Սփյուռքի ձայնը

Ֆրանսահայերի սիրո պատմությունը Հայաստանում․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստան տեղափոխվող սփյուռքահայերը չպետք է մտածեն դժվարությունների մասին, մի քիչ բարկացած ասում է դերասան, բեմադրիչ և պարող Սիփան Մուրադյանը։ Բայց բարկությունն իսկույն անցնում է, երբ պատմում է, թե ինչպես հայրենիքում հանդիպեց Նրան։

Սիփանը Նելիին հանդիպեց հայրենիքում, նրանց սերը ծնվեց հայրենիքում։ Նելի Պոլյակովն ու Սիփան Մուրադյանը Ֆրանսիայից են, բայց Հայաստանում որոշեցին ընտանիք կազմել։

Նելին մի քանի տարի առաջ էր որոշել տեղափոխվել Հայաստան, իսկ Սիփանը արցախյան 44-օրյա պատերազմի օրերին իր երեք ընկերների հետ աշխատում էր արտասահմանցի լրագրողների հետ, օգնում թարգմանության հարցում։

«44-օրյա պատերազմի օրերին լսեցի սփյուռքահայերի մասին, որոնք եկել էին Հայաստան՝ սահմանին աշխատանքներ տանելու համար։ Իմացա նաև, որ Ֆրանսիայից էլ կային։ Զանգահարեցի մայրիկիս և ասացի․ ինչպես է, որ Ֆրանսիայում չեմ շփվել հետաքրքիր հայերի հետ, որոնք և հայրենասեր են, և խելացի»,- պատմում է Նելին։

Նրա մայրն է ծնվել Երևանում, ազգությամբ ռուս հայրը ծնվել է Թբիլիսիում։ Նելին Պոլյակովը մի քանի տարի առաջ է տեղափոխվել Հայաստան։ Ասում է, որ իրեն այնքան էլ լավ չէր զգում Ֆրանսիայում, սառնություն կար, ինչ որ բանի պակաս։

«Մի օր որոշեցի և ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ գնալ Հայաստան, որտեղ լինելու ժամանակ ջերմություն էի զգացել»։

Թեև աշխատում էր Ֆրանսիայի կրթության նախարարությունում, աշխատանք ուներ, հիմնականում ֆրանսիացիներից կազմված շրջապատ, «սակայն որոշումն անփոփոխ էր և անբեկանելի էր»- ասում է Նելին։

Սիփանի ծնողները Սիրիայից են, տարիներ առաջ են տեղափոխվել Ֆրանսիա։ Արֆորվիլ քաղաքում հաստատված սիրիահայերի երեխաները այնտեղ հաճախել են հայկական դպրոց, տանն էլ մշտապես լսել հայրենիքի ու նրա մշակույթի մասին։

«Երբ պատերազմը սկսվեց, առանց մի վայրկյան մտածելու եկա Հայաստան։ Ինձ նման մտածողներ և գործողներ շատ կային։ Սակայն թե այն ժամանակ, թե այսօր էլ կան նաև հակառակ՝ անտարբեր ու միայն իրենց գրպանի մասին մտածող հայ երիտասարդներ»,- ասում է Սիփանը։

Միայն արձակուրդներին՝ որպես զբոսաշրջիկ գալը հայրենիք՝ տարին մեկ–երկու անգամ՝ քիչ է և որևէ բան չի փոխի, ասում է Սիփանը։

Նելին Հայաստանում աշխատում է «Դեպի Հայք» կազմակերպությունում, մարքեթինգի գծով ղեկավար է։ Նա շատ է շփվում Հայաստան եկած սփյուռքահայ կամավորների հետ։ Առաջին խորհուրդն է՝ շատ շփվել տեղացիների հետ, Երևանից դուրս գալ։

«Պետք է ասեմ, որ հայաստանցիներից շատերը կոպիտ են։ Ինձ դա շատ է վիրավորում, սակայն հիասթափվելու պատճառ չէ։ Սա մեր հայրենիքն է, ես ինձ այստեղ լավ եմ զգում և չեմ պատրաստվում հեռանալ»,- ասում է Նելին։ Սիփանի և Նելիի հետաքրքիր ծանոթության և հայրենասիրության դրսևորումների մասին մանրամասներ լսեք հաղորդման ընթացքում։

Back to top button