ԿարևորՔաղաքական

Հայաստանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի բարձրագույն դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանի Հանրապետությունն այսօր հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության՝ մեղադրելով վերջինիս Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ:

Հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասսայական խտրականության է ենթարկել», և որ «հայատյացության այս պետական քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»:

Հայաստանը նշում է, որ այդ խախտումներն ուղղված են հայկական ծագում ունեցող անձանց դեմ՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից: Հայաստանը պնդում է, որ այս գործելակերպը մեկ անգամ ևս ցայտուն կերպով դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել հիշյալ կոնվենցիայի կոպիտ խախտումներ»:

Հայաստանը նաև պնդում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո Ադրբեջանը շարունակել է սպանել, խոշտանգել և այլ բռնությունների ենթարկել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց:

Նշվում է նաև, որ հայկական կողմի բոլոր ջանքերը՝ վերջ դնելու Կոնվենցիայի խախտումներին արդյունք չեն տվել:

Հայաստանը կոչ է արել դատարանին «որպես ծայրահեղ անհրաժեշտություն» միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝  պաշտպանելու Հայաստանի և հայերի իրավունքները:

Ցուցադրել ավելի
Back to top button