ԿարևորՀասարակություն

Հայրենիքը գնահատում է նվիրյալներին․ ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել

Անկախության 30-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել հայրենիքի նվիրյալներին՝ տարբեր ոլորտներից։ «Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին», ասել է նախագահը՝ շեշտելով, որ հանձնված պարգևները Հայրենիքի գնահատականն են։  

Գնդապետ Հովհաննես Ավագյանին հետմահու շնորհված  «Մարտական խաչ»  առաջին աստիճանի պարգևը ստանում է դուստրը՝ Նելլի Ավագյանը։ Պատմում է՝ հոր հետ խոսել են պատերազմի օրը և նոյեմբերի 7-ին, երբ տեղի է ունեցել դեպքը․

«Հայրս այդ օրը զանգեց ,մայրիկիս հետ խոսեց։ Երևի ամենաերկար խոսակցություն էր,  հայրս երևի զգում էր։ Մայրս ասաց՝ արդեն 42 օր՝ անքուն գիշերներ ես ունեցել, արի, գոնե մի քիչ հանգստացի, թող քեզ փոխարինեն, էդքան եկան կոչումներ ստացան։ Հայրս ասաց՝ է՜, Ինես բերանս ես  բացում։ Ու դա եղավ մեր վերջին զրույցը»։

Պատերազմի օրերին  Ավագյանների ընտանիքը ապրում էր Ստեփանակերտի նկուղներում։ Աղջիկն  ասում է՝ անկախության  օրը առանց հայրիկի շատ դժվար է․ հիշողությունները հանգիստ չեն տալիս․

«Անցած տարի այս օրը հենց այս հագուստով ես հայրիկիս հետ Շուշիում էի, ու ինձ ասաց՝ կտեսնես, մյուս   տարի այս օրը ինձ գեներալի կոչում պետք է տան։ Ու ես եկել եմ պարգևը վերցնելու։ Ինքը գեներալի կոչում էր ուզում, բայց դարձավ ազգի հերոս։ Հայրս միակ սպաներից է, որ հայկական «յան» ազգանունը գրել է  ոսկե տառերով  Մոսկվայի ամենաբարձր՝  գենշտաբի ակադեմիայում։ Նա ոսկե մեդալով է ավարտել։ Նա յուրահատուկ էր  թե՛ իր գիտելիքներով, թե՛ մարտական գործողություններին տիրապետելով»։

«Զինվորականի  կին լինելը դժվար է, պատասխանտվությունը՝ մեծ»,–ասում է փոխգնդապետ, զրահատանկային զորամասի հրամանատար Վալերի  Բուռնուսուզյանի կինը։ Նարինեն  այսօր նախագահական նստավայր էր եկել՝ ստանալու ամուսնուն հետմահու շնորհված «Մարտական խաչ»  առաջին աստիճանի պարգևը։

Նարինեն ասում է, որ ամուսինը պատերազմից առաջ տագնապ է զգացել։ Մի անգամ նույնիսկ ասել է՝ եթե պատերազմ լինի, ինձ չսպասես, տանկիստ եմ, իսկ տանկիստից ոչինչ չի մնում, տանկիստները վառվում են։

«Եթե գիտակցաբար ընտրում ես զինվորականի կին լինելու ճակատագիրը, ապա պետք է պատվով տանես այդ կոչումը։ Իսկ երեխաներս դեռ փոքր են, ու  հայրիկի կարիքը իրենք շատ  են զգում, բայց չեն գիտակցում մարդկային  չարությունը, թե ի՞նչու մարդը մարդուն կարող է սպանել»։

14- ամյա Գոռ Մաթևոսյանի ձեռքում շտաբի պետ  հայրիկի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանն է։ Դարձյալ հետմահու։ Ասում է՝ մինչ այս դեպքը որոշել էր զինվորական դառնալ ու հայրիկի գործը շարունակել։ Հպարտանում է՝ հայրը հայրենիքի մասին չէր խոսում, գործով էր ապացուցում։ Գոռը համոզված է՝ հայրը մեդալի համար չի կռվել, նրա համար միևնույն էր՝ մեդալ կունենա՞, թե՞ ոչ։

«Հայրենիքի մասին չէր խոսում,բայց գիշերները տուն չէր գալիս ու ամեն ինչ անում էր հայրենիքի համար»։

Անկախության 30 –ամյակի առթիվ այսօր նախագահական նստավայրում  զինվորական ու պետական պարգևների արժանացան պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների ներկայացուցիչներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը նկատեց՝ դեռ ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել Հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար։ Նա մեջբերեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը խոսքերը՝ «հայրենիքից նեղանալ չի կարելի»:

«Այդուհանդերձ, այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն: Դրանք Հայրենի՛քի գնահատականն են, կրկնում եմ՝ Հայրենի՛քի գնահատականն են»:

Նախագահը նկատեց, որ անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի: Իսկ  վերջին մեկ տարին ամենածանր էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով ու վերքերով․

«Պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ: Երեսուն տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք մեծ հաղթանակ: Սակայն 30 տարի անց մենք տեսնում ենք, որ այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները»:

«Ունենա՛նք պետական մտածողություն»,-այսպես եզրափակեց  իր խոսքը նախագահ Արմեն Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button