ԿարևորՀասարակություն

Գաղափարից՝ ճախրող արդյունք․ հայտնի են Կարեն Վարդանյանի հիմնադրամի մրցույթի հաղթողները

Լոռու մարզի Լեռնապատ համայնքում  անցկացվեց  ԱԹՍ-ների առաջին մրցույթը։ «Հավք 2021» անունը կրող մրցույթին մասնակցել են ինչպես դպրոցականներ, սիրողական խմբեր, այնպես էլ Դրոններին տրվել է  հետևյալ  առաջադրանքները՝  «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում»,  «Հեղուկ նյութերի սփռում»։ Միմյանց հետ մրցել են շուրջ երեք տասնյակ խմբեր։ Մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։

30-40 կմ շառավղով կատարել ցանկացած առաջադրանք՝ քաղաքացիականից մինչև ռազմական․ «Պրոմաք» ընկերության նոր ԱԹՍ-ն է։ Դրոնը ռազմական է, բայց առաջիկայում օգնության կհասնի փրկարարներին ։ Սա կրակի օջախի հայտնաբերման լավագույն տեխնոլոգիական լուծումն է «Հավք 2021» ԱԹՍ առաջին մրցույթում։

«Հավաքելը շատ բարդ պրոցես չէ։ Սա հատուկ է արված, որպեսզի ավելի հարմար լինի տեղափոխման համար։ համարյա թե վերջ։ Մնում են մարտկոցներն ու օգտակար բեռը։ Օգտակար բեռն այս պարագայում տեսախցիկներն են և ֆոտոտեխնիկան քարտեզագրում կատարելու համար։ Կախված խնդրից տեղադրվում է համապատասխան օգտակար բեռը»։

Խնդիրը կատարվել է գերազանց։ Վայրէջքը՝ հաջող․ լարված աշխատանքից հետո լարված մրցույթի արդյունքներն է ներկայացնում ընկերության ներկայացուցիչ Արշավիր Ստեփանյանը։

«3-4 կմ հեռավորության վրա գտնվել են մոտ 15 կրակի օջախներ, որոնք մեր կողմից հայտնաբերվել են։ Ոչ մի կորուստ չունենք»։ 

Էապես  բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքը․ Լեռնապատում՝ ԱԹՍ փորձակայանում անցկացվող ԱԹՍ-ների առաջին «Հավք 2021» մրցույթի  մասնակիցներին առաջադրված հիմնական պահանջն է։ 27 թիմ՝ 10 քաղաքից․ դպրոցահասակներ, սիրողական խմբեր, սկսնակ և արդեն արհեստավարժ ընկերություններ  փորձում են առավել արագ և արդյունավետ հաղթահարել «մարտական» խնդիրները՝ իրենց նախագծած ԱԹՍ-ներով հայտնաբերել կրակի օջախը, գտնել տուժածին ու նրան գոյատևման փաթեթ առաքել, հրդեհի դեպքում բարձրից հեղուկ նյութեր ցողել։ 

Արմաթականներն են՝ «Ղողանջ 3» թիմը: Տուժածներին հայտնաբերելու և գոյատևման փաթեթ առաքելու՝ մոտ ապագայի նոր «երաշխավորները»։  Նրանց ԱԹՍ-լուծումներն ամենամրցունակն են։ Առաջին փորձությունը չի հաղթահարվում․ դրոնը թռավ, բայց չվերադարձավ։  Երկար որոնումներից հետո տղաները գտան։ Նույն դրոնը, սակայն, հաղթող է այլ «մարտում»՝  ջուր ցողելու եւ  տուժածին օգնություն ցուցաբերելու առաջադրանքում։  Պայմանական տուժածին դժվար են գտել, բայց օգնություն հասցնելը չեն ուշացրել։

«Ղողանջի»՝ ծնողների բնութագրմամբ «Երեք հրացանակիրներն» են, «Արմաթ» լաբորատորիա են հաճախել տարբեր ժամանակներում, բայց հիմա մեկ թիմ են դարձել։ Ստեփանը, Ռոլանդը ու Մհերն իրենց  առաջին դրոնը մոդելավորել են 11 օրում։ Երկար ժամանակ լիներ՝ ավելի լավը կպատրաստեինք՝ ասում են, բայց հաջողել են մեկ սարքով երեք լուծում տալ։ 

«Մեր դրոնն ունի երեք  ֆունկցիա։ Մեկով կարողանում է ջուր սփռել,  մյուսով կամ կրակի օջախ հանգցնել կամ եթե ինչ-որ բան պետք է ներկել»։

Ստեփանն է համակարգչային բոլոր կարգավորումները տալիս։ Ոչ թե անգլերենից է ուժեղ, այլ նյարդերն են ամուր՝ կատակում են ընկերները։ Մրցույթից առաջ շատ խոսել չեն ցանկանում, լարված են։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի բանաձեւն էր՝ պետք է հաղթել բարձր տեխնոլոգիական լուծումներով։ «Հավք 2021» մրցույթի կազմակերպիչներն էլ այսպիսով նպատակ ունեն ԱԹՍ-ների միջոցով փրկարարական միջոցառումների նոր լուծումներ առաջարկել։

Նախաձեռնությունը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությանը՝ ասում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։ ԱԹՍ-ների մոտ 100 մետրանոց թռիչքուղու կողքին օդանավակայան է  կառուցվում։ 760 քմ տարածքով շենքը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ Կառուցվելու են նաև ճամբարներ։

«Ամեն ինչ պետք է անենք, որ օր առաջ շենքը պատրաստ լինի։ Երեխաները գան, փորձարկեն։ Օդանավակայանի շենքն է լինելու իր տեխնիկական մասով, իր լաբորատորիայով։ Երբ գան փորձարկումների ու մի բան ջարդեն, կարողանան տեղում վերանորոգել»։

Կարեն Վարդանյան կրթական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաեւ մարզերը՝ կյանքի կոչելու այնտեղ բնակվող երեխաների գաղափարները եւս՝ ասում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը։ Այսօրինակ սարքավորումների ստեղծումը կարևոր ներդրում է երկրի համար։ Վերջին երկու  պատերազմները փաստում են դրանց ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական նշանակությունը։

Մրցավարական խմբում գերատեսչությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ են ու մրցույթի կազմակերպիչները։ 15 մլն դրամի մրցանակային ֆոնդից իրենց բաժինն ունեն բոլոր թիմերը։ Այս գումարով նրանք խոստանում են նոր, ավելի կենսունակ լուծումներով մասնակցել ԱԹՍ-ների հաջորդ մրցույթներին։ Իսկ դրանք չեն ուշանա՝ խոստանում են կազմակերպիչները։

Back to top button