ԿարևորՀասարակություն

Եթե անհրաժեշտ լինի, զոհասեղանի վրա մեր կյանքը պետք է դնենք․ հայր Ասողիկ

«Ամուր մնալ հավատքի մեջ, ընթանալ Աստծո պատգամներով՝ համախմբված հայրենիքի շուրջ»,-այս հորդորն է տոնական օրվա առթիվ հղել ժողովրդին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր Հայրապետական մաղթանքում։ 30 տարի առաջ անկախության առթիվ ժողովրդին հորդոր է հղել նաև Վազգեն Առաջինը։ Անկախության ձեռքբերման և կայացման գործում մեծ է եղել և՛ Հայ առաքելական եկեղեցու, և՛, մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի դերակատարումը։ Չնայած դժվարություններին՝ եկեղեցին եղել է ժողովրդի կողքին, պետությունը` եկեղեցու:

Մեր պետության դժվարին պահերին եկեղեցին կանգնել է ժողովրդի կողքին և պայքարել հավասարաչափ: Դժվարություններ միշտ են եղել՝ թե՛ պետության ստեղծման, թե՛ ստեղծածը պահպանելու ճանապարհին,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Միասնականությունն է, որ օգնել է դիմագրավել այդ փորձություններին.

«Չկա մեր հասարակական–քաղաքական կյանքում մի իրավիճակ, որը փոթորկել է մեր իրականությունը, մեր ժողովրդին, և այդտեղ չի հնչել եկեղեցու պատգամը։ Մանավանդ, վերջին երեք տարիների իրադարձությունների ժամանակ եկեղեցու ներկայությունը միշտ եղել է։ Ցավոք, անցյալ տարվա դավադիր պատերազմը, մեր կորուստները որոշակի դժվարություններ առաջ բերեցին մեր կյանքի տարբեր ասպարեզներում»։ 

Հայը, որ մշտապես հաղթահարել է բոլոր դժվարությունները, կարողացել է գոյատևելով հարատևել, հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը վստահ է՝ այսօրվա դժվարությունները նույնպես կհաղթահարի․

«Միայն պետք է գիտակցել, որ հայրենիք-պետություն-ազգ գաղափարը անձերից և ամեն ինչից բարձր է, և եթե անհրաժեշտ լինի, զոհասեղանի վրա մեր կյանքը պետք է դնենք»։

Անկախության կայացման գործում առանձնանում է հատկապես Վազգեն Առաջին կաթողիկոսի գործունեությունը։ «Եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, թե ինչ դեր են ունեցել եկեղեցին ու հոգևորականը ժողովրդի ամենադժվար պահերին»,- նշում է հայր Ասողիկը․

«Երջանկահիշատակ Վազգեն վեհափառը, որ միշտ փափագել է տեսնել իր հայրենիքը ազատ և անկախ, զգուշավորությամբ էր մոտենում անկախության գաղափարին, քանի որ միշտ առաջնորդվել է իրապաշտ հեռատեսությամբ։ Եվ երբ հռչակվեց անկախությունը, բնական էր, որ հայոց Հայրապետը իր  օրհնությունը պիտի բերեր նորանկախ հանրապետությանը։ Ոչ միայն իր օրհնությունը բերեց, այլև նյութական աջակցությունը ցուցաբերեց։ Կարողացավ ժողովել ամբողջ Սփյուռքի ներուժը և ծառայեցնել հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Եվ ահա այդ իրողությունը նկատի ունենալով՝ ՀՀ նախագահը երջանկահիշատակ Հայրապետին շնորհում է  Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը և պատիվը»։

«Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ սեպտեմբերի 21-ին մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` «Այո՛»։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի խոսքերն են։

Այս երեսուն տարիներին, ինչպես նաև դրանից առաջ, հարթ չի եղել նաև եկեղեցու ճանապարհը,-նկատում է Բագրատ սրբազան Գալստանյանը։

«Կացնահարված ժառանգություն ունեցած լինելով՝ Խորհրդային տարիներից հետո եկեղեցին փորձում է իր ներքին կյանքի վերաշտկումները կատարել։ Անկախության վերականգնման առաջին իսկ վայրկյանից ներթափանցել են զանազան աղանդավորական տարբեր կազմակերպություններ, որոնք հոգևոր կյանքով են փորձել բզկտել մեր ժողովրդի կյանքը»։

Սրբազանը նկատում է՝ եկեղեցին, դիմակայելով մարտահրավերներին, եղել է մեր պետականության բացառիկ հաստատությունը, մտքի և հոգու շարունակականության միակ կրողը։ Հոգևոր հայրը համոզված է, որ դժվարություններն ավելի են հզորացնում եկեղեցուն և օգնում են ապրել Ավետյաց երկրի տեսիլքով։

Back to top button