ԿարևորՀասարակություն

Ի՞նչ ունեին հայերը Օսմանյան կայսրությունում․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կարևոր ցուցադրություն է բացվել

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում կալվածաթղթերի ժամանակավոր ցուցադրություն է բացվել։ Ներկայացված փաստաթղթերը վկայում են Օսմանյան կայսրությունում՝ ներկայիս Թուրքիայում, հայերի գույքի սեփականության մասին։ Դրանք սեփականության վկայականներն են առ այն, որ հայերը Օսմանյան կայսրությունում ունեցել են տներ հողեր, այգիներ, մարգեր և այլն։ «Հայերի ձեռքի տակ նմանօրինակ շուրջ 1 միլիոն կալվածաթուղթ կա»,- ասում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Միհրան Մինասյանը։ Հենց նա է հին օսմաներենից թարգմանել փաստաթղթերը։

«Ցանկացած մարդ, որ Օսմանյան կայսրությունում ուներ ինչ-որ սեփականություն՝ գույքի տեսքով, ուներ նաև կալվածաթուղթ։ Դրա մեջ նշվում էր սեփականատիրոջ անուն-ազգանունը, ծննդյան վայրը, թվականը, կալվածքի գտնվելու վայրը,  տարածքը, թե ինչպես է այդ գույքը դարձել այդ մարդու սեփականությունը՝ գնել է, ժառանգություն է ստացել և այլն։ Նշվում էր նաև կալվածքի սահմանները՝ թե, օրինակ, տվյալ տունը ինչ սահմանակից օբեկտներ ունի»,– ասում է գիտաշխատող Միհրան Մինասյանը։

Ցուցադրությունը բավական փոքր է․ ներկայացված է շուրջ 2 տասնյակ փաստաթուղթ, բայց գիտաշխատող Միհրան Մինասյանն ասում է՝ 1915թ դրությամբ Օսմանյան կայսրությունում շուրջ 2.5 միլիոն հայ էր ապրում։ Եթե յուրաքանչյուր ընտանիք գոնե միայն մեկ տուն ունեցած լինի, ապա կալվածաթղթերի թիվը միլիոնի է հասնում։ Մինասյանը պատմում է՝ Հալեպում հանդիպել է մի ընտանիքի, որը 72 կալվածաթուղթ ուներ։ Ցուցադրությունում ներկայացված են նաև համայնքապատկան և եկեղեցական կալվածքների սեփականության վկայագրեր։

«Միայն Հայաստանի ազգային արխիվը Մշո Սուրբ Կարապետ վանքին և Բագրևանդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն պատկանող մոտ 200 այդպիսի կալվածաթուղթ ունի։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ունի շուրջ 100 կալվածաթղթեր և, վստահաբար, անհատների մոտ էլ կան այդպիսի փաստաթղթեր»։

Ամենահին կալվածագիրը 1872թվի է, ամենավերջինը՝ 1915-ի։ «Դրանք բացառապես պետական, իրավական փաստաթղթեր են»,- ասում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը․

«Այս կալվածագրերը պետական իրավական փաստաթղթեր են, պետականորեն հաստատված, քանի որ տրված են Օսմանյան կառավարության կալվածական վարչության կողմից, կամ, ինչպես իրենք են ասում, կալվածատան կողմից և կրում են Օսմանյան տարբեր սուլթանների անձնական կնիքները։ Դրանք ունեն նաև կարգահամարներ և, վստահաբար, գրանցված են նաև իրենց տոմարներում՝ գրանցամատյաններում»։

Ցուցադրասրահում ներկայացված է, օրինակ, Օսմանյան կայսրությունում լուսանկարչական արվեստի հիմնադիրներ այնթապցի Հալաջյանների ընտանիքին պատկանող լուսանկարչատան, զեյթունցի Անդրեասյան եղբայրներին պատկանող ջրաղացի կալվածաթղթերը։

«Այս փաստաթղթերը հայոց պահանջատիրության հիմքում պետք է լինեն»,- վստահ է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։ Շեշտում է՝ միջազգային իրավունքում սեփականության իրավունքը հստակ ձևակերպված և պաշտպանված է․

«Այսինքն, այս փաստաթղթերը կամ հիմք են հանդիսանում, որ օրինական կերպով սեփականությունը վերադարձվի սեփականատիրոջը, կամ, եթե դա բռնագանձվել է պետության կողմից, պետք է փոխհատուցվի համարժեք գումարով»,– ասում է թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։

«Թուրքիան Ցեղասպանության հարցում շարունակ ժխտողական քաղաքականություն է վարում, հետևաբար այս խնդիրը հնարավոր է լուծել և փոխհատուցում ստանալ միայն իրավական ճանապարհով»,-համոզված է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը։ Սակայն նշում է՝ այս նպատակով պետական մակարդակում քայլեր չեն ձեռնարկվում, նույնիսկ հավաքագրված և հստակ ցուցակագրված տվյալներ չկան, որտեղ և ինչ բովանդակության կալվածաթղթեր կան․ ըստ երևույթին, դրանք սփռված են ամբողջ աշխարհում։ Գիտաշխատող Միհրան Մինասյանը դատական նախադեպի մասնավոր օրինակներ է հիշում միայն։

«ԱՄՆ-ում երկու փաստաբաններ կային, որ գրասենյակ ունեին և հատուկ այս հարցերով էին զբաղվում։ Իրենց հարուցած դատերի շնորհիվ տասնյակ հայեր, որ ունեին իրենց կալվածաթղթերը, կարողացան փաստել, որ իրենք ժառանգորդներն են, և փոխհատուցում ստանացան»։

Այս ցուցահադրությունը թեմատիկ առումով առաջինն է՝ շեշտում են կազմակերպիչները։ Ցուցադրությանը կհաջորդի գիտաժողով, որի ընթացքում պատմաբանները անդրադառնալու են նաև Արցախյան երկրորդ պատերազմին,  ցույց տալով, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց ցեղասպան, ժխտողական քաղաքականությամբ նույնն են․ փոխվել են միայն տարեթվերը։

Back to top button