ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական տեղանունների կիրառումը՝ վտանգավոր սահմանազատման համատեքստում

Արդեն մի քանի օր քննարկումների առանցքում իշխանության ներկայացուցիչների կողմից ադրբեջանական տեղանունների  կիրառումն է։ Երեկ հարցը Ազգային ժողովում որոշեց պարզաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա արվել է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի տարածքում, այլ դրանից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է նաև 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»,-խորհրդարանում ասաց վարչապետը։  Քաղաքագետները, մինչդեռ,  ադրբեջանական տեղանունների կիրառումը  պատահական  չեն համարում և զգուշացնում են դրանից բխող հնարավոր հետևանքների մասին։

Քաղաքագետ Սուրեն Ռուբենյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Այս առումով  վերլուծաբանը  շատերիս  անծանոթ ադրբեջանական տեղանունների հաճախակիացած կիրառումը յուրօրինակ ազդանշան է համարում։

«Պատահական ոչինչ չի լինում քաղաքականության մեջ։ Սոցիոլոգիական մեթոդներ են կիրառվում, դա արգելված, տաբու երևույթների մերթ ընդ մերթ կիրառումն է հասարակության շրջանում, ինչը ժամանակի ընթացքում սովորական է դառնում։ Ու սկսում են ասել ոչ թե Որոտան, այլ Էյվազլի, ասում են օրինակ Չայզամի։ Վատ բան պետք է ասեմ, բայց սա գործընթաց է, որ գնում է դեպի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում»։

Ադրբեջանական տեղանունների օգտագործումն իր հետևանքներն է ունենալու։ Զրուցակցիս կարծիքով՝ այդ հայտարարությունները հետագայում տեղ կգտնեն պաշտոնական փաստաթղթերում ու հիմք կդառնան այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու համար։

Նախ` վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր  օգոստոսի 27-ի կառավարության նիստում  Որոտանին հարող հատվածները  կոչել ադրբեջանական տեղանուններով,  ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էր նույն տրամաբանությամբ խոսել  խորհրդարանում, իսկ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը բացատրեց, թե ինչու է ադրբեջանական  տեղանուններ օգտագործել։

«Ինչու՞ է հաղորդագրություններում նշվել կամ իմ կողմից կառավարության նիստում նշվել Էյվազլի կամ Չայզամի։ Դա արվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի կամ ՀՍՍՀ-ի տարածքում, այլ դրանից  դուրս, որը ՀՀ-ը դե յուրե ընդունել է 2010 թվականի ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում»։

Քաղաքագետ Սուրեն Ռուբենյանն ադրբեջանական տեղանունների կիրառության մեջ վտանգ է տեսնում՝ հատկապես  սահմանազատման  սահմանագծման համատեքստում։ Եթե այդ տարածքները կոչում ենք  ադրբեջանական անուններով, ապա տեղ  չենք թողնում հետագայում դրանց հայկականությունն ապացուցելու համար։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել մեկ այլ  կարևոր հանգամանք՝ այսօրվա Ադրբեջանն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում, ինչը շատ կարևոր է սահմանազատումն իրականացնելիս․

«Սահմանագծման գործընթացները տեղի են ունենում խորհրդային քարտեզների հիման վրա, ինչն անընդունելի է, քանի որ Ադրբեջանն իրեն չի համարում ԽՍՀՄ իրավահաջորդը»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Հայաստանում ոչ հայկական տեղանունների օգտագործումը առհասարակ պայմանավորում է   ժամանակին այդ տարածքներում իսլամական տարրի առկայությամբ։ Ժամանակին  նրանք 80 տոկոս էին կազմում, ու նրանց կիրառած անվանումները  շարունակում էին օգտագործվել հայերի կողմից հետագայում ևս, ասաց։

«Տարեցները սովորել են թուրքական անուններով կոչել բնակավայրերը,  քանի որ ժամանակին, երբ Շահ Աբասի օրոք հայերին տարել են Պարսկաստան, նրանց բնակավայրերում հաստատվել են մահմեդականները ու իրենց անուններով են կոչել հայկական բնակավայրերը։  1800-ական թվականներին Հայաստանի բնակչության 80 տոկոսը եղել են մուսուլմաններ։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ հայերը վերադարձան, փոխվեցին անունները, հիմա Աբովյանին Էյլար չեն ասում կամ Ծաղկաձորին Դարաչիչակ չեն ասում»։

Շատ տեղանուններ անգամ մեկ դար անց էլ գործածվում են ոչ հայկական անուններով, ինչը, մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի կարծիքով, ժամանակին պետական քաղաքականություն չիրականացնելու հետևանք է։ Կա նաև  չիմացության տարր՝ ասում է զրուցակից։

«Նույն Մալիշկա գյուղը թվում է թե ռուսական անուն է, բայց երբ հայերը վերադարձել են, հիշելով իրենց նախնիների պատմածը, թե՝ «մի լիճ կա» և գյուղի մասին խոսելիս ասել են «Մելիչ կա», հետո այն դարձել է   Մալիշկա։ Այսինքն՝ առօրյա իրավիճակային խնդիր է սա»։

Թուրքական տեղանունների կիրառումը  ոչ այնքան օտարամոլության, որքան սովորույթի ուժով շարունակվող մոտեցում  է՝ ասում է մշակութային մարդաբանը։  Ըստ նրա՝ առնվազն երեք սերունդ է պետք, որ արմատավորվեն հայկական անվանումները։

Back to top button