Սփյուռքի ձայնը

Հայության համախմբան ժամանակը․ «Սփյուռքի ձայնը»

Հայության՝ համահայկական գաղափարի շուրջ համախմբվելու ժամանակն է` ասում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայ համայնքի ակտիվ գործիչներից` իրավաբան և դասախոս Ալեքսեյ Մեսրոպյանը։ «Այդ գաղափարը պետք է ծագեր՝ հատկապես վերջին պատերազմից հետո։ Սակայն մենք տեսանք հակառակ իրավիճակ, որը ցավալի է։ Մենք շարունակում ենք փառատոներ կազմակերպել պատերազմից անմիջապես հետո, անտարբեր դառնալ եղածի նկատմամբ»,- ասում է նա։ Ալեքսեյը հասկանում է, որ մարդիկ ցանկանում են լիցքաթափվել շարունակել ապրել, սակայն չպետք է մոռանալ եղածը, և, իրականում, դա հնարավոր էլ չէ։

Քանի որ զրուցակիցս Արմավիր հայաշատ քաղաքից է, չանդրադառնալ 2019 թ․-ին տեղի ունեցած միջադեպին՝ չէի կարող։ Խոսքը՝ 2019-ի նոյեմբերին Ռուսաստանի Արմավիր քաղաքի Հայ եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման մասին է։ Եվ հայկական համայնքը, և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը այդ ժամանակ շատ սուր արձագանքեցին այս միջադեպին։ Ի՞նչ է փոխվել անցած ժամանակաշրջանում։ «Այդ միջադեպը մեծ արձագանք գտավ Կրասնոդարում։ Հայ համայնքը սուր արձագանքեց, սակայ եղավ այն, ինչ եղավ։ Այսօր գործընթացը վերը նշված մարդու գործողությունների նկատմամբ շարունակվում է և արդյունքներ ունենալուն պես՝ կտեղեկացնենք»։

Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկ էր քսել Նժդեհի հուշատախտակի վրա, իսկ «Կրասնայա վեսնա»-ին տված հարցազրույցում նշել, որ Նժդեհի հուշատախտակի տեղադրումը «վիրավորանք է այն ժողովրդի համար, որը գերմանաֆաշիստական նվաճողների դեմ է պատերազմել»: «Կրասնայա վեսնա» գործակալության հիմնադիրը ծագումով հայ, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն է: Այս լրատվամիջոցում հականժդեհական հոդվածներ հաճախ են տպագրվում։ Պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ է, մասնագիտությամբ պատմաբան։ Ռուս նման գործիչներին Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն աջակցում են:


«Ցավում եմ, բայց մեզանից շատերը չգիտեն, թե ով է Նժդեհը, անգամ՝ Հայաստանում։ Իսկ ադրբեջանական և թուրքական կազմակերպությունները մեծ գործ են անում, շատ գումարներ ծախսում, որպեսզի իրենց կարծիքը թելադրեն հասարակությանը։ Հակառակ դրան, մենք քիչ ռեսուրսներ ենք օգտագործում՝ դրանց դիմակայելու համար։ Ստեղծվում են կայքեր, որոնք ունենում են հայկական անուններ, որտեղ առաջին հինգ էջը նվիրված է լինում Նժդեհին, սակայն այն տեսանկյունից, որը մեր թշնամիներին է հարմար»,- ցավով նշում է Ալեքսեյը։ Նա ասում է, որ Արմավիրի երիտասարդները կարող էին միջամտել Վինոգրադովի գործողություններին, սակայն դա կարող էր բերել ազգամիջյան խնդիրների, ինչին սպասում էին Հայաստանի թշնամիները։

Back to top button