Ստարտափ Հայաստան

Կարապետյանների հաջողության թիվը 24-ն է, բառը՝ շատ աշխատելը, արդյունքն էլ հաջողված բիզնես պատմությունը․ «Ստարտափ Հայաստան»

Մինչ Անահիտը կվերադառնար Հայաստան, նրա ընտանիքն արդեն սկսել էր իրենց բիզնեսի «սերմերը» հողում դնել։ Անահիտ Կարապետյանը իրենց ընտանեկան բիզնեսի շարժիչ ուժերից երիտասարդն է։ Կրթությունը ստացել է Անգլիայում, մասնագիտությամբ աուդիտոր է։ Ուսանելուց հետո 2016 թվականին որոշում է վերադառնալ Հայաստան ու միանալ ընտանեկան բիզնեսին։

Տիկին Սիրանուշին` Անահիտի մայրիկին, երկար են համոզել, որ մանկավարժությունը թողնի ու միանա ընտանեկան գործին։ Նա էլ երկար է մտածել մինչև որոշում կայացնելը. զգացել է, որ ինքը, այնուամենայնիվ, պետք է իրենց բիզնեսին, ու ավելի նպատակահարմար կլինի, որ ընտանիքի կողքին լինի։ Դերաբաժանում են արել ու ամեն մեկն անցել է իր գործին։

Մրգի վերամշակման նոր տեխնոլոգիա են կիրառել Կարապետյանները, փորձն ստացվել է ու հենց դա էլ նրանց հաջողություն է բերել։ Պատճա՞ռը. Հայաստանում այս ոլորտում իրենց արածը նորամուծություն է։ Խնձորի այգիների բերքից ստանում են հյութեր և ուտեստներ։ Անահիտն իր տեղն իրենց բիզնեսում հեշտ է գտել։ Ասում է՝ այն, ինչով զբաղվում է, առաջին հերթին հասարակության մեջ կարծիք փոխելուն է միտված, համենայնդեպս այդպես է ուզում։

Հենց Հայաստանում հայկական արտադրանքը հաճախ ճիշտ գնահատված չէ, հաճախ վստահություն էլ չկա, որ որակյալ է, դժվարությունների մասին պատմում է Անահիտն ու ավելացնում, որ ամեն դեպքում ընտանիքը հստակ որոշել ու նպատակ է դրել, որ ոչ միայն դրսում պետք է հայկական արտադրանքը ներկայացվի, այլև հենց Հայաստանում։ Վստահեցնում է՝ գործը դանդաղ, բայց ստացվում է։ Իրենց բիզնեսը միայն ֆինանսական շահույթ չէ, որ բերում է։ Կարապետյանների ընտանիքը կարողանում է նաև մարզում աշխատատեղեր ստեղծել։

Բիզնեսի համար անվանում ընտրելը բարդ չի եղել, մեր զրույցը շարունակվում է։ Ճիշտ է՝ մասնագետների հետ միասին են ընտրել անունը, բայց հենց սկզբից միտքը եղել է Անահիտի գլխում։ Որոշվել է ընտրել պարզ և հիշվող անուն, այդպիսով մարդիկ հեշտությամբ կտարբերեն հյութերն ու ուտեստները։

Այսօր Կարապետյաններն ամեն տեղ հպարտությամբ են խոսում, որ Հայաստանում իրենք բիզնես ունեն։ Եթե խանգարող հանգամանքներ էլ լինում են, դրանք հեշտությամբ են լուծվում։ Նաև փաստում են, որ բոլոր ժամանակներում էլ Հայաստանում բիզնես ունեցել են ու բոլոր ժամանակներում էլ հաջողել։ Դա առաջին հերթին իրենց աշխատասիրության և ջանքերի արդյունքն է, երկրորդը՝ մեր երկրի մեծ ներուժի։

Անահիտն ուրախությամբ է շեշտում, որ իրենք Հայաստանում մրցակիցներ ունեն, դա նշանակում է, որ մարդիկ սկսել են տարբեր արտադրություններ հիմնել ու հաջողել են այնքան, որ դարձել են մրցակից։ Հարգում են բոլորի գործունեությունը, բայց բիզնեսը բիզնես, ամեն բան անում են, որ շուկայում առաջատարն իրենք լինեն։ Ասում են՝ դրա համար մի քանի պարզ քայլ է հարկավոր կիրառել։

Երբևէ մտածե՞լ եք, թե օրվա մեջ քանի ժամ եք աշխատում, ձեր կյանքից որքա՞ն ժամանակ եք հատկացնում ձեր աշխատանքին կամ էլ բիզնեսին, ու ինչպիսի՞ արդյունք եք ունենում յուրաքանչյուր ավել աշխատած րոպեի դիմաց։ Օրինակ՝ Կարապետյանների հաջողության թիվը 24-ն է, իսկ բառը՝ շատ աշխատելը, արդյունքն էլ հաջողված բիզնես պատմությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button