ԿարևորՀասարակություն

Ո՞վ է իրական սեփականատերը․ սեպտեմբերից պետռեգիստր է ներկայացվում հայտարարագիր իրական սեփականատերերի մասին

Սեպտեմբերից սկսվում է լիցենզավորված  ընկերությունների կողմից իրական շահառուների հայտարարագման գործընթացը․ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի այսօրվա քննարկմանը անդրադարձ է եղել նաև այս թեմային։ «Իրական սեփականատերերի թափանցիկություն»- այս թեմայով է եղել ԻԱԿ-ի աշխատանքային քննարկումը։ «Բաց կառավարման գործընկերություն– Հայաստանյան»-գործողությունների 4-րդ ծրագրում ներառված հանձնառությամբ ՀՀ կառավարությունը ստանձնել էր մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ և գործարկել իրական շահառուների հանրային ռեգիստրը:

Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպություններն ու ընկերությունները այս ամսվանից ստիպված կլինեն պետռեգիստրում ներկայացնել իրական շահառուի մասին տվյալներ։ Սա թափանցիկություն կապահովի իրական սեփականատերերին իմանալու հարցում,  թեեւ օրենքը նաեւ ռիսկեր է պարունակում։ Օրենդրությամբ նախատեսվող պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գործի կդրվեն վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը։

Հանրային ռեգիստրում շուտով տեղ կգտնեն բոլոր ընկերությունների, կազմակերպությունների իրական շահառուների անունները, եւ հանրությունը կիմանա, թե ովքեր են օրինակ հանքերի կամ  լրատվամիջոցների իրական սեփականատերերը։ 2021 թվականի սեպտեմբերի 1–ից  սկսվել է լիցենզավորվող  ընկերությունների կողմից իրական շահառուների հայտարարագրերի ներկայացման գործընթացը, նպատակն է պարզ ցույց տալ, թե  ովքեր են այս կամ այն ոլորտում  վերահսկողություն իրականացնողները։  Իրական սեփականատերերին բացահայտելուն միտված այս գործընթացում հատուկ շեշտադրվեց լրատվամիջոցների իրական տերերին ճանաչելի դարձնելու հարցը։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը նաեւ ռիսկերից խոսեց։ Ասաց, որ իրական շահառուներին բացահայտելու ռիսկը կարող է պատճառ դառնալ, որ, օրինակ, այս կամ այն լրատվամիջոցի ֆինանսավորումը դադարեցվի, քանի որ ֆինանսավորողը կարող է չուզենալ, որ իր անունը հրապարակային դառնա։

«Առաջին մտահոգությունը, որ տեսնում ենք, եւ որը առկա է հատկապես լրատվական ոլորտում, իրական սեփականատերերի, շահառուների բացահայտումն է, որը կարող է խրտնեցնել պոտենցիալ ֆինանսավորողներին։  Վերջինները կարող են դադարեցնել  ֆինանսավորումը, քանի որ իրենց անձնական տվյալների որոշ ծավալ դառնալու է հանրային»։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա կարող է հիմք դառնալ ավելի կայուն ներդրողներ գտնելու համար»,- ավելացրեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահը։ Նա խոսեց քաղհասարակության վերահսկողական գործառույթում առկա եւս մի քանի միահոգիչ կետերի մասին․ եթե հայտարարագրվող տվյալներում կան անճշտություններ՝ միտումնավոր կամ անփութության հետեւանքով, ապա պետության միջամտությունը կարող է դիտվել որպես գրաքննություն կամ միջամտություն։ Եվ կարեւոր է, որ մի կողմից պետությունը կարողանա ճշգրտել, ստուգել տվյալների իսկությունը, բայց մյուս կողմից պետք է բացառվի միջամտությունը լրատվամիջոցմների գործերին։ 

Կառավարության ներկայացուցիչ, «Բաց կառավարման գործընկերություն»- աշխատանքային խմբի քարտուղար Լիլյա Աֆրիկյանի խոսքով՝ Հայաստանը առաջընթաց է արձանագրել այս հարցում, մինչդեռ շատ երկրներ դեմ են նման տեղեկատվության հրապարակայնացմանը․

«Ոչ բոլոր զարգացած երկրներն  են պատրաստ միանալ այս գործընթացին»։

«5–րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին դուր չեկավ արձանագրումը, թե շատ զարգացած երկրներ ձեռնպահ են մնացել իրենց երկրներում գործունեություն ծավալող կազմակերպությունների իրական շահառուների տվյալների հրապարակման այս բարեփոխումից։ Նա դժգոհեց նաեւ, որ այս հարցում կազմակերպված քննարկումներին չի մասնակցել։

«Փորձադա՞շտ է Հայաստանը, ի՞նչ է ։ Երեւալո՞ւ են, արդյո՞ք, նրանք որ դրսից են ֆինանսավորում ստանում։  Կուզեմ, որ հավասար պայմաններ լինեն բոլորի համար»։

Օրենքը կիրառվելու է բոլոր լրատվամիջոցների նկատմամբ,- արձագանքեց Շուշան Դոյդոյանը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Մովսես Արիստակեսյանն էլ հակառակն էր պնդում։ Ասում էր, որ սա երկար սպասված օրենք է։ Հանրությունը պետք է իմանա, թե ինչպես սեփականաշնորհվեցին Հայաստանի ազգային հարստությունները․

«Այս օրենքը շատ պահանջված է։ Պետք է իմանանք մեր ազգային հարստությունը ինչպես սեփականաշնորհվեց, ում սեփականաշնորհվեց։ Ինչպիսի ապօրինի հարստացողներ եղան, եւ ինչպես այդ ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերվեցին հանքեր լրատվամիջոցներ»։ 

Այս պահին լրագրողների ու հ/կ–ների համար բաց է իրական շահառուի անուն-ազգանունը, պետական գրանցման ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեությամբ զբաղվելու վայրը կամ հասցեն, իրական շահառուի քաղաքացիությունը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը։ Սակայն տվյալերի մի ստվար ծավալ փակ է լինելու, եւ դրանք կարելի է ստանալ վճարի դիմաց։ «Ամենայն հավանականությամբ, մեկ էջ տեղեկատվությունը կարժենա 3 հազար դրամ»,- ավելացրեց արդարադատության նախարարության աշխատակիցը։ Անի Վարդանյանը նաեւ բացատրեց, որ իրական շահառու է համարվելու այն անձը կամ կազմակերպությունը, որը տիրապետում է բաժնետոմսերի 20 եւ ավելի տոկոսների․

«Ինչի՞ մասին ենք խոսում, երբ ասում ենք իրական շահառու։ Խոսքը նրանց մասին է ովքեր վերահսկում են կազմակերպությունը։ Այս ֆիզիկական անձանց մասին տեղեկատվությունը կարեւոր է ունենալ, որպեսզի, եթե  իրավաբանական անձին փորձեն օգտագործել հանցավոր գործունեության համար, պարզ լինի թե ովքեր են դրա հետեւում կանգնած»։ 

Հետազոտություն, ուսումնասիրություն իրականացնելու համար տեղեկատվությունը բաց կլինի։ Իսկ եթե սահմանված ժամկետի ընթացքում, օրինակ, հեռուստաընկերությունը չներկայացնի հայտարարագիր, ապա նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100 հազար դրամի չափով։ Տվյալներում անճշտությունների կամ դրանք թաքցնելու դեպքում՝ կես մլն դրամի չափով։

«Մոտեցումը պետք է լինի կանխող, ոչ թե պատժող։ Այն կմաքրի բիզնես-դաշտը, կմեծացնի վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ»,- կարծում է ԻԱԿ–ի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button