Սփյուռքի ձայնը

«Ի գործ»-ի մասնակիցներից շատերը մնում են Հայաստանում․ «Սփյուռքի ձայնը»

«Ի գործ» ծրագրով Հայաստան եկած մասնագետների 60 տոկոսը որոշել է մնալ Հայաստանում։ Ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը հպարտությամբ է նշում` սպասելիքներն արդարացել են, ծրագիրը ծառայել իր նպատակին։ «Այն բոլոր կետերը, որոնք նախանշված էին ծրագրի մեկնարկից առաջ՝ իրականացել են։ Սփյուռքահայ մասնագետները սիրով են գալիս Հայաստան, աշխատում պետական կառույցներում, ամենակարևորը՝ որոշում հաստատվել հայրենիքում»,- նշում է։

Լիանա Սիմոնյան

2020 թ-ի մասնակից, ՌԴ-ից Անի Իսպիրյանը մեկ տարի աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումների վարչությունում։ Ինչպես է իրեն զգացել երիտասարդ մասնագետը հայկական գերատսչությունում՝ հարցնում եմ։ «Բարդ հարց է,- պատասխանում է, մի պահ ընդմիջում տալիս ու շարունակում,- որովհետև ունեցել ենք և դժվար օրեր, ունեցել ենք և հաղթանակներ։ Միասին մշակել ենք ներդրումների արդյունավետությունն ավելացնող ծրագիր, որը, կարծում եմ, առաջիկայում կսկսի ճիշտ աշխատել»։

Անի Իսպիրյան

Նա նաև ավելացնում է, որ այդ դժվարությունները եղել են ոչ միայն աշխատանքում, այլև՝ միջանձնային հարաբերություններում։ «Մենք ունենք տարբեր հայացքներ, հարցերի լուծման՝ տարբեր մոտեցումներ և այլն։ Սրանք, իհարկե, կարող են բանավեճի, միմյանց չհասկանալու պատճառ դառնալ»։

2021 թ.-ի մասնակից Ժորժ Արպաճյանը Լիբանանից է։ Կրթություն է ստացել իրավաբանության ոլորտում։ Ժորժն աշխատելու է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ «Հատկապես պատերազմից հետո մեր համախմբումն ու մասնագետների օգնությունն առաջնահերթություն է։ Յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է գա Հայաստան՝ իր գիտելիքներն ու հմտությունները այստեղ օգտագործելու համար»,- ասում է։

Ժորժ Արպաճյան

Խոստովանում է, որ 44-օրյա պատերազմից հետո առիթներ էր փնտրում Հայաստան գալու համար։ «Ի գործը» լավագուն առիթն էր։ «Պետություն, որն ունի երկու փակ սահման, չունի ծով, չի կարող զարգանալ։ Բայց դա անել մի պետության պարագայում, որը պատմական հարցը անպատասխան և անլուծելի է թողել, խոսքը ՝ Թուրքիայի մասին է, սխալ է։ Մենք պետք է լինենք ավելի խելացի, ճկուն և բանիմաց`նման իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնելու համար»,- ավելացնում է։ Մանրամասները հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button