ԿարևորՀասարակություն

Պատվաստվե՞լ, թե՞ թեստավորվել․ աշխատողների իրավունքների պաշտպանները հակադրվում են ԱՆ հրամանին

Պատվաստում, թեստավորում, թե՞ աշխատանքից ազատում։ Ո՞րը կընտրեն քաղաքացիները՝ որոշելու համար ժամանակ ունեն մինչեւ հոկտեմբերի  1-ը։ Հիմա գործատուները իրենց աշխատողներին փոխանցում են կառավարության պահանջը՝  հոկտեմբերի մեկից աշխատողները կամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ թեստավորման վկայական, հակառակ դեպքում կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Որքանով է իրավաչափ այս պահանջը, եւ արդյոք աշխատանքային օրենսգրքի որեւէ դրույթվ հիմնավոր է աշխատողին նման փաստի առաջ կանգնեցնելը։

Առողջապահության նախարարությունը պատվաստվելու կամ պարբերաբար քովիդ-թեստ հանձնելու իր պահանջով ստիպում է գործատուին՝ ընտրություն կատարել սեփական աշխատողին ապօրինի ազատելու կամ դա չանելու համար պետությանը տուգանք վճարելու միջև։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի դիտարկումն է։

«Եթե աշխատողն ականջալուր լինի այդ անօրինական բանավոր պահանջին, նա, բնականաբար, չի ներկայանա աշխատանքի, և գործատուն, օգտվելով աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով իրեն տրված լիազորություններից, աշխատողին կարող է ազատել աշխատանքից մեկ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու համար։ Բայց եթե աշխատողը տեր կանգնի իր իրավունքներին և չպատվաստված ու չթեստավորված  ներկայանա աշխատանքի, ապա ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ հիմք , որպեսզի նրան չպատվաստվելու կամ ՊՇՌ չհանձնելու հիմքով ազատեն աշխատանքից»։ 

Հոկտեմբերի մեկից հետո, ըստ իրավաբանի կանխատեսման,  դատարանները ողողվելու են աշխատանքային իրավունքին վերաբերող հայցերով։ Դրա հետևանքով մարդիկ մի տարի դատական գործերի մեջ են լինելու, հետո գործատուից ստանալու են ամբողջ մեկ տարվա հարկադիր պարապուրդի միանվագ գումար՝ «Ռադիոլուրին» ասում է իրավաբանը։ 

Գործատուն հայտնվել է դժվար այլընտրանքի առաջ։ Իրավաբանն առաջարկում է երկու մեխանիզմ․ «Կամ գործատուն պետք է չստիպի հետևել նախարարի հրամանին և տուգանքի որոշումը բողոքարկի՝ վերադասության կարգով կասեցնելով  տուգանքի վճարման ժամկետը, արդյունքի չհասնելու դեպքում դիմի վարչական դատարան, կամ գործատուներն առողջապահության նախարարի փոփոխություններն անվավեր ճանաչելու հիմքով միանգամից  դիմեն դատարան՝ պահանջելով կիրառել հայցի ապահովման միջոց՝ այն է՝ ժամանակավորապես կասեցնել ԱՆ որոշման գործողությունները մինչև դատական ակտի կայացումը։ Այս ընթացքում քայլեր ձեռնարկել՝ ապացուցելու դատարանին, որ նախարարի այս հրամանը պարտադրանքի տեսքով անօրինություն է»։

Մինչդեռ առողջապահության նախարարությունում լիովին հակառակ դիտարկման են։ Այս կարգավորումները բխում են գործատուների շահերից՝ պնդում է ՀՎԿԱԿ փոխտնօրեն Նունե Բակունցը։ Աշխատողի հիվանդանալը վտանգում է հենց գործատուի շահը։ Այս դեպքում գործատուն պետք է շահագրգռված լինի այս փոփոխություններով։

«Այս կարգավորումն ուղղակիորեն բխում է գործատուների շահերից։ Նա ապահովում է ոչ միայն մարդկանց առողջությունը, միաժամանակ՝ նաև ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնող  կաազմակերպության բնականոն աշխատանքը»։

Նոր փոփոխությունների կատարումը վերահսկելու է ԱԱՏՄ-ն։ Վերահսկող կառույցի թեժ գծին մտահոգ եւ թեմայով հետաքրքրված տնտեսվարողների զանգերը շատ են, սակայն թվային ամփոփ պատկեր դեռ չկա։ Տեսչական մարմնի Իրազեկման բաժնի պետ Գայանե Խաչատրյանը «Ռադիոլուրին» ասում է՝ տնտեսվարողներին հետաքրքրում են վերահսկողության մեխանիզմները։

«Տնտեսվարողները հետաքրքրվում են, թե ինչպես է հոկտեմբերի մեկից իրականացվելու վերահսկողությունը, ում վրա են տարածվում բացառությունները, ինչ հաճախականությամբ է կատարվելու հսկողությունը։ Բոլորի հարցերին տեսչական մարմինը տալիս է սպառիչ պատասխաններ»։

Պատվաստումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը։ Քաղաքացուն պատվաստման պարտադրանքը խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված հոգեկան անձեռնմխելիության իրավունքը՝ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն է «Ռադիոլուրին» ասում։ Մայր օրենքի առաջին հոդվածը սահմանում է նաև՝  Հայաստանը սոցիալական պետություն է։

«Եթե մենք իրապես սոցիալական պետություն ենք, ապա աշխատողների վրա  վճարման պարտավորություն դնելը խախտում է սոցիալական պետության  սկզբունքը»։

Իրավաբանը շարունակում է թվարկել քովիդ-թեստավորման կամ պատվաստման պահանջի հակասություններն իրավական ակտերին։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվեցիան հստակ սահմանում է մարդու անձնական կյանքի իրավունքը։ Դրա տակ ՄԻԵԴ-ը նկատի ունի նաեւ սեփական մարմնի նկատմամբ սեփական որոշումների կայացումը։

«Ակնհայտ է, որ ԱՆ նախարարն  այդ հրամանն ընդունելուց բավականաչափ չի ուսումնասիրել օրենսդրական դաշտը, իրավական դաշտը և այդ որոշումը կայացրել է կամայականորեն»։

ՀՎԿԱԿ փոխտնօրեն Նունե Բակունցն իր հերթին է հակադարձում վերը նշված դիտարկումներին և իր հերթին հղում անում Սահմանադրության այն դրույթին, որով սահմանվում է՝ պետք է պաշտպանել  բնակչության առողջությունը։ Խոսք է գնում հանրային առողջապահական շահի մասին։

«Խնդիր չի գնում որևէ մեկին պատժելու մասին։ Խնդիրը գնում է  հետևյալի մասին։ Մենք պետք է ապահովենք վարակի տարածման կանխարգելումն աշխատավայրերում։ Այդ թվում և՛ բնակչության, և՛ աշխատավայրերում։ Դրա համար կարգավորումը մտցված է, և կա ընտրություն՝ կամ մարդը թեստ պետք է հանձնի, կամ պատվաստվում է․ դա իր ընտրությունն է»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական միությունն իրենց հերթին են դժգոհ առողջապահության նախարի, իրենց ձևակերպմամբ, միանձնյա որոշումից։  Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավախորհրդատու Աննա Բարիկյանի խոսքով՝  իրենց, կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով  նորմատիվ  իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ, ինչը, սակայն, չի կատարվել։

«Մենք մտահոգ ենք, որ դա շրջանցվել է, քանի որ աշխատողների համար սա էական նշանակություն  ունեցող նորմատիվ իրավական ակտ է, որը պետք է քննարկվեր սոցիալական գործընկերների հետ, նոր դրվեր հանրային քննարկման կամ ընդունվեր նախարարի կողմից»։

ՏԻՄ–երի աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ ամեն ոք իրավունք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ օգտագործել։

«Իսկ այստեղ պարտադրում են, որ աշխատողն իր գրպանի պարունակությունը ծախսի թեստավորման վրա»։

Աշխատողների իրավունքների հարցերով զբաղվող կառույցները հորդորում են  կասեցնել առողջապահության նախարարի հրամանով նախատեսվող փոփոխությունները, իսկ հիվանդությունը կանխարգելելու մոտեցումները քննարկել եռակողմ հանձնաժողովում։ Մինչդեռ առողջապահության նախարարությունն իր հերթին է վստահեցնում՝ որոշումը հիմնավոր է եւ անհրաժեշտ։ Պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջն ունի իրավական բոլոր հիմքերը՝ հայտարարել էր առողջապահության նախարարը։ Ըստ Ավանեսյանի՝ սա բացառիկ միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ նույնն են կիրառում, Հայաստանն էլ այն սահուն կանցնի։ Այսօր աշխարհում արդեն ավելի քան 5 միլիարդ պատվաստում է իրականացվել։

Քաղաքացիները ստիպված չեն լինի հավելյալ ծախս անել, եթե պատվաստման գնան՝ ասում է նախարարը։ Ի դեպ, հենց այս դրույթն է հանրային մտահոգության հիմք դառնում, որ այս կերպ էլ հենց պարտադրվում է պատվաստումը։

Ցուցադրել ավելի
Back to top button