ԿարևորՀասարակություն

Պիտանի իրեր՝ անսարք սառնարանից․ ցուցահանդես՝ նվիրված օզոնային շերտի պահպամանը

Կենդանաբանական այգու նոր աղբամանները նախորդ կյանքում սառնարանի օդորակիչներ են եղել։ «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդեսում ներկայացված են արվեստի յուրահատուկ նմուշներ․ առաջին հայացքից դժվար թե գլխի ընկնեք, որ դրանք ընդամենը անսարք սառնարաններ են․

«Ծրագրի շրջանակում աշխատել ենք նկարիչների, տարբեր արվեստագետների հետ և նրանց կոնցեպտուալ առաջարկների արդյունքում այսպիսի հիանալի նմուշներ ունենք, իսկ անսարք սառնարաններն էլ երկրորդ կյանք են ստացել»,-ասում է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արթուր Զաքարէ Հարությունյանը։

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ»-ն իրականացրել են ՄԱԿ-ի  արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ՝ Երևանի կենդանաբանական այգու աջակցությամբ։ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ օզոնի շերտի պահպանության միջազգային օրվան ընդառաջ՝ կարևոր է, որ հանրությունն իմանա, թե ինչպես է ամենապարզ կենցաղը վնասում մթնոլորտն ու քայքայում օզոնային շերտը․

«Այս ցուցահանդեսը ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի, այլև թափոնների հետ է առնչվում։ Ցույց է տալիս, որ դրանք երկրորդ կյանք կարող են ստանալ և վերածվել արվեստի գործերի»,-ասում է Անահիտ Սիմոնյանը։

Յուրաքանչյուրիս տան սառնարանի ներսում կան սառնագենտ նյութեր, որոնք անվնաս են, երբ սառնարանը աշխատում է, սարքին է։ Այդ նյութերը սակայն դառնում են մթնոլորտի համար վտանգավոր և քայքայում են օզոնային շերտը, երբ հայտնվում են աղբանոցներում, շենքի բակում կամ փողոցում։ Հայաստանում օզոնային շերտի պահպանության հարցերի համակարգող Լիանա Ղահրամանյանն ասում է՝ պարտադիր է, որ յուրաքանչյուր բնակիչ տիրապետի անսարք սառնարանի օգտահանման կանոններին։ «Թվում է՝ պարզ բան է, բայց ահռելի վնաս է հասնցում օզոնային շերտին»,-ասում է զրուցակիցս․

«Սառնարանները պատշաճ օգտահանում են պահանջում, այսինքն, եթե ձեր սառնարանը փչացել է  և օգտագործման ենթակա չէ, չի կարելի այն ուղղակի դեն նետել։ Մենք Հայաստանում բազմաթիվ մասնագետներ ունենք, որոնք վերցնում են սառնարանի պահեստամասերը և դրանց երկրորդ կյանք տալիս, հակառակ դեպքում դրանցից դուրս եկող նյութերը դառնում են վնասակար շրջակա միջավայրի համար»,-ասում է Լիանա Ղահրամանյանը։

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգում։ Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի խոսքով՝ կենդանաբանական այգին  միշտ պատրաստ է լինել աջակցող հարթակ՝ բնապահպանական նախաձեռնությունների համար․

«Մոտավորապես մեկ ամիս այս սառնարան-արտ օբյեկտները կլինեն այգու տարածքում, և մենք բազմաթիվ գաղափարներ ունենք, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Օրինակ, շուտով մեկն իրականացնելու ենք՝ սառնարանները կվերածենք հանրային գրադարանների, որտեղից անվճար գիրք կարելի կլինի վերցնել ու կարդալ, կամ փոխանակել»,-ասում է Արևիկ Մկրտչյանը։

 Հայաստանի Հանրապետությունը, արդեն 22 տարի, օզոնային շերտի պահպանության հարցում ունի միջազգային պարտավորություններ։ 22 տարի  իրականացվում է օզոնաքայքայիչ նյութերի արտադրության և կիրառության կրճատում․ դրանք փոխարինվում են օզոնանվտանգ նյութերով։ Հայաստանում օզոնային շերտի պահպանության հարցերի համակարգող Լիանա Ղահրամանյանի խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարարությունն այժմ մշակում է ռազմավարություն՝ օզոնային շերտի պահպանության հարցին ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։

Back to top button