Էկոսֆերա

Հանքի փոխարեն՝ գյուղական տուրիզմ․ սփյուռքահայերը Քարաբերդում են․ «Էկոսֆերա»

Մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ Լոռու մարզի Քարաբերդ գյուղում բազմաթիվ ծրագրեր են իրականացնելու։ Ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, ակնկալվում է, որ գալիք տարում գյուղացիները կապահովվեն անվճար գազով և կունենան ամբողջովին հիմնանորոգված ջրամատակարարման համակարգ։

Լոռվա բնությունը կախարդական հատկություն ունի։ Հատկապես հիմա, երբ շուրջբոլորը աշնանային գույներով ներկված տեսարաններ են. մեկ անգամ բնությունը վայելեցիր, անընդհատ ուզում ես նորից ու նորից գնալ։ Պարզվում է, որ այդ «կախարդանքն» ազդել է ոչ միայն հայաստանաբնակներիս, այլև Սփյուռքի մեր հայրենակիցների վրա։

Հարութ Տաղլեանն իր ընկերների հետ ապրիլ ամսից տեղափոխվել է Լոռու մարզի Քարաբերդ գյուղ։ Ասում է ՝ իրեն գրավել է գյուղական կոլորիտն ու բնությունը։ Հարութը եղբոր հետ Հայաստան է եկել հիմնական բնակության Լիբանանից, ընկերներն էլ աշխարհի մյուս անկյուններից են՝ ԱՄՆ և այլն, նրանց միավորում է մեկ գաղափար ՝ զարգացնել Հայաստանում գյուղերը․ էկոտուրիզմ, տնտեսություն և այլն։ Իսկ երիտասարդների մոտ գաղափարները ծնվում են ամեն օր, մեկը մյուսի հետևից:

Պատերազմը սփյուռքահայ մեր զրուցակցի համար էլ է որոշիչ դեր խաղացել։ Հիմա ավելի քան համոզված է՝ Հայաստանը պետք է շենացնել ամեն գնով, և դա պետք է սկսել գյուղերից։ Ցանկություններին զուգահեռ հանդիպում են բավականին խնդիրների։

Երիտասարդները որքան շատ են խորանում, այնքան շատ են խճճվում գյուղի խնդիրների թնջուկում։ Հարութ Տաղլեանի խոսքով՝ զբոսաշրջիկի դիտանկյունից մեր գյուղերն անկենդան են, պետք է նոր շունչ հաղորդել և այս առումով անելիքները շատ են։ Այժմ նախագծման փուլում են գյուղի ջրատարների հիմնանորոգման աշխատանքները, մեղվապահներին աջակցել, իսկ որ ամենաոգևորիչն է՝ գյուղի բնակիչներին ապահովել անվճար գազով։ Այս մասին դեռ տեղացիներն էլ չգիտեն:

Սփյուռքահայ երիտասարդների ծրագրերն ու վառ տեսլականը՝ կապված Լոռվա գողտիկ անկյունում գտնվող Քարաբերդ գյուղի հետ, կարող է ի չիք դառնալ, եթե երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացումը և դրանից հետո մետաղական հանքավայրի շահագործումը խրախուսվի գյուղացիների կողմից։

Ակնհայտ է, չի կարող լինել մաքուր միջավայր, եթե տարածքին շատ մոտ շահագործվի հանքավայր։ Իսկ նման մտադրություն «Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ն ունի, որի ներկայացուցիչներն օրերս Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում 2021-2023 թթ․ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նախագծի շուրջ հերթական հանրային լսումներն իրականացրեցին։

Back to top button