ԿարևորՎերլուծական

Թյուրքական միություն՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի․ վերլուծաբանները գլխավոր հարվածը Ղազախստանից են սպասում

Նոյեմբերին Թուրքիան կհայտարարի Թյուրքական միության ստեղծման մասին, ինչը թուրքագետները համարում են սպասված և վտանգավոր նախաձեռնություն։ Քաղաքագետների կարծիքով՝ դա ուղղված է լինելու   ՀԱՊԿ-ի կազմաքանդմանը, և այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական այդ մեծ խաղի մի բաղադրիչն է։

«Երկար սպասված տեղեկատվությունը հայտնվեց. նոյեմբերին նախատեսվում է Թյուրքական խորհուրդը վերակազմակերպել Թյուրքական միության»,-ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Ասում  է, որ նոր կառույցն ստեղծվելու է ԵՄ-ի մոդելի նմանողությամբ։ Այսպիսով, Անկարան հետևողականորեն իրականացնում է իր պանթուրքիստական ​​ծրագրերը, որոնց մասին վաղուց զգուշացնում էր ակադեմիկոսը․

«Թյուրքական միությունը ինտեգրման ավելի լայն մոդել է ենթադրում՝ ԵՄ-ի մոդելի հիման վրա։ Եվ հարց է, թե ինչպե՞ս կարող են միջինասիական, կենտրոնական Ասիայի երկրները, որոնք մասն են կազմելու Թյուրքական միության, համատեղել իրենց անդամակցությունը նաև ՀԱՊԿ-ին։  ԵՄ անդամը չի կարող, չէ՞, լինել ՀԱՊԿ-ի անդամ։ Այս պարզ հարցի պատասխանն առայժմ պարզ չէ»։

Ինչպե՞ս են կենտրոնական Ասիայի երկրները միաժամանակ անդամակցելու և՛ ՀԱՊԿ-ին, և՛ նոյեմբերին ստեղծվող Թյուրքական միությանը․ սա անպատասխան հարց է համարում նաև ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա կարծիքով՝ հնարավոր է՝ նոր ստեղծվող միությունը լինի միջազգային կառույց և  ներկայություն ունենա նաև ՄԱԿ-ում, բայց ամենակարևորը՝ դա լինելու է  ռազմական համագործակցության միություն․

«Սա եթե իրականացվ, իսկ ես կարծում եմ, որ կիրականացվի, ապա թյուրքալեզու պետությունների ռազմական համագործակցություն է լինելու նախ և առաջ։ Դա լրիվ նոր իրավիճակ է, և ՀԱՊԿ-ը կցնցի»։

Ռուսաստանը չի կարողանում ամեն բան վերահսկել, Թյուրքական միության մաս կազմող երկրները  ՌԴ-ի հետ սահմանակից երկրներ են, և սա, ըստ Կիրո Մանոյանի, խնդիր է դառնալու Մոսկվայի համար։ Թերևս դա է պատճառը, որ ՌԴ-ն փորձում սիրաշահել Թուրքիային։ Դաշնակցական գործիչը, սակայն, նկատում է՝ Ռուսաստանը  բազմամյա  փորձով պետք է հասկանա, որ չի կարող Անկարային սիրաշահել այնքան, որ նա հրաժարվի իր շահերից։ Անկարան սիրում է առևտուր անել և շարունակում է Բայրաքթարներ վաճառել Ուկրաինային՝ գիտակցելով, որ դա դեմ է ՌԴ-ին։

Կիրո Մանոյանը հիշեցնում է նաև Էրդողանի բարձրաձայնած նպատակները․

«Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ 2023 թվականը, երբ իրենք կնշեն Թուրքիայի 100 ամյակը,  լինելու է աշխարհում Թուրքիայի ու թուրքական տարի։ Ինչ շահեր ունեն-չունեն, կարևոր չէ, հարվածելով առաջ են գնում»։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի դիտարկմամբ՝  Թյուրքական միության հիմնումը վկայում է, որ իր խաղընկեր երկրների համար ՌԴ-ն այլևս լուրջ գործոն չէ․  

«Նույն Ղազախստանի հետ խնդիրներ կան, անգամ հողային։ Ղազախստանի հյուսիսը, ՌԴ-ն համարում է, որ իր նվիրածն է, ինչպես Ուկրաինայի դեպքում որոշ տարածքներ։ Եվ պատահական չէր, որ հին աղվեսը ՝ Նազարբաևը, մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխեց Աստանա ու անունն էլ դրեց Նուրսուլթան։ Ռուսաստանը, սակայն, այդ հողերը իրենն է համարում։ Կարծում եմ՝ Թյուրքական միության կազմում ՌԴ-ին գլխավոր հարվածը հասցվելու է ոչ թե Ադրբեջանի, այլ Ղազախստանի կողմից։ Այստեղ ՀԱՊԿ-ի քանդման գործընթաց է գնում»։

Թյուրքական Միության հիմնումը, ըստ վերլուծաբանի, նպատակ ունի քանդել ՀԱՊԿ-ը՝ ենթատեքստով, որ Մոսկվա թույլ է, ուրեմն պետք է զիջի։ «Նույնը կարելի է ասել նաև հարավկովկոսյան իրադարձությունների մասին։ Դրանք մեկ խաղի տարբեր կոմպոնենտներ են։ Պետք է հասկանալ, որ սա մեծ խաղ է ՌԴ-ի դեմ»,- ասում է քաղաքական վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ Թյուրքական միությունը հիմնվելու է այն երկրների վրա, որոնք ժամանակին Խորհրդային Ռուսաստանի ազդեցության գոտում էին։

Ցուցադրել ավելի
Back to top button