ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը ողջունել է «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին:

Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ տեղահանված ընտանիքի բնակարանով ապահովելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստվում է  նոր ծրագրեր իրականացնել Արցախի պետական համալսարանի հետ, իսկ «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու գաղափարն առաջին հերթին հայ ժողովրդի միասնականությունն է խորհրդանշում, և Արցախը հայկական պահելն այլընտրանք չունի:

Հանրային հեռուստաընկերությունը և «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: 

Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

Հիմնադրամին մինչ այս պահն արդեն փոխանցվել է ավելի քան 50 մլն դրամ։

Back to top button