ԿարևորՀասարակություն

Պայքար կոռուպցիայի դեմ՝ մեկ միասնական կենտրոնից

Մեկ ամսից Հայաստանում կոռուպցիայի դեմ կպայքարի մասնագիտացված ու նոր ստեղծված կառույցը՝ հակակոռուպցիոն կոմիտեն։ Այսօր կառավարության որոշմամբ կոմիտեի նախագահ է  նշանակվել Քննչական կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ հակակոռուպցիոն կենտրոնի  ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է:

Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարել է մի քանի մարմին, երբեմն՝ միաժամանակ, սակայն, դրանից կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել, կոռուպցիան չի վերացել։ Միայն Քննչական կոմիտեում անցյալ տարում քննվել է կոռուպցիոն բնույթի 1731 քրեական գործ, այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը ամբողջ նախորդ տարվաից պակաս մոտ 500-ով։

Ուղիղ 1 ամիս, 6 օրից աշխատանքը կսկսի հակակոռուպցիոն նոր կոմիտեն։ Այն լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որը կունենա նաև օպերատիվ հետախուզական գործառույթներ։ Մասնագիտացումը կբարձրացնի արդյունավետությունը,-կարծում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Նախ կնշանակվեն 20 քննիչեր, իսկ ամբողջ ծավալով կոմիտեն կաշխատի արդեն հաջորդ տարի․

Սասուն Խաչատրյան․ «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննության արդյունավետությունը կբարձրանա»։

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմնի` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար 3 թեկնածու էր դիմել։  Նրանցից մեկը  իրավաբանական կրթություն չունեցող Դավիթ Մկրտումյանն էր՝  ֆինանսների մագիստրոսի աստիճանով, աշխատել է բանկային համակարգում, 2021-ի ապրիլից մինչ օգոստոսն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է եղել։ Մինչ դա՝ 6 տարի աշխատել է Կենտրոնական բանկում և գործատուի նախաձեռնությամբ հեռացվել աշխատանքից: Մկրտումյանն ասել էր, թե  գործը դատարանում է, և ինքը շատ մանրամասներ չի կարող ներկայացնել: 

Մյուսը փաստաբանի արտոնագիր ունեցող, երկար ժամանակ ոստիկանության համակարգում աշխատած Գառնիկ Թորոսյանն էր, իսկ երրորդը՝ Քննչական կոմիետի նախագահ Սասուն Խաչատրյանը։  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ այս մարմնի ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է:

«Հաշվի առնելով,որ տարբեր մարմիններ են զբաղվել հակակոռուպցիոն աշխատանքներով, մենք մեկ միասնական մարմին ենք ստեղծում, որը  կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը վստահ է՝  այս մարմինը կոռուպցիոն հանցագործությունների քննության առումով նոր որակ է ապահովելու: Դա 2019-2022թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունում նախանշված քայլերից է։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ-ը 9.5 միլիոն դոլար կհատկացնի։  Կոռուպցիայի դեմ պայքարն ունի երեք բաղադրիչ՝ կոռուպցիայի կանխարգելում, պայքարին ուղղված ջանքերի խթանում և կոռուպցիոն դրսևորումների հետապնդում: Մինչ այժմ, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարում են մի քանի մարմիններ, ընդ որում՝ երբեմն միաժամանակ, սակայն, դրանից ոչ  կոռուպցիոն ռիսկերն են նվազում, ոչ էլ կոռուպցիան է վերանում։ Միայն Քննչական կոմիտեում անցյալ տարում քննվել է կոռուպցիոն բնույթի 1731 քրեական գործ, այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը նախորդ տարվանից պակաս է մոտ  500–ով։ 2020–ին հետապնդվել է 921 անձ, նրանցից 558-ը՝ պաշտոնատար: Գրեթե նույն թիվը՝ 537, արձանագրվել է այս տարվա  առաջին կիսամյակում։  Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում հայտնաբերել է  465 կոռուպցիոն հանցագործություն, որոնցից 127-ը կաշառակերության դեպքեր են, 38-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 74-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 127-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 32-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2020թվականի  համաթիվը ցույց է տալիս, որ չնվազող կոռուպցիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին խարխլում է առողջապահական համակարգերը և  ժողովրդավարության նահանջի պատճառ դառնում։ Այն երկրները, որոնց ԿԸՀ-ն բարձր է, ավելի շատ ներդրումներ են անում առողջապահական համակարգում, ունակ են առողջապահական ծառայություններ մատուցել իրենց քաղաքացիներին, և ավելի քիչ հավանական է, որ նրանք խախտեն ժողովրդավարական նորմերը։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռւպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը դժվարանում է ասել, թե որոնք են ամենակոռումպացված ոլորըները․

«Իհարկե, քաղաքացիների շրջանում հարցում իրականացնելիս, նրանք կարող են ասել՝ առողջապահություն, կրթություն։ Իմ օրինակ ոչ հայաստանյան իրականությունից է։ Օրինակներ են բերում այն ոլորտներից, որոնց հետ իրենք են առնչվում։ Բայց դա չի նշանակում, որ պաշտպանության, դատական, ՏԻՄ, անշարժ գույքի ոլորտներում նույնչափ կոռուպցիա չկա»։

Կոռուպցիան գնահատել հնարավոր չէ, քանի որ այն ամբողջությամբ տեսանելի չէ,-ասում է Սոնա Այվազյանը։ Նկատում է՝ գնահատական կարելի է տալ միայն ըստ բաղադրիչների։ Այս պահին տեսանելի են հակակոռւպցիոն պայքարի գործառույթներ, բայց դրանք ամբողջական պատկեր չեն տալիս։  «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ միասնական պայքարն ավելի արդյունավետ կլինի։

Back to top button