ԿարևորՀասարակություն

Ահաբեկչության դասական օրինակ․ Արցախի ԿԳՄՍ նախարարը՝ պատանի ֆուտբոլիստների հանդեպ ադրբեջանցիների պահվածքի մասին

Մարգարիտա Ղուշունց
Արցախի Հանրային ռադիո

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմն  8։1 հաշվով հաղթանակած վերադառնում էր Հայաստանի Կապան  քաղաքից, երբ պատահել են հայտնի դեպքերը: Թիմի մարզիչն «Արցախ» լրատվականին ասել է, որ Կապան մեկնելիս էլ նույն այդ ճանապարհով են գնացել, ադրբեջանական անցակետն էլ նույն այդ տեղում էր: Բայց մեքենայի վրա պատկերված արցախյան խորհրդանիշերն ադրբեջանցիների վրդովմունքը շարժել են միայն տունդարձի ճանապարհին:

Համացանցը ցնցած տեսանյութի հերոսները՝ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի անդամները,  բարեհաջող տուն են հասել։ Երեխաներն այժմ հանգստանում են։ Միջադեպը տղաներին չի կոտրել՝ «Արցախ» լրատվականին ասաց թիմի մարզիչ  Սարգիս Աղաջանյանը։ Նա պատմում է միջադեպի մանրամասները։

«Մոտավորապես 17։00-17։ 15 ադրբեջանցիների կողմից այժմ վերահսկվող տարածքում կանգնեցրել են մեր ավտոբուսը։ Մենք երկու մարզիչով իջանք, երեխաներն ավտոբուսի մեջ էին»։

Մարզիչներն ու թիմին ուղեկցող բժիշկն իջան մեքենայից՝ պարզելու մեքենան կանգնեցնելու պատճառը։ Երբ արդեն առանց վկաների էին, ադրբեջանցիները սկսեցին հարց ու փորձը։ Նրանց անհանգստացրել էին թիմի  ավտոբուսի վրա պատկերված արցախյան խորհրդանիշները՝  եռագույնն  ու  «Մենք ենք, մեր սարերը»։

«Հարցուփորձ արեցին՝ ինչ դրոշ է, ինչ պետություն է, ասացինք՝ Ղարաբաղինն  է։ Ի՞նչ պետություն է Ղարաբաղը, ո՞ւմն է՝ հարցրին։ Ասացինք՝ մերն է։ Ասացին՝ ո՞նց ձերն է։ Ասացինք՝ դե ով որ էդտեղ ապրում է, նրանն է»։

Ադրբեջանական անցակետում Լեռնային Արցախը ստիպված էր սպասել  շուրջ 40 րոպե։ Խնդիրն այն էր, որ ադրբեջանցիները  նրանց ստիպել են մաքրել ավտոբուսի վրա պատկերված խորհրդանիշերը։  Չի հաջողվել։ Եվ , ինչպես երևում է համացանցում տարածված տեսանյութից, հենց ադրբեջանցիներն են դանակով մաքրել դրանք

«Ասացին՝ վերցրու ջնջի, ասացի՝ ես չեմ ջնջի, իրենք սկսեցին իրենց դանակով ջնջել»։

Մարզիչն ասում է՝ ադրբեջանցի զինված ծառայողները  երեխաների հետ քիչ են խոսել։ Ճիշտ այնքան, որքան երևում է  հայտնի տեսանյութում։   

«Միայն ռուսերեն այդ բառերն ասացին, երբ դուռը բացեցին, ասացին, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, հասկանալի՞ է»։ Մեր երեխեքն էլ ոչ մեկը չեն էլ ասել՝ այո, ոչ մի բան էլ չեն ասել, ցավը տանեմ մեր երեխեքի»։

Լրատվամիջոցներով  ու սոցիալական ցանցերում  շրջանառվող լուրերը,թե ադրբեջանցիներն ուժ են գործադրել երեխաների նկատմամբ , մարզիչը հերքում է

«Երեխաներին իջեցնել՝ էդպիսի բան չկա։ Կամ ռուսներն եկել են մեզ հանել՝ էդպիսի բան չկա։ Մենք մեր էսպես ասած պերեգավորներով՝ երկու մարզիչով, բժիշկ, վարորդով, մենք մեզանով խոսակցությանը վերջ ենք տվել, շարժվել։ Ոչ մեկը մեր հետեւից չի եկել։ Հայ սահմանապահները 100 մետրի վրա կանգնած էին։ 40 րոպե մնացել ենք կանգնած»։

Միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ   անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են տեսանյութը: Ընդգծել է, որ այս պարագայում  ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել տեսանյութի մասնակիցների պահվածքին․ ադրբեջանական զինված ծառայողները երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ են հետապնդել՝ դիմակով ու զինված են խոսել նրանց հետ։

Տեղի ունեցածն ահաբեկչության կլասիկ օրինակ է, ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ․ 

«Ապրել ենք Բեսլանի ահաբեկչության ողջ սարսափը։ Սա ահաբեկչության դասական օրինակ է։ Եթե կադրերում տեսնում եք՝ երեխաներից մեկը ձեռքով ծածկում է դեմքը, որ չտեսնի ադրբեջանցու դեմքը։ Այսինքն՝ նա ֆիզիոլոգիական մակարդակում ամբողջապես զգացել է սարսափը։ Սա երեխաների, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Սպորտը չի ճանաչում որեւէ քաղաքական սահման, այն հատում է բոլոր սահմանները բառի լավ իմաստով»,-ասում է Արցախի ԿԳՄՍ նախարարը։

Կապանի ընկերական խաղի հաղթողների համար  շաբաթը հանգստյան օր է։ Բայց բոլորը մեկ մարդու պես եկել էին համոզվելու, որ ավտոբուսի վրա արցախյան խորհրդանիշերի պատկերները վերականգնվել են։   

 

Back to top button