ԿարևորՀասարակություն

Անկախության պատմությունը դասագրքերում․ ինչն է պակասում կամ ավելին ներկայացվում

Ի՞նչն է պակասում պատմության դասագրքերի այն բաժիններում, որտեղ ներկայացվում  է Հայաստանի անկախության 3 տասնամյակների պատմությունը կամ ինչն է ավելին ներկայացվում, քան անհրաժեշտ է։ Մասնագետները վերարժևորման խնդիր են դնում, կարևորում պատմական իրադարձությունների անկեղծ շարադրումը՝ զերծ քաղաքական նախասիրություններից, սխալների ու բացթողումների մասին չխոսելու կարծրատիպից։

«Երեսնամյա մեր պետության անկախության պատմությունը դասագրքերում ընթերցելիս տպավորություն է, թե ոչ մի սխալ թույլ չենք տվել։ Իսկ  աշակերտին պետք է նաև սխալների մասին պատմել»,–այս համոզմունքն ունի պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Նրա ձևակերպմամբ՝ պատմության դասագիրքը պետության անվտանգության երաշխիքներից մեկն է։              

 «Պատմության դասագրքերում չկա քննադատություն, վերլուծություն բացթողումների վերաբերյալ։ Անկախության պատմությունը հերոսապատումների շարք է, տեքստը զտված է, չկա որևէ անդրադարձ թույլ տրված սխալներին և տպավորություն է, թե ամեն ինչ իդեալական է եղել։ Այսօրվա աշակերտը կարող է հարց տալ ինքն իրեն, իսկ եթե ամեն բան անսխալ է եղել, ինչու՞ ենք այսօր այսպիսի ողբերգության առաջ կանգնել»,-ասում է Հայկ Դեմոյանը։

Անկախության պատմությունը դասագրքերում երկու հիմնական փուլով է ներկայացվում՝  Խորհրդային Միության փլուզում ու  Արցախյան շարժում։ Առանց դրանց անկախության պատմությունը լիարժեք չի կարող լինել՝ ասում է պ․գ․թ․ Միքայել Մալխասյանը․

«Արցախյան պատերազմի կոնտեքստը դասագքրում ներառելը պարտադիր է։ Սա առաջին հերթին անվտանգության գիտակցում է ձևավորում, սահմանների և հասարակության անվտանգության, և այս գիտակցումը, մասնավորապես երբ սովորեցնում ենք, թե տարածաշրջանում ինչ իրավիճակ է, պարտադիր է սեփական դասագրքում ներառելը»,-ասում է Միքայել Մալխասյանը։

Միքայել Մալխասյանի խոսքով՝ պետականությանը վերաբերող թեմաները պետք է շարադրվեն ամենայն մանրամասնությամբ, մշակվեն ամենայն պատասխանատվությամբ։ Հեղինակների գործն պետականության գաղափարը պատմության խողովակով աշակերտին հասցնելն է։

«Պետականությանն առնչվող թեմաները շարադրելիս հեղինակները պետք է առաջնորդվեն այն մոտեցմամբ, որ աշակերտը գնահատի պետություն ունենալու գաղափարը։ Սա պետք է արժևորի աշակերտը, եթե սա չլինի, մնացած բոլոր արժևորումները, օրինակ, ճիշտ արտաքին քաղաքականության վարելու և այլնի մասին, կկորցնեն իրենց դերը, եթե տեղ չհասնի պետության լինելու կարևորության գաղափարը»,-ասում է Միքայել Մալխասյանը։

Պատմաբան Հայկ Դեմոյանի կարծիքով՝ պատմության դասագրքերում պատմական կոնկրետ շրջանների ու իրադարձությունների շարադրումը չպետք է կրի ժամանակի քաղաքական դրոշմը, գործող իշխանության համակրանքների կամ հակակրանքների ազդեցությունը։ Նրա խոսքով՝ դասագրքերում հաճախ գրվել է այն, ինչ պատվիրվել  է, երբեմն պատմությունը զտվել է կամ մատուցվել՝ քաղաքական նախասիրություններից ելնելով։ Զրուցակցիս կարծիքով՝ դասագրքերում անկախության պատմությունը շարադրելու ևս մեկ հնարավորություն ունենք․ այս անգամ ընթերցողի հետ պիտի փորձենք ավելի անկեղծ խոսել։

«Այս անգամ գոնե պետք է արձանագրենք, որ 30 տարի է շարունակվում է, բայց նաև վայրիվերումներով, որտեղ թե հաղթանակներ և թե պարտություններ են գրանցվել և որի ընթացքում մենք այո, նաև կոպտագույն սխալներ են թույլ տվել»,-ասում է Հայկ Դեմոյանը։

30-ամյա Հայաստանի կենսագրությունը աշակերտին մանրամասն ներկայացնելը հնարավորություն կտա արձանագրել ձեռքբերումներն ու հաղթանակները՝ չշրջանցելով բացթողումներն ու պարտությունները։ Ի վերջո` նաև դրանք են  սովորեցնում աշակերտին՝ երկրի ապագա քաղաքացուն, թե ի՞նչ է հարկավոր իր ոչ թե 30, այլ մի քանի հազար տարեկան հայրենիքին։

Ցուցադրել ավելի
Back to top button