ԿարևորՏնտեսական

Ճանապարհ փակելն էլ ելք չէր. Արմավիրցի խաղողագործների մթերման խնդիրը չի լուծվել

Այսօր կեսօրին մոտ մեկ ժամով արմավիրցի խաղողագործները փակել էին Երևան-Արմավիր մայրուղու Մեծամոր քաղաքի հատվածը և պատկան կառույցներից ակնկալում են խաղողի մթերման հարցի լուծումը: Նրանց բերքը տարիներ շարունակ մթերվել է Մուլտիգրուպ կոնցեռնի Երևանի կոնյակի, գինու և օղու կոմբինատի Ամասիայի մասնաճյուղում, որն այս տարի դադարեցրել է խաղողի ընդունումը: Գործարանի տնօրենը սա բացատրում է գինու իրացման ծավալների նվազմամբ ու գյուղացիների հետ պայմանագրերի բացակայությամբ։

Արդեն 3 օր խաղողագործները թակում են տեղական իշխանության դռները, բայց հարցին դեռ լուծում չի տրվել, իսկ խաղողը սպասել չի տալիս՝ վազին չորանում է.

«Եթե ես գարնանից իմանայի, որ  իմ խաղողը չեն մթերի՝ քոքից կկտրեի, ուրիշ բան կմշակեի, պոմիդոր կդնեի, պոմիդոր կծախեի: Գարնանից խաղողագործը չարչարվել է, էս տարի էլ 60 աստիճան շոգ է, ջրի պրոբլեմ ունենք: Եթե այգին  կարողանանք գոնե մեկ անգամ էլ ջրենք՝ մի 5 օր էլ խաղողը կպահենք: Առանց ջրի ցամքում է: Եթե էն ժամանակ մարդը հանձնելու էր 15 տոննա խաղող, հիմա կհանձնի՝ 5 տոննա: Էն 10 տոննայի պատասխանն ո՞վ է տալու»:

Խաղողագործները դիմել են նաև Պռոշյանի կոնյակի  գործարանի Արմավիր գյուղի  մասնաճյուղին, բայց բացասական պատասխան ստացել.

«Մենք երեկ էլ, այսօր էլ գնացել ենք Ամասիայի գործարան, բայց ոչ մեկը հստակ պատասխան չի տվել՝ կընդունեն, թե ոչ: Բոլորը մատնացույց են անում Պռոշյանի կոնյակի, գինու գործարան, մարզպետարանի աշխատողները ամպագոռգոռ հայտարարություններ են անում՝ անսհմանափակ խաղող մթերելու մասին, բայց գնում ենք Պռոշյանի գործարան ասում են՝  գնացեք, երբ պայմանագիր կնքելու լինենք, կգաք, պայմանագիր կկապեք»:

Երևանի կոնյակի, գինու և օղու կոմբինատի գործադիր տնօրեն Արման Դավթյանը պարզաբանում է՝ իրենք խաղողագործների հետ այս տարի պայմանագրեր չեն կնքել և որևէ պարտավորություն չունեն նրանց նկատմամբ: Պայմանագրեր կնքվել են միայն անցյալ տարի, իսկ մինչ այդ աշխատել են բանավոր պայմանավորվածությամբ: Ամասիայի մասնաճյուղում էլ այս տարի խաղող չի մթերվել, քանի որ դատարկ տարաներ չունեն.

«Տեղ չունենք, համավարակի պատճառով իրացման ծավալները կտրուկ նվազել են, շուրջ 3 անգամ իրացումը պակասել է և  սպիրտի տարաները լցվել են, տեղ չունենք մթերելու: Խնդիրը փորձում էինք լուծել գարնանը. Ապրիլից ուզում էինք Մասիսում  նոր արտադրամաս կառուցել, բայց տարբեր գերատեսչություններում շինարաության թույլտվության ձգձգումների հետ կապված՝ չհասցրեցինք շինարարությունն ավարտել՝ դրա համար տեղ չունենք մթերելու»:

Խաղողագործներն այսօր ստիպված էին ճանապարհը փակել, թեպետ գիտակցում են, որ այլոց տեղաշարժը սահմանափակելն էլ խնդրի լուծում չէ: Ցուցարարներին մոտեցել են Արմավիրի փոխմարզպետերը և խնդրի լուծման նոր տարբերակներ առաջարկել: Փոխմարզպետ Արգիշտի Մեխակյան.

«Կառավարությունից առաջարկություն է արվել, որպեսզի խաղողագործների անհատական տվյալները հավաքագրվեն և ուղարկվեն իրենց՝ ըստ խաղողի տեսակների և քանակի: Ուղարկենք իրենց, որպեսզի վերամշակողների հետ քննարկեն և մթերեն: Տվյալները խաղողագործները ներկայացնելու են համայնքների ղեկավարներին»:

Գյուղացիներն այս անգամ էլ են թերահավատ խնդրի լուծման հարցում, բայց բացել են ճանապարհը.

«Ասացին՝ գնացեք անուն, ազգանուն գրեք, խաղողի քանակը գրեք, տվեք գյուղապետին, որ  մարզպետարան ներկայացնի: Մինչև գրեն, տանեն ներկայացնեն կդառնա 10 օր, մի ամիս:  10 օր հետո էլ խաղողը կփչանա ու կթափենեք»:

Այս գարնանը գործարար Ծառուկյանին պատկանող գործարանի տնօրինությունն արմավիրցի խաղողագործներին հատկացրել է բուժանյութեր ու պարարտանյութ, որոնց դիմաց սովորաբար գումարը գանձվում է մթերման ժամանակ: Այս տարի ինչպե՞ս են այդ գումարը վճարելու՝  դա էլ է մտահոգում գյուղացիներին։  Գործարանի տնօրեն Արման Դավթյանն ասաց՝ իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել: Գյուղացիներին մտահոգող հարցն այլ ֆինանսական կողմեր էլ ունի՝  բանկերից վարկեր ունեն, որոնց մարելու հույսը խաղողի բերքն է։

 «Բանկը երեկ մեր գյուղում տուն է փակել ու պլոմբել: Մարդը չի կարողացել բանկի պարտքը տա, բանկը տունը վերցրել է: Հիմա այսքան խաղողագործները լրիվ վարկի տակ են: Է՜, բոլորիս տները թող գան պլոմբեն, տանք իրենց, թողենք, գնանք: Հայաստանում մարդկանց 99 տոկոսը վարկ ունի»:

Մարզի պատասխանատուները խոստացել ու խոստանում են բանակցել տնտեսվարողների հետ։ Գյուղացիներն ասում են՝ սպասելու ժամանակ չունեն.բերքը ձեռքից գնում է, դրա դիմաց ակնկալվող գումարն էլ՝ հետը։

Ցուցադրել ավելի
Back to top button