ԿարևորՄշակույթ

InClassica միջազգային փառատոնը փոխում է դասականի մասին պատկերացումը․ Սերգեյ Սմբատյան

InClassica երաժշտական փառատոնի  պատմությունը սկսվել է 10 տարի առաջ Մալթայում՝ փոքրիկ փառատոնից և վարպետության դասերից։ Տասը տարի անց այն աշխարհի երաժշտական խոշորագույն իրադարձություններից մեկն է, որը դասական արվեստի երկրպագուներին հնարավորություն է տալիս վայելել աշխարհի լավագույն երաժիշտների ու նվագախմբերի կատարումները։

Փառատոնն այս տարի  հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սեպտեմբերի 15-ից 17–ը Դուբայի Coca-Cola Arena-ում երաժշտասերները հնարավորություն են ունեցել ունկնդրել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ճանաչված տենոր Յոզեֆ Կալեյայի կատարումները գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Դուբայի ամենամեծ,  բազմաֆունկցիոնալ համալիրի՝ Coca-Cola Arena-ի բեմում Մալթայի ֆիլհարմոնիկ  նվագախումբն է, դիրիժորական վահանակի մոտ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Երկու օր շարունակ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ ելույթ ունեցան  աշխարհահռչակ երաժիշտներ։ Սեպտեմբերի 15-ին բեմահարթակում հանրահայտ տենոր Յոզեֆ Կալեյան էր։

Աշխարհահռչակ տենորը  յուրաքանչյուր կատարումից հետո պատմում է իր զգացողությունների մասին։ Երգում եմ, որ բավականություն պատճառեմ  մարդկանց՝ ասում է։

«Ավելի լավ բան չկա, քան տեսնել, թե ինչպես է հանդիսատեսը վայելում երաժշտությունը: Իհարկե, կարևոր են երգչի արտիստիզմը, կատարողականությունը, սակայն  ամենաէականը հանդիսատեսին զգալն է, հակառակ դեպքում՝ ամեն ինչ կփչանա»։

Իսկ հանդիսատեսը բուռն էր արձագանքում տենորի յուրաքանչյուր ելույթին․ նրան և դիրիժորին մի քանի անգամ ծափողջույներով, բիս-երով  և բրավո-ներով հետ կանչեցին բեմահարթակ։ Նախատեսված  կատարումներից բացի՝ հնչեցին նաև այլ ստեղծագործություններ՝ Վերդիի, Բիզեի, Պուչինիի, Գունոյի, Մորիկոնեի և այլ ականավոր կոմպոզիտորների:

Յոզեֆ Կալեյան Մալթայի ամենահայտնի երգիչներից է և նվագախմբի լավագույն ընկերը՝ արդեն համերգից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Սմբատյանը։

«Մեծ պատիվ է ներկայացնել նվագախումբը բարձր մակարդակով կազմակերպված փառատոնում, որի շրջանակում աշխարհի լավագույն նվագախմբերն են ելույթ ունեցել և դեռ ունենալու են։ Շատ հետաքրքիր է ու պատասխանատու, քանի որ Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ է հանդես գալիս Դուբայում»,-ասաց  դիրիժորը:

Փառատոնի շրջանակում Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է ոչ միայն Հայաստանի սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ, այլև Ռուսաստանի ազգային, Սլովակիայի ֆիլհարմոնիկ, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբերը՝ 10 համերգ։ Խոստովանում  է՝  երկարատև դադարից հետո տարբեր նվագախմբերի, արտիստների հետ ելույթ ունենալը  ֆանտաստիկ հնարավորություն է։

«Արտիստի կյանքում դա ամենամեծ երջանկությունն է, որ անընդհատ զբաղված ես լինում։ Ու այս փառատոնը տալիս  է այդ երջանկությունը։  InClassica փառատոնը փոխում է պատկերացումը  դասական ակադեմիական արվեստի մասին: Փառատոնին համերգային ծրագրեր են կազմակերպվում ոչ միայն երեկոյան, այլև ցերեկը՝ երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ»:

InClassica-ն մեծամասշտաբ միջոցառում է, որը մեկ հարկի տակ է համախմբում աշխարհի հայտնի ու  ամենապահանջված արտիստներին։

«Այս փառատոնի ընթացքում դուք կարող եք տեսնել Գիլը Շահամին, Մաքսիմ Վենգերովին,Պլիտնյովին, Սերգեյ Խաչատրյանին, Միշա Մայսկիին,  Յոզեֆ Կալեյային։ Մարդիկ որոնք աշխարհում ամենապահանջվածն են։ Եվ այդ հանգամանքը կարող է նպաստել Դուբայում դասական արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը»:

Դուբայում ակադեմիական արվեստը դեռևս լայն տարածում չունի, բայց նման փառատոնները կարող են դառնալ այդ մշակույթի ստեղծողը՝ ասում է Սմբատյանը։

«Հանդիսատեսը նոր է, բայց հուզական է, պատրաստ լիարժեք ընդունել դասական արվեստն ու նրա մասը դառնալ»:

Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Յոզեֆ Կալեյան էլ համերգի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ Դուբայում դասական երաժշտությանը վերաբերող միջոցառումներ գրեթե չկային, սակայն, հնարավոր է, առաջիկայում քաղաքը դասական երաժշտության առաջատարներից մեկը դառնա, ինչին կարող է նպաստել InClassica փառատոնը: Աշխարհահռչակ երգիչը  պատմում է, որ  հենց  Դուբայն  է դարձել իր և  Սերգեյ Սմբատյանի համագործակցության պատճառը։

Հունիսին  Դուբայի օպերային թատրոնում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը ու  հենց այդ ժամանակ է տենորը կատարել Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը։

«Ես հայերեն երգեցի, Սերգեյը շատ տպավորված էր իմ լավ արտասանությամբ, իսկ ես սիրահարվեցի այդ երաժշտությանը: Ո՞վ գիտի, գուցե հայկական երգեր սկսեմ կատարել և գուցե այցելեմ Հայաստան: Շատ սիրեցի Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը: Նրանում կիրք կա, զգացմունք, գեղեցիկ արտահայտություններ, և ես ցանկանում եմ ավելի շատ բացահայտել հայկական երաժշտությունը»,-եզրափակեց Յոզեֆ Կալեյան:

InClassica-ի պատմությունը սկսվել է 10 տարի առաջ Մալթայում՝ փոքրիկ փառատոնից եւ վարպետության դասերից։ Այսօր այն աշխարհի  երաժշտական խոշորագույն  իրադարձություններից մեկն է։ Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։

Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։  Փառատոնի ընթացքում երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 37  կատարողներ, 7 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։ 

Back to top button