ԿարևորՍպորտ

Գյումրիում է անկախ Հայաստանի սպորտային ոսկու ամենամեծ պաշարը

Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու պատանեկան օլիմպիական խաղերում շիրակցի մարզիկները Գյումրի բերեցին 139 ոսկե, 160 արծաթե և 172 բրոնզե մեդալ, ընդհանուր հաշվով՝ 471 մեդալ։ Ինչպիսի՞ն է անկախության սպորտային սերունդը, որտե՞ղ և ո՞վ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրացրեց եռագույնն ու աշխարհին լսելի դարձրեց մեր օրհներգը՝ ռեպորտաժում։

Օրհներգ, դրոշ, Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշերը սկսել էին կյանքի ուղեգիր ստանալ, երբ 1991-ի սեպտեմբերի 21-ից ուղիղ 1 ամիս անց՝ հոկտեմբերի 21-ին, Ալեքսանյանների մարզական ընտանիքում օրհներգի հետ մեկտեղ մանկան ճիչ լսեցին։  Անկախության առաջին զավակը Արթուր Ալեքսանյանն էր կամ, գյումրեցիների բնութագրմամբ, մեր սպիտակ արջը։ Հոր՝ Գևորգ Ալեքսանյանի կամքն ու ապագայի հանդեպ լավատեսությունը բազմապատկվեց։ 

«Երեխայի ծնունդի հետ մեկտեղ ծնողի մոտ երազանգներ են ծնվում, նպատակներ են ծնվում»։

Անկախության սերունդ Արթուրը, ծնողների երազանքներն ու նպատակները ծնվեցին խավարի ու ցրտի պայմաններում՝ 88-ի երկրաշարժի ավերակներից  տնքացող քաղաքի փլատակներում։ Բայց ինչքան ծանր էին դժվարություններն ու խնդիրները, այնքան ավելի լուրջ ու հավակնոտ էին ապագայի ծրագրերը։ Գևորգ Ալեքսանյանը դարձավ որդու անձնական մարզիչը։ 

«Երազել եմ այնպիսի զավակ մեծանա, որ բարձր պահի մեր ընտանիքի, քաղաքի, երկրի պատիվը»

Գյումրեցի  Արթուրի մասին աշխարհում դեռ հետո պիտի լսեին ու նրանց դեռ հետո պիտի Գյումրու սահմանների մոտ հատուկ ընդունելությամբ դիմավորեին։ Մինչ այդ՝ 1992 թ-ին Բարսելոնայում 25-րդ օլիմպիական խաղերն էին։ Շիրակի պարզպետարանի մշակույթի, սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն է հիշում։

«Մասնակիցներն Իսրայելն էր Միլիտոսյան և Մնացականը Իսկանդարյան։ Ինչո՞ւ էին քիչ, որովհետև այդ ժամանակ խորհրդային միության ներկայացուցիչները հանդես եկան մեկ միասնական թիմով, անկախ պետությունների համագործակցության դրոշի տակ»։

 Թե ինչպես ԱՊՀ երկրների միասնական թիմում մասնակիցների ճակատագիրը կորոշեին մրցավարները՝ մեր տղաները մեծ լարվածությամբ էին սպասում, շատ հզոր մարզիկներ էին հասել Բարսելոնա ու անգամ մասնակցության թույլտվություն չէին ստացել։

Իսրայել Միլիտոսյանն է հիշում «Կանգնել ենք կշեռքին, նոր համոզվել ենք, որ մասնակցելու ենք»։

Իսրայել Միլիտոսյանի վերքերը թարմ էին․ երկրաշարժի զոհ էին դարձել եղբայրը, քույրը, բարեկամներն ու հարազատները։ Իսրայելը եղբորն օլիմպիական ոսկի էր խոստացել, խոստումը պահելու էր՝ ինչ գնով էլ լիներ։ 1992-ին Բարսելոնայի օլիմպիական խաղերում առաջին անգամ հնչեց Հայաստանի երրորդ հանրապետության օրհներգն ու բարձրացավ եռագույնը։ Իսրայել Միլիտոսյանի հոգում խառնվել էին հուզմունքն ու հպարտությունը։

«Եռագույնը բարձրանալիս ես եղբորս ու քրոջս նկարն էի տեսնում դրոշի վրա»։

Շիրակի մարզպետարանի մշակույթի, սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյան․

«Իսրայելը ծանրամարտում դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ Մնացական Իսկանդարյանը՝ հունահռոմեական ըմբշամարտում։ Իհարկե, Հայաստանն այդ տարի ունեցավ երրորդ օլիմպիական չեմպիոնը, հանձինս հրաձիգ Հրաչյա Պետիկյանի»։

Այդ ժամանակ Գյումրին այն վիճակում չէր, որ կարողանար մեծ տոնակատարությամբ, դհոլ զուռնայով ընդունել իր չեմպիոններին։

Իսրայել Միլիտոսյանն է հիշում․

«Մեզի անձամբ ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանը ու մի հատ զինանշան է պարգևել»։

«Ռադիոլուրի» հարցին, թե քանի մեդալ է նվաճել՝ Իսրայել Միլիտոսյանը չկարողացավ պատասխանել, թիվը շատ մեծ է, բայց խոստացավ մի օր միասին հաշվել ու վերհիել բոլոր նվաճումները։ Հայսատանից էլ ավելի շատ հայ մարզիկի ձեռքբերումներն առանձնացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Շիրակի մարզպետարանի մշակույթի, սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյան «Իսրայելը այն հատուկենտ մարզիկներից է, ով անձնական անկյուն ունի Լոզանում»։

Անխախացած Հայաստանի վիրավոր քաղաքում դժվարությունները շատ էին, բայց ձգտումն էլ էր մեծ։ Չկային տարրական պայմաններ, սակայն տղաները մարզվում էին, մեկը մյուսի նվաճումներով ոգևորվելով՝ իր անունն էր ավելացնում «ոսկե» հաղթանակների տարեգրքում։

Շիրակի մարզպետարանի մշակույթի, սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյան «Անկախության 30 տարիներին օլիմպիական խաղերում ունեցել ենք 10 մեդալ, 3 չեմպիոն։ Իսրայել Միլիտոսյանից ու Մնացական Իսկանդարյանից  հետո՝  21-րդ դարում առաջին օլիմպիական չեմպիոնը  2016-ին Ռիոյի օլիմպիական խաղերում՝ Արթուր Ալեքսանյանն էր, ունենք նաև 3 փոխչեմպիոններ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, կրկին Արթուր Ալեքսանյանը, որ Տոկիոյում բավարարվեց արծաթե մեդալով, իհարկե՝ մրցավարի «ջանքերի» շնորհիվ։  Ունենք նաև 4 բրոնզ, Պեկինում նվաճեցին Գրորգ Դավթյանը, Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը։ 2012ին Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Ալեքսանյանը, իսկ արդեն Տոկիոյում՝ մեր Հովհաննես Բաչկովը»։

Հետո՝ բացվում է աշխարհի, եվրոպայի գյումրեցի չեմպիոնների ցանկը Աղասի Մանուկյան, Երվանդ Գրիգորյան, Նազիկ Ավդալյան, Տիգրան Մարտիրոսյան, Գրիգոր Մխիթարյան, Հակոբ Մկրտչյան, Արթուր Հովհաննիսյան, Կարապետ Չալյան։ 

Քաղաքի ավանդույթներում փոփոխություն մտավ․ չեմպիոններին քաղաքը սկսեց դիմավորել դհոլ-զուռնայով։

 Միմյանց հաջորդելով Եվրոպայի, աշխարհի ստուգատեսներում ու օլիմպիական խաղերում  Հայաստանի դրոշը բարձրացրին ու հիմնը լսելի դարձրին ոչ միայն դյուցազունները, այլեւ  դյուցազնուհիները։ Գյումրին դարձավ անկախ Հայաստանի մարզական հաղթանակների անվիճելի առաջամարտիկը։  Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու պատանեկան օլիմպիական խաղերից շիրակցի մարզիկները Գյումրի բերեցին 139 ոսկե, 160 արծաթե և 172 բրոնզե մեդալ, ընդհանուր հաշվով՝ 471 մեդալ։

 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է կատակով հիշում «Մեկը գրել էր, թե հաշված մարդիկ են մնացել Գյումրիում, որ չեմպիոն չեն եղել»։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան «Մեր քաղաքը սպորտի քաղաք է, արհեստի քաղաք է, արվեստի քաղաք է, երբեք չասեք, թե կրիմինալ քաղաք է, որպես քաղաքապետ ես դրանից վիրավորվում եմ»։

Գյումրիում այսօր 7000 պատանի սպորտային իր ուղին է հարթում 38 մարզական կազմակերպություններում։ Սա ընդգրկվածության բարձր ցուցանիշ է, ու չնայած դրան՝ խնդիրներն էլ «իրենց դիրքերը չեն զիջում»։ Վաչագան Վարդանյանն ամենակարևորներն է առանձնացնում։ Մարզական Գյումրին չունի այնպիսի մարզակառույց, որտեղ կարողանա հյուրընկալել մարզիկներին այնպես, ինչպես օրինակ Երևանում, Վանաձորում են ընդունում։ Հատկացվող գումարների մեծ մասը ճանապարհածախս է դառնում։

«Եթե մրցումներն այստեղ լինեն, այդ գումարներով կարելի է մարզագույք ձեռք բերել։ Երկրորդ խնդիրն էլ հետևյալն է խորհրդային տարիներին ունեինք ֆիզկուլտդիսպանսեր կոչված հաստատություն, որտեղ մրցումներից առաջ երեխաները գնում էին զննումների։ Բազմիցս խնդրել, առաջարկել ենք պատկան մարմիններին, որ Գյումրու բժշկական կենտրոնի բայազի վրա բացվի սպորտային բժշկության կաբինետ, գոնե հավաքականի թիմի մարզիկները կարողանան այնտեղ մասնագիտական բուժզննում անցնեն»։  

Չնայած խնդիրներին, գյումրեցի մարզիկները նորանոր ձեռքբերումներ են խոստանում առաջիկա մարզական ստուգատեսներում,  իսկ ապագա մարզիկները Գյումրիի փողոցներում Անկախ Հայաստանին սիրո խոստովանություններ են շռայլում ու խոստանում լինել ավելի՛ հզոր,  Հայստանի օրհներգը աշխարհի տարբեր կողներում լսելի դարձնել, դրոշն էլ ամենապատվավոր բարձունքում պահել։

Ցուցադրել ավելի
Back to top button