ԿարևորՀասարակություն

Սարդարապատը շուրջօրյա ջուր կունենա

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված  ծրագրերի միջոցներով  Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում փոխվել է  խմելու ջրի ներքին ցանցը, կառուցվել է նոր  պոմպակայան ՝ սանիտարական գոտիով, տեղադրվել են ջրաչափեր: Համայնքն այսուհետ կունենա շուրջօրյա ջրամատակարարում՝ օրական 6 ժամի փոխարեն: Նմանատիպ 17  ծրագիր իրականացվում է Արմավիրի և Արարատի մարզերում:

Ամեն առավոտ վախով էի արթնանում , որ մեր մեծ համայնքում խմելու ջրից համաճարակ չբռնկվի՝ ասում է Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը և օրհնում նրանց, ովքեր կարողացան իրականություն դարձնել տարիների իրենց երազանքը` ջրի պես երկար կյանք ունենաք: Սարդարապատի խմելու ջրագծերը կառուցվել էին նախորդ դարի կեսին՝ 50-ական թվականներին.քայքայված խողովակներով հոսող ջուրը վտանգավոր էր բնակչության առողջության համար:  ԱՄՆ ՄԶԳ  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի միջոցներով գյուղում ամբողջությամբ փոխվել են խմելու ջրագծերը և կառուցվել նորը։

«Ներտնտեսային խմելու ջրի ցանցը ֆիզիկապես քայքայվել էր, և չէինք կարողանում մեր ազգաբնակչությանը պիտանի որակով ջուր սպասարկել: Ւնչ խոսք, դա լի էր վտանգներով, որովհետև քայքայված խողովակներով ներթափանցում էին  ոռոգման ջրերն ու այլ տարրեր, մանրէներ: Մեր ջուրն ամեն օր տարբեր գույների էր: Իհարկե, մենք բոլոր տարիներին փորձել ենք այս հարցը լուծել, բայց տարբեր պատճառներով միշտ մերժվել ենք»:

Խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման նպատակով  համայնքը ներդրել է  գումարի 40 տոկոսը՝ 90 մլն դրամ: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ խմելու ջրի քայքայված խողովակները փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով, տեղադրվել են ջրաչափեր, կառուցվել  են պոմպակայան ու քլորակայան:  Նախկինում համայնքի խմելու ջուրը  չի ախտահանվել ու զտվել: Սարդարապատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Մխիթարյանի հետ սանիտարական գոտում ենք .

 «Այստեղ քլորը միանգամից ներարկվում է համակարգ, հետո ֆիլտրացվում ու մատակարարվում: Համակարգը ինքնակարգավորմամբ է աշխատում, ամենօրյա ռեժիմով: Հիմա շուրջօրյա ջրամատակարարում կունենանք»:

Համայնքում ջրամատակարարումն իրականացվել է առավոտյան և երեկոյան՝ երեքական ժամով: Բնակիչները մի քանի ամիս հետևել են գյուղում խմելու ջրի բարելավմանն ուղղված աշխատանքներին, պատմում են։

 «Գյուղում խմելու ջրագծերն ահավոր վատ վիճակում էին, ծառերի արմատները մխրճվել էին ջրի խողովակների մեջ: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, կարևորը՝ տեսել ենք, թե նոր խողովակներն ինչպես են տեղադրվել»:

«Ջուրն առաջ օգտագործել ենք, բայց ասում են՝ հիմա ավելի լավն է լինելու, ավելի մաքուր, զտված, տեսնենք»։

Խմելու ջրագծեր են կառուցվել 4 փողոցներում, որոնք ներքին ցանց չեն ունեցել։  Համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ ցանցը պետք է կառուցվեր  90-ականներին, բայց չի կառուցվել: Բնակիչներն ապավինել են սեփական ուժերին։

 «Մեծ մասը սեփական միջոցներով ջրհորներ էին փորել ու օգտագործում էին կենցաղային նպատակներով: Մենք գյուղում ունենք 4 փողոց, որտեղ առաջին անգամ ջուր է մտնում: Գյուղի խմելու ջուրը մղվում է արտեզյան ջրհորից, ախտահանվում է ու պիտանի է խմելու համար»:

Խմելու ջուրը  Գոհար  Սարգսյանի տուն էլ է հասել: Առանց վարանելու բացում է ջրի ծորակն ու  մեկ բաժակ ջուր հյուրասիրում ամերիկացի հյուրին.

 «Ջրի որակի հետ խնդիրներ ունեինք, որովհետև խմելու համար ջուրն առնում էինք ու հորի ջուրը չէինք խմում: Արդեն հնարավոր է այս ջուրն օգտագործենք խմելու նպատակով»

«Բարձրաձայն չեմ ասում, բայց այս ջուրն ավելի լավն է, քան Երևանինը»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն է: Նա  հետևել է  Սարդարապատում կատարված աշխատանքներին և պատրաստակամություն հայտնել աջակցել համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանը: Ջոն Ալելոն  կարևորում  է համավարակի պայմաններում անվտանգ ջրի ապահովումը։

«Ծրագիրն այս առումով հաջողված է, քանի որ Հայաստանում դեռ կան մարզեր, համայնքներ, որտեղ խմելու ջուրը   խնդիր է: Այս ծրագրի միջոցով մենք սովորում ենք, թե ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար»։

Ջոն Ալելոյի դիտարկմամբ՝  համայնքում զգալիորեն կրճատվելու է  ջրի և էլեկտրաէներգիայի ծախսը: Իրենց հաշվարկով տարեկան տնտեսվելու է 21 մլրդ դրամ:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրով Արմավիրի մարզում բարելավվել են նաև Եղեգնուտ և Առատաշեն համայնքների ենթակառուցվածքները:

Ցուցադրել ավելի
Back to top button