ԿարևորՀասարակություն

Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրություն

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:

«Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։

Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության առաջադեմ արտադրական հնարավորությունների շնորհիվ հնարավոր է եղել հաջողությամբ իրականացնել պատվաստանյութի արտադրությունը․  արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականցվել է ՌՈՒՆՀ -ի կողմից։ «Սպուտնիկ Լայթ»-ի վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։

 «Սպուտնիկ Լայթ»-ի արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։

Մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումն ապահովել է անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ։ Համաձայն Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Առողջապահության նախարարության հետազոտական տվյալների՝ տարեցների պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերել է 78.6-83.7% արդյունավետություն։ Պարագվայում, ըստ երկրի Առողջապահության նախարարության հայտնած տվյալների, զանգվածային պատվաստումների ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93.5%:

Բարձր անվտանգության և արդյունավետության շնորհիվ մի շարք երկրներում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ներկայումս օգտագործվում է ոչ միայն առանձին, այլև ուսումնասիրվում է այլ արտադրողների դեղամիջոցների հետ համատեղ կիրառությամբ։ Նմանատիպ ուսումնասիրություններ այժմ իրականացվում են Արգենտինայում և ԱՄԷ-ում: Կարգավորող մարմինների կողմից ստացվել է հետազոտությունների իրականացման համար հաստատում Ռուսաստանում և Բելառուսում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում պատվաստանյութի արտադրություն սկսելու առնչությամբ նշել է․ «ՌՈՒՆՀ-ի և Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի համատեղ արտադրությունը կարևոր քայլ է մեր երկրում դեղագործական ոլորտի զարգացման գործում: Պետք է նշեմ, որ այս նախաձեռնությունը համավարակի դեմ պայքարի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների համագործակցության լավ օրինակ է»:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի փոխանցմամբ․ ««Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրության նախաձեռնումը, որը ցույց է տալիս ավելի բարձր արդյունավետություն, քան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի երկբաղադրիչ այլ դեղամիջոցները, համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր փուլ է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի տեղական արտադրությունը հնարավորություն կտա արագացնել բնակչության պատվաստումը, խուսափել լոգիստիկ ծախսերից և ավելի արագ ձևավորել զանգվածային դիմադրողականություն»:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները.

• «Սպուտնիկ Լայթ»-ը աշխարհում առաջինը գրանցված «Սպուտնիկ V» կորոնավարակի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)):  

  • ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ «Սպուտնիկ Լայթ»-ն արդյունավետ է կորոնավարակի նոր տեսակների դեմ։
  • «Սպուտնիկ Լայթ»-ը չի պահանջում պահեստավորման և լոգիստիկ հատուկ պայմաններ։
  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը, որոնք հաստատվել են աշխարհում երկու տասնամյակների ընթացքում անցկացված առավել քան 250 կլինիկական փորձարկումների արդյունքում (պատվաստանյութերի կազմում մարդու ադենովիրուսների օգտագործման պատմությունը սկսվել է 1953 թվականից):
Back to top button