ԿարևորՔաղաքական

Արցախի կարգավիճակը՝ ԵԱՀԿ ՄԽ օրակարգի հստակ հարց․ ԱՄՆ դեսպանը համապարփակ կարգավորման կարիք է տեսնում

ԱՄՆ դեսպանն այսօր կրկին խոսել է Արցախի կարգավիճակի մասին՝ շեշտելով ՄԽ-ի համանախագահության շրջանակներում գործընթացի ակտիվացման կարիքը։ Բաքվում այս թեման մի քանի օր առաջ ջղաձգում էր առաջացրել։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել էր Ալիևի հայտարարությունը, թե իբր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի։ Ինչո՞ւ է նորից ԱՄՆ դեսպանն ընդգծում Արցախի կարգավիճակի հարցն ու խոսում Գորիս-Կապան ճանապարհի մասին։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, այսօր կրկին, այս անգամ ավելի բաց տեքստով հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում։  «Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- ասել է ԱՄՆ դեսպանը։ Դիվանագետը հատուկ անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի վրա Ադրբեջանի ոստիկանության ապօրինի գործողություններին ու նշել․ «Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերի՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»։ Սա ԱՄՆ դեսպանի՝ նման ձևակերպմամբ արդեն երկրորդ հայտարարությունն է վերջին առնվազն 6 օրվա ընթացքում։

Նախորդ շաբաթ Թրեյսին ընդգծել էր, որ 30 տարվա պատերազմի ու լարվածության մթնոլորտը մեկ գիշերում չի կարող հանգուցալուծվել։ ԱՄՆ դեսպանը խոսել էր Արցախի կարգավիճակի մասին ու շեշտել գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում շարունակելու կարևորությունը, ինչին ի պատասխան չէր ուշացել Բաքվի արձագանքը։  

Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան անթույլատրելի էր համարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Կրկնել էր Ալիևի բազմիցս հնչեցրած հայտարարությունը, թե իբր հակամարտությունն անցյալում է, և «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: Աբդուլաևան ասել էր, թե Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները, և թե այդ տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մաս են։ «Որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»․ Բաքվի այս արձագանքին փաստացի այսօր հաջորդեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ավելի հստակ եւ դիպուկ հայտարարությունը՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, և Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողը փաստացի իրենց մտահոգող հարցերի շրջանակում է։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը դեսպանի այս հայտարարությունը ուղղակիորեն դիտարկում է որպես ՄԽ ակտիվացման նշան։   

«Սա նշանակում է, որ ՄԽ-ն փորձում է վերակենդանացնել իր գործունեությունը։ Այնտեղ համարում  են, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի որ կարգավիճակի հարցը լուծված չէ, և հայակական կողմը պետք է առիթից օգտվի ու քաղաքական կարգավիճակ ապահովի Արցախի համար, քանի որ, գիտենք, որ Բաքուն խոսում է ինչ-որ մշակութային ինքնավարության մասին»։

Ի դեպ, ՄԽ-ի գործընթացի ակտիվացման մասին խոսել էր նաև միջնորդ երկրներից Ֆրանսիան․ Հայաստանում այդ երկրի  դեսպան Ջոնաթան Լաքոթը շեշտել է, որ այս մանդատն այլընտրանք չունի։ Մոսկվան այս հարցում ավելի զգուշավոր է կարծես։ Քաղաքագետի կարծիքով՝ չի բացառվում, որ մեր տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ականատես լինենք։

Բաքուն դիմադրելու է, ՌԴ-ն դիմադրելու է ՄԽ-ի ներկայությանը տարածաշրջանում, քանի որ համարում են, թե 44-օրյա պատերազմից հետո հարցն իրենց տիրույթում է։ Այնպես որ մենք այստեղ ՌԴ-Արևմուտք դիմակայություն ենք տեսնելու։

Վաշինգտոնը, սակայն, կարծես որոշակիորեն տարբերվող մոտեցում է ցուցաբերում՝ դա ի ցույց դնելով նաև Գորիս-Կապան ճանապարհի հարցում։ Նրանց ձեռնտու չէ Իրան-Հայաստան ամուր կապը, քանի որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ը  վերապահումներ ունի՝ վերլուծելով միջպետական կարևորագույն նշանակության ճանապարհին տիրող իրավիճակի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը՝ կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«ԱՄՆ-ին շատ ավելի շատ հետաքրքրում է Իրանի մեկուսացումը, մեծ հաշվով՝ ԱՄՆ վերապահումներ ուներ այն հարցում, որ Հայաստան-Իրան տնտեսական կապեր կան։  ՀՀ-ն էլ  ասում էր՝ խնդրեմ, աջակցեք, որ հայ-թուրքական սահմանը բացվի, հետո վերապահումներ հայտնեք։ Հիմա մեծ փաթեթում ապաշրջափակման կետ կա։ Այնպես որ այս հարցը բազմաշերտ է»։

Արցախյան հիմնախնդիրն այսօր օրակարգային հարց էր նաև Դուշանբեում․ ՀԱՊԿ նիստի ընթացքում  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ խնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը։ Գրիգորյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ գործընթացի վերսկսումը։ Չի շրջանցվել հայ գերիների վերադարձի հարցը,  բացի դա՝ Արմեն Գրիգորյանը, մատնացույց անելով մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժումը, ներկաներին տեղեկացրել է, որ Ադրբեջանն ակնհայտ սադրիչ քաղաքականություն է վարում։ Նա դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ասել, որ  ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումն այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ պետք է տարանջատել Արցախի հարցը սահմանազատման ու սահմանագծման հարցերից։ Հակառակ դեպքում՝ իրավիճակը խիստ վտանգավոր է դառնում։

«Քանի որ Ադրբեջանն էր պնդում, թե Արցախի հարցը ՀՀ-ի տարածքային հավակնությունների շրջանակում է»։

Աշխարհաքաղաքական բոլոր դասավորումներն այս շրջանում փաստացի առավել հստակ են փաստում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև ենթակա է հրատապ կարգավորման։ Ըստ քաղաքագետների՝ հենց սա է ԵԱՀԿ ՄԽ դիվանագետների, մասնավորապես ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունների հիմնական ասելիքը՝ ի հեճուկս պաշտոնական Բաքվի կեղծ խաղաղասիրական թեզերի։ Ավելին՝ թշնամին հստակ հայտարարում է պատերազմի երկրորդ փուլի ռիսկի մասին՝ շեշտում են քաղաքագետները։

Ցուցադրել ավելի
Back to top button