ԿարևորՀասարակություն

Սոցաջակցություն լինելու է. փոխվարչապետը ընդունել է Արցախից տեղահանվածների ներկայացուցիչներին

Արցախից տեղահանվածները դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել  կառավարության դիմաց: Նրանք պահանջել են կատարել ավելի վաղ տրված խոստումները, տրամադրել բնակարաններ և ապահովել կեցության տարրական պայմաններ։ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախաձեռնող խմբի անդամներին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և խոստացել խնդիրների լուծում կարճ ժամանակում։ Հետո  բողոքավորները Կառավարության մոտից շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ և Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակներ  հանձնելու։

Հադրութցիները պահանջում են բնակարան Հայաստանում՝ կեցության  տարրական պայմաններով, կամ Արցախում՝ աշխատանքի և կայուն եկամուտի երաշխիքով։ Այսօր նրանք դարձյալ կառավարության դիմաց էին։ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը հայտնեց, որ իրենց շարժումը տարբեր խնդիրներ է հետապնդում՝ քաղաքական, կենցաղային, անձնական․

«Կոնկրետ հադրութցիներս մի քիչ մեզ համեստ ենք պահում, կառավարության վիճակն էլ վիճակ չէ, ավելորդ սրացումներից փորձում ենք հեռու մնալ՝ աշխատելով խորհուրդներով, նամակներով աջակցել։ Մենք այնքան էլ սիրով չենք դուրս գալիս փողոց, պարզապես իրենց լռությունն ու պատասխան չունենալն է մեզ դուրս բերում։ Մեր ասածն այն է, որ տները, բնակարանները կառուցելուց մեր կարծիքը հաշվի առնեն»։

Հադրութցիները արդեն չեն վստահում հայաստանյան կառուցապատողներին՝ ասում են կոռուպցիոն գործարքներ են արվում։ Չեն վստահում նաև Արցախի իշխանություններին՝ թափանցիկության պակաս կա։ Կասկածներ ունեն, թե Հայաստանից ուղարկված գումարները նպատակային չեն ծախսվում․

«Սա էլ սոցիալական անարդարություն է: Ասում են՝ 100-ին մոտ գյուղտեխնիկայի փոխհատուցում են տվել, հարցնում ենք՝ ո՞ւմ, ոչինչ չեն հանրայնացնում: Արցախում կոռուպցիա է։ Այն քաղաքացիները, որոնք աշխատանք են ունեցել, մինչ այսօր իրենց գումարները ստանում են, իսկ սովորական գյուղացիները մի կոպեկ գումար չեն ստանում»։

Հադրութցիներն ասում էին, որ պատրաստ են վերադառնալ Արցախ՝ միայն թե վստահ լինեն, որ այնտեղ, բնակարանից  բացի՝ նաև ապագա կունենան։  Լևոն Հայրյանը հայտնեց, որ 2 նամակ են պատրաստել՝ ՄԱԿ–ի գրասենյակ ու Ֆրանսիայի դեսպանություն փոխանցելու համար։ Հույս ունեն, որ գոնե միջազգային կառուցներն անտարբեր չեն մնա։

«Ժողովուրդ, մենք ոգևորված չենք Երևանում կամ Ֆրանսիայում ապրելու համար, մենք ուզում ենք վերադառնալ Հադրութ։ Մեր հայրենիքում, մեր տարածքում մեր կյանքն ապահովելու համար ենք դիմում  միջազգային կազմակերպություններին, որպեսզի կարողանանք ապրել, արարել, ծառ տնկել, երեխա մեծացնել։ Եթե ՀՀ-ն երաշխավոր չի դառնոմ մեր հայրենիք վերադառնալուն, մենք պետք է դիմենք միջազգային հանրությանը,  որպեսզի մեր այդ իրավունքները պաշտպանվեն։ Մեր քաղաքական ապաստան խնդրելը ոչ թե այստեղից փախչելու նշան է, այլ Հայաստանի իշխանությունների՝ մեր հարցերով չհետաքրքրելու հետևանք»։

Կառավարության արձագանքը չուշացավ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախաձեռնող խմբի անդամներին հրավիրեց քննարկման, որին հաջորդեց հուսադրող հայտարարությունը։  

Լևոն Հայրյանին լսենք. «Սոցիալական աջակցությունը, պաշտոնապես հայտարարեց, որ լինելու է։ Սոցիալական հարցերը Հայաստանի կառավարությունն է լուծում, բնակարանաշինության աշխատանքների քննարկմանը Արցախի իշխանությունները պետք է անպայման մասնակից լինեն։ Մոտ օրերս քննարկումները կլինեն։  Ինչ որոշեն, մեզ տեղյակ կպահեն»։

Ավելի վաղ, Կառավարության վերջին նիստերից մեկի ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ  չնայած Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, իսկ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելանում են, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորման համար, և այդ նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական հատկացումներ։

Տիգրան Խաչատրյան․ «Սա արդեն 3-րդ նման որոշումն է, որով հատկացվող ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում է 13.4 մլրդ դրամ: Գումարը նախատեսված է Արցախի պետբյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի (3 մլրդ դրամ), ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների գծով ֆինանսավորման (1.2 մլրդ դրամ), կապիտալ ներդրումների (հատկապես բնակարանաշինություն և բնակարանների նորոգում — 2.6 մլրդ դրամ), սոցիալական և կրթական ծրագրերի (787 մլն դրամ) տնտեսական զարգացման, այդ թվում՝ գյուղատնտեսական և պետական այլ ծրագրերի իրականացման համար: 12.2 մլրդ դրամը՝ միջպետական վարկի տրամադրման եղանակով»։

Անդրադառնալով Արցախին լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ 2020թ. նոյեմբերից հետո կառավարության հատկացումներն Արցախին մոտենում են 100 մլրդ դրամին․

«Այս հատկացումից առաջ մենք 77 մլրդ դրամ փաստացի ծախսել էինք, իսկ 85 մլրդ դրամի չափով հատկացրել էինք։ Հիմա ևս 13 մլրդ դրամ հատկացնում ենք, այսինքն՝ հատկացումը կազմում է 98 մլրդ դրամ և ոչ թե փաստացի ծախսը: Սա կարևոր արձանագրում է»:

Ըստ վարչապետի՝ այն, ինչ արվում է, անհրաժեշտ է և կենսական, միևնույն ժամանակ, ամեն բան արվում է, որպեսզի ծրագրերի աջակցության տրամաբանությունը րոպե առաջ փոխարինվի զարգացման տրամաբանությամբ։

Back to top button