի դիտարկմամաբ էլ՝ ժողովրդավարությունն ու գլոբալիզացիան կապված են միմյանց հետ, իրավիճակը ապագայում, գուցե, փոխվի, բայց առաջիկա 100 տարում չի նշմարվում որևէ կերպ, որ արևելքի պետությունները կբացեն սահմանները․

«Արևելքի պետություններից մեծ թվով արտագաղթ է տեղի ունենում Եվրոպա և եթե հետո այդ սերունդները, որոնք արդեն կկրեն եվրոպական արեքները, վերադառնան արևելքի իրենց պետություն, այդ ժամանակ որևէ բան կարող է փոխվել, բայց, իմ կարծիքով, համենայնդեպս առաջիկա հարյուր տարում նման բան տեղի չի կարող ունենալ»։

Բաց սահմանների քաղաքականությունն անհնար է Հայաստանի պարագայում, բայց դա չի նշանակում բոլորովին, որ բաց սահմանների այլընտրանքը փակ սահմաններն են, ասում է փիլիսոփան։ Խորհրդային Միության տարիներին կային բաց սահմաններ, բայց, ըստ նրա, ԽՍՀՄ-ը արհեստական կառույց էր և դատարապարտված էր քանդվելու, իսկ ԵՄ բնածին կառույց է՝ ստեղծված հարյուրամյակների քաղաքակրթական նույն հիմքի վրա․

«Հայաստանը չի կարող գոյատևել բաց սահմաններով այս տարածաշրջանում, բայց լիովին փակ սահմաններով էլ չի կարող գոյատևել։ Սահմանները պիտի բացվեն այնքանով, որքանով դրանք կնպաստեն Հայաստանի հզորացմանը։

Եթե եվրոպական երկրներում սահմանները սիմվոլիկ նշանակություն ունեն, ապա Հայաստանի համար սահմանները կենսական նշանակություն ունեն, որովհետև եվրոպական երկրից այն կողմ եթե ևս մեկ եվրոպական երկիր է, ապա Հայաստանից այն կողմ գտնվում է հակահայաստանը, երկիր, որը չի ուզում մեր երկրի գոյությունը։ Հետևաբար, մեծ վտանգ կա, որը գուցե այսօր Հայաստանի իշխանությունները չեն հասկանում և փորձում են առաջնորդվել եվրոպական մոդելով, լավ կլիներ, որ մեր տարածաշրջանն էլ այդպիսին լիներ, ինչպես Եվրոպան, բայց այդպիսին չէ»,-ասում է Մովսես Դեմիրճյանը։

Գլոբալ՝ աշխարհաքաղաքական առումով քաղաքագետ Վահե Պողոսյանը առաջիկա հարյուրամյակում փոփոխություններ չի ակնկալում։ «Այսօրվա իրավիճակը համենայնդեպս դրա մասին է խոսում»,- ասում է քաղաքագետ զրուցակիս։

Փիլիսփա Մովսես Դեմիրճյանի խոսքով էլ ժամանակակից պետությունները, հասարակությունները թևակոխել են զարգացման բոլորովին այլ փուլ և կյանքի, ապրելակերպի կազմակերպման բոլորովին այլ մոդելներ որդեգրելու ճանապարհին են։ Այս առումով Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի սեփական երկրում բազմաոլորտ զարգացմանը, մասնավորապես մեծ ուշադրություն դարձնի կրթությանը, որպեսզի գլոբալիզացվող աշխարհում ունենա ծանրակշիռ ասելիք։ Ինչ վերաբերում է պետության սահմաններին, ապա Հայաստանը շատ զգուշ և հստակ դիվանագիտություն պիտի վարի այս հարցում, որովհետև տարածաշրջանը Եվրոպան չէ։

Այն հարցին, արդյո՞ք եվրոպական երկրները երբևէ կարող են անցնել փակ սահմանների քաղաքականության, փիլիսոփա զրուցակիցս բացատրում է, որ Եվրոպայում մեծ ուշադրություն է դարձվում հասարակագիտությանը, մասնագետները ուսումնասիրում են պետությունը, առանձնացնում հասարակության խնդիրներն ու տեղյակ պահում այդ մասին ղեկավարներին։ Հայաստանն էլ պիտի որդեգրի այդ պրակտիկան, որպեսզի ապագայում կարողանա լինել այնպիսին, որտեղ մարդիկ իրենց կզգան ապահով և երջանիկ։

Back to top button