ԿարևորՀասարակություն

Նվիրած ձիու ատամները չեն հաշվում․ վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն

Քաղաքապետարանի տվյալներով՝ Երևանում 4-րդ աստիճանի վթարայնության քանդման ենթակա 8 շենք կա: Շուրջ 100-ն էլ 3-րդ կարգի վթարայնության են:  Դրանց հիմնական  մասը Արցախի, Վարդաշենի,Կողբացու, Շիրակի, Արզումանյանի, Ֆուչիկի հասցեներում են։  Վթարային  շենքերում ապրող  բնակիչներին վերաբնակեցնելու համար անհրաժեշտ է 340 բնակարան։ Քաղաքային իշխանությունը կարծում  է, որ հարցը պետք է լուծվի համայնքի ու մասանավորի  համագործակցությամբ։ 

Արցախի, Վարդաշենի,Կողբացու, Շիրակի, Արզումանյանի, Ֆուչիկի հասցեներում 4-րդ կարգի վթարայնության  բազմաբնակարան  շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն։ Որոշումը քաղաքապետարանն ունի, լուծումները դեռ քննարկման փուլում են։ 

Քաղաքային իշխանությունը մասամբ իրականացրել է Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցումը, սակայն առկա բնակարանային ֆոնդը թույլ  չի տալիս ավարտին հասցնել  ամբողջ գործընթացը․ վթարայինների բոլոր  բնակիչներին վերաբնակեցնելու համար պահանջվում է 340 բնակարան։

Միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառակուսի մետր մակերեսով բնակելի ֆոնդ՝ ավագանու նիստին ասաց փոխքաղաքապետ  Սերգեյ Ներսիսյանը։ Այս հասցեից վերաբնակեցման ծրագրում հաշվառված է 64 ընտանիք։

«Ծրագրի չիրականացումը կարող է կախված լինել միայն բնակիչներից,  որովհետև մենք բնակարանները տալու ենք օրենքի տառին համապատասխան։ Կխնդրեմ բնակիչներն այդ հանգամանքը հաշվի առնել, այլ ոչ թե, ինչպես ասում են, նվիրած ձիու ատամները հաշվեն»։

ԲՀԿ խմբակցությունից Արմեն Ներսիսյանը հանդիպել և զրուցել է բնակիչների հետ։ Կարծում է, որ վիճակն այնքան օրհասական է, որ պետք է վայրկյան առաջ այդ խնդիրը լուծել։ Առաջարկում է վարկ վերցնել և միանգամից լուծել վթարային նշված հասցեների բոլոր բնակիչների վերաբնակեցման խնդիրը։

«Չորս հատ շենք որ կառուցենք 16 հարկանի, այդ 12 շենքերի բնակիչների խնդիրը կլուծենք։ Իրականում այլևս հնարավոր չէ այդտեղ ապրել։ Եկեք աջակցենք, գումարներ հայթայթենք, վարկ վերցնենք, այդ բոլոր բնակիչներին վերաբնակեցնենք»։

Քաղաքապետարանն արդեն իսկ գործող վարկ ունի և նորը չի կարող վերցնել՝ շտապեց հիասթափեցնել փոխքաղաքապետը։ Այն տրամադրել է Եվրամիությունը մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Ինչ վերաբերում է վթարային շենքերի ճակատագրին, բնակիչների վերաբնակեցումից հետո դրանք քանդվելու են՝ ասաց։

«Քանդումից հետո տվյալ տարածքը դիտարկվելու է որպես աճուրդային միավոր ու դրվելու է սակարկության։  Այդ տարածքը նախնական գնահատականներով ավելի շատ արտադրական տարածք է»։

ԲՀԿ խմբակցությունից Մարկոս Հարությունյանը հիշեցրեց, որ Ջուղայի 5 հասցեում ևս 4-րդ կարգի վթարային շենք կա, որի բնակիչները տարիներ առաջ բնակարան են ստացել, բայց ոչ միայն վթարային շենքը դրանից հետո չի քանդվել, այլև նոր բնակիչներ են այդ շենքում հաստատվել։

«Հետագայում այդ նոր բնակիչներն էլ են բնակարան ստացել,  նորից շենքը չի քանդվել, հիմա այնտեղ նոր բնակիչներ կան, որոնք ևս Երևան քաղաքից բնակարաններ են պահանջում։ Մենք հանդիպել, մեր դիրքորոշումը հայտնել ենք նրանց,  որ դա անթույլատրելի է։ Եթե այդ մոտեցումը ցուցաբերենք, ուրեմն Երևան քաղաքում ապրող բոլոր անտուն մարդկանց պետք է Երևան քաղաքի բյուջեի հաշվին տուն հատկացնենք, ինչն անթույլատրելի է»։

Ավագանու անդամ Լևոն Զաքարյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսված գումարը կբավարարի կենցաղային պայմաններով բնակարաններ ձեռք բերելուն՝ հաշվի առնելով անշարժ գույքի աճող գները։ Քաղաքապետի տեղակալը պարզաբանեց՝ բնակարանները ձեռք են բերվելու պետգնումներով։ Կառուցապատողից ակնկալվում են վերանորոգված, մինիմալ կահավորմամբ բնակարաններ։ Մեկ քառակուսի մետրի դիմաց հատկացվելու է 250 000 դրամ։  Փոխքաղաքապետը հուսով է, որ անգամ գների բարձրացման դեպքում կառուցապատողը հաշվի կառնի, որ ծրագիրը բարեգործական է և լրացուցիչ ֆինանսական խնդիրներ չի առաջացնի։ 

Back to top button