ԿարևորՀասարակություն

ՄԱԿ–ի դատարանը Հայաստանին կարող է պատմական հնարավորություն տալ

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանն արել է քայլ, որը, վերլուծաբաններից շատերի գնահատմամբ, պատմական է: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացվել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով: 

Ադրբեջանը հետ չի մնացել․այս երկրի ԱԳՆ-ն առավոտյան հայտնել է, թե նույն հիմքով հայց են  ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Հայաստանի:

Որքանո՞վ են հիմնավոր հայցերը, և մեզ համար բարենպաստ վճիռը ի՞նչ կարող է տալ Հայաստանին։

Ադրբեջանական վայրագությունները՝ պատերազմի օրերին և ընդհանրապես, փաստագրված ձևաչափով հասան Հաագայի դատարան: Այլ կերպ ասած՝ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով: Շատ վերլուծաբանների գնահատմամբ՝ սա պատմական քայլ է:

Իրադարձությունն անակնկալ էր և հայտնի դարձավ, երբ հաղորդագրությունը հրապարակվեց հենց դատարանի պաշտոնական կայքում: Իշխող ուժի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ներկայացմամբ՝ դա մեկ կամ մի քանի օրվա աշխատանք չէ.

«Սա ՀՀ իրավասու մարմինների երկար ամիսների, քրտնաջան փաստահավաք աշխատանքի արդյունքն էր: Այդ աշխատանքներն իրականացել են լռելյայն, առանց հանրությանն ավելորդ ցնցումների մեջ գցելու՝ տարբեր ասուլիսների միջոցով, քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք թուլ են տրվել Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված: Դրական ենք գնահատում այս քայլը, սպասելի էր և կանխատեսելի էր, և մենք գիտեինք, որ այդ գանգատը պետք է ներկայացվի։ Չենք բացառում, որ հարևան պետությունը  կներկայացնի նման գանգատ: Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերը շատ ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»:

Դեռ պատերազմից հետո հայկական կողմը ամենօրյա ռեժիմով միջազգային տարբեր ատյաններ էր ուղարկում տեղեկություններ և ապացույցներ Ադրբեջանի թույլ տված հանցագործությունների մասին։ Միջազգային իրավունքի մասնագետները տարբեր հարթակներով հուշում էին, թե որ հարթությունում պայքարը օգուտ կարող է տալ: Հենց ռասայական խտրականությունն ու Հաագայի դատարանն էին միանգամից նշվում որպես հեռանկարային:

Խաղաղ բնակիչների գնդակահարություն Հադրութում, ռազմագերու գլխատում, ավելի քան 40 սպանված խաղաղ բնակիչ և ավելի քան 100 վիրավոր Հայաստանի և Արցախի տարածքում հրետակոծությունների հետևանքով՝ սրանք ադրբեջանական կողմի գործած պատերազմական հանցագործություններն են, որոնց մասին բազմիցս խոսել են միջազգային իրավունքի մասնագետները: Եվ սա դեռ ամենը չէ:

Այն, ինչի մասին ասում է հայկական կողմը, տեղ է գտել նաև հեղինակավոր միջազգային Human rights watch կազմակերպության զեկույցում:

«Տեսանյութերում ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վիրավորական բառեր հնչեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչպես նաև հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», — իրենց հատուկ զեկույցում նկարագրել են իրավապաշտպանները և ընդգծել․ «Տեսանյութերի մեծ մասում տեսանելի են այն անձանց դեմքերը, որոնց վերահսկողության ներքո են գերիները, ինչից կարելի է եզրահանգել, որ նրանք չեն վախենում նման արարքների համար պատասխանատվության ենթարկվելուց»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը դեռ ամիսներ առաջ պնդում էր՝ ի թիվս այլ կառույցների, նաև Արդարադատության միջազգային դատարանում կարող ենք ունենալ ոչ միայն իրավական, այլև քաղաքական որոշումներ․

«Երբ արձանագրվում է ռասայական խտրականություն պետական մակարդակով, դա բացառում է Արցախի ժողովրդին՝ Ադրբեջանի իշխանության ներքո բերելու հնարավորությունը»:

Եթե Հաագայի դատարանում ապացուցվեն Ադրբեջանի խախտումները, ծանրակշիռ հիմք կստեղծվի «անջատում հանուն փրկության» սկզբունքի համար: Իսկ սա շատ կարևոր գործոն կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ այս հակամարտության լուծման վերջնական արդյունքի համար:

Միջազգային իրավունքի մասնագետներից Արա Ղազարյանը նույնպես մշտապես ընդգծել է ազգային խտրականության գործերի կարևորությունը: 

«Այն անձը, որը հաճախ է երևում վիդեոներում, նա կատարում է հանցագործություն՝ և՛ Ադրբեջանի ներպետական քրեական օրենսգրքի, և՛ միջազգային քրեական իրավունքի: Նկատի ունեմ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը: Թեկուզ միայն այդ անձի և մնացածների նկատմամբ կարելի է սկսել քրեական հետապնդումը: Որովհետև ադրբեջանցիները չունենալով հիմք՝ դա անում են, մենք ունենալով հիմք՝ պարտավոր ենք դա անել»:

Ադրբեջանը՝ արտգործնախարարության միջոցով արդեն հայտարարել է Հաագայի դատարան Հայաստանի դեմ հայց ներկայացնելու մասին։ Իրավունքի տեսանկյունից, սակայն, նրանց քայլերը հիմնավոր չեն թվում, — կարծում է ընդդիմադիր պատգամավոր,  «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Նա վստահ է, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հակընդդեմ հայցի՝ Ադրբեջանի մտադրությունը միջազգային իրավունքի տիրույթում չէ, մինչդեռ հայկական կողմի հայցը տրամաբանական է համարում, բայց ոչ ամբողջական.

 «Իհարկե, բազմաթիվ շերտեր կան իրավական գործընթացի, բայց կարծում եմ, որ կարելի էր ավելի շուտ էլ ներկայացնել: Կարելի էր նաև Թուրքիայի դերակատարումը ընդգծել, ոչ միայն Ադրբեջանի։ Դուք կհիշեք, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությանը, կարծում եմ, այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական տիրույթում, առավել ևս՝ միջազգային որևէ իրավունքի»:

Միջազգային դատարան ներկայացրած Հայաստանի հայցն առնչվում է ոչ միայն 44-օրյա պատերազմին։ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության հովանավորած հայատյաց քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների: Նշվել է, որ այդ գործելակերպը մեկ անգամ ևս առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ:

Հայաստանը ներկայացրել է, որ անգամ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10–ին ուժի մեջ մտած հրադադարից հետո Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված անձանց սպանությունները, խոշտանգումները, նվաստացումները:

«Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին կոնվենցիայի խախտումների համար, կանխել ապագա վնասները և փոխհատուցել արդեն պատճառված վնասը»,- ասված է հաղորդագրությունում: Ծայրահեղ հրատապությունից ելնելով՝ դատարանին ներկայացվում է խնդրանք՝ որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button