ԿարևորՀասարակություն

Հնարավոր զորավարժություններ Արաքսի պարսկական ափին․ ի՞նչ է փորձում կանխարգելել Իրանը

Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու Ադրբեջանի, Արցախի օկուպացված տարածքների և Հայաստանի սահմանի երկայնքով։ Ծրագրած զորավարժությունների դեպքում ցանկացած երկիր նախօրոք իրազեկում է միջազգային պատկան կառույցներին զորավարժությունների բնույթի, ներգրավված անձնակազմի և զինտեխնիկայի մասին։ Այլ է իրավիճակը արտահերթ զորավարժությունների ժամանակ, սակայն այս դեպքում ևս միջազգային տարբեր պատկան կառույցներ պետք է իրազեկվեն։

Առ այսօր զորավարժությունների անցկացման մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, փոխարենը կան լուսանկարներ, որտեղ երևում են իրանական զինտեխնիկայի կուտակումները՝ Արաքսի պարսկական ափին։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չի բացառում զորավարժությունների անցկացման հավանականությանը, ինչը պայմանավորում է օկուպացված Արցախում ահաբեկչական խմբավորումների առկայությամբ և ոչ միայն։ Ըստ փորձագետի՝ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ուժի ցուցադրմամբ փորձում է վիժեցնել ոչ բարեկամ երկրների նկրտումները։

«Տարբեր տեղեկություններ կան, որ այս զորավարժություններին մասնակցում են Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները․  Իրանի իսլամական հանրապետության հեղափոխության պահապանների կորպուսի որոշ ստորաբաժանումներ, որոնք Իրանի զինուժի առավել մարտունակ մասն են։ Հիմնականում Արաքսի ափին՝ Խուդաֆերինի կամուրջի մոտ են, այնուամենայնիվ, այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Իրանի զինուժի կուտակումներ կան այդ կողմի վրա։  Չեմ բացառում, որ այդ զորավարժությունները երկար ժամանակով լինեն, անձնակազմը և տեխնիկան մնան այդտեղ»։

44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը մեծացրել էր իր սահմանների վերահսկողությունը՝ պայմանավորված ադրբեջանցիների կողմից  պատերազմական գոտի ահաբեկիչների տեղափոխմամբ։ Մինչ օրս Իրանը հետ չէր քաշել տեղակայած ուժերը, իսկ այժմ զորավարժությունների պատրվակով ավելացնում է դրանց կազմը՝ ասում է իրանագետ Գարիկ Միսակյանը։ Փորձագետը Իրանի կողմից հավանական զորավարժությունների անցկացումը պայմանավորում է Հարավային Կովկասում ընթացող զարգացումներով՝ այդ թվում Կասպից ծովի զորավարժություններով և Գորիս-Կապան ճանապարհի չհանգուցալուծված իրավիճակով․

«Ադրբեջանական տարածքում իրար հաջորդող զորավարժությունների,  նաև Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ կարելի կապել, քանի որ դրանք Իրանի համար մեծ անհանգստություն ստեղծեցին, և պաշտոնական հայտարարություններ եղան, որ թույլատրելի չէ ոչ առափնյա պետության զինված ներկայությունը։ Սա նաև կարող է ուղերձ լինել Թուրքիային,  որ Հարավային Կովկասում  այդ երկրի ազդեցության աճին զուգահեռ նաև Իրանն է զգոնությամբ հետևում զարգացումներին։ Սա նաև ռազմական ուժի ցուցադրում է»։

Նախորդ զորավարժությունների առնչությամբ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել , որ Ադրբեջանը խախտում է Կասպից ծովի վերաբերյալ Կոնվենցիան։ Թուրքիան ու Պակիստանը Կասպից ծովի հետ սահմաններ չունեն, սակայն փորձում են Ադրբեջանի միջոցով մուտք գործել մերձկասպյան տարածաշրջան՝ ուժային գործոնի ներգրավմամբ՝ ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ 

Իրանի համար հարևան երկրների տարածքային ամբողջականությունը կարևոր է բոլոր այլ հարցերից՝ հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը: Ըստ Նահապետյանի՝ եթե ճանապարհի խնդիրը չլուծվի, Արցախը կզրկվի սնուցող հիմնական զարկերակներից մեկից։ Փորձագետը տարակուսում է՝ Հայաստանի իշխանությունները հիմնավորում են, որ այդ հատվածը Խորհրդային Ադրբեջանի տարածք է, այն դեպքում, երբ այսօրվա Ադրբեջանն իր Սահմանադրությամբ իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։

«Հայաստանի կյանքի երկու ճանապարհներից մեկն Իրանով է անցնում, մյուսը՝ Վրաստանով։ Կարծես Իրանի դեպքում Ադրբեջանը գործնականում կարողացավ կասեցնել բեռնափոխադրումները ։ Իրանի համար դա ևս հարված է, քանի որ Իրանը սկզբունքորեն և ծովով , և ցամաքով շրջափակված է պետություններով, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերն են»։

Իրանը կփորձի միջամտել իրավիճակին, սակայն ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, նաև՝ հայկական կողմի հայտարարությունները  սահմանափակում են  միջամտության գործիքակազմը՝ կարծում է իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Հայաստանի տարանցումը Իրանի համար կարևորվում է նրանով, որ դա հյուսիսում ոչ թուրքական պետությունների տարածքով անցնող միակ տարանցման ուղին է Իրանի համար։ Իրանում անհանգստանալով պանթյուրքիստական ձևավորվող առանցքից․ Թուրիքա, Ադրբեջան, և Կասպից ծովից դեպի արևելք գտնվող թուրքական պետություններ հենց Հայաստանով տարանցման ուղի ունենալու մեծ ցանկություն կա ՝ պանթյուրքական առանցքը շրջանցելու համար։ Այս առումով մեծապես կարևորվում է Հայաստանի տարածքով տարանցումը, իսկ դա հնարավոր է Գորիս-Կապան ճանապարհահատվածով»։ 

Օրերս Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ իշխող քաղաքական ուժի անդամ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ Ադրբեջանը և Իրանը պետք է բանակցեն և քննարկեն՝ արդյոք իրանցի բեռնատարների ստուգումը մաքսային ընթացակարգ է, թե՞ ապօրինի գործողություն է Ադրբեջանի սահմանապահ ուժերի կողմից։ Գորիս-Կապան ճանապարհային իրավիճակը շարունակվում է չհանգուցալուծված մնալ։ Ադրբեջանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչները զերծ չէին մնացել անգամ հայ երեխաներին Արցախ տեղափոխող ավտոբուսն ահաբեկելուց։ Փորձագետի խոսքով՝ թեև ճանապարհի հետ կապված քննարկումները շարունակվում են, այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրություններից դրանց ընթացքի մասին եզրակացություններ անելը դժվար է։ Հաղորդագրություններում արձանագրվում է միայն քննարկումների անցկացման փաստը։

Back to top button